«Եթե 2012թ. Վրաստանում ժողովրդավարություն գրանցվեց, ապա 2016թ., ամենայն հավանականությամբ, նման բան տեղի չի ունենա». Գելա Վասաձե

168.am-ի զրուցակիցն է վրաստանցի քաղաքական վերլուծաբան, փորձագետ Գելա Վասաձեն

Պարոն Վասաձե, հաշված օրեր են մնացել Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Ինչպե՞ս է եզրափակվում նախընտրական արշավը։ Ինչպե՞ս եք գնահատում այս փուլը։ Ի՞նչ արդյունքներ է այն խոստանում։

– Ընդհանուր առմամբ, նախընտրական արշավն անցավ բավականին հանգիստ մթնոլորտում, թեև իշխանություններն այս ողջ ընթացքում ժամանակ առ ժամանակ փորձեցին լարել իրավիճակը, տպավորություն ստեղծել, թե ընդդիմությունը հեղաշրջում է նախապատրաստում։ Ի դեպ, դա բավականին անհետաքրքիր և ծիծաղելի էր թվում, քանի որ հեղաշրջման փորձ էին որակվում բոլոր հնարավոր ակցիաներն ու հանրահավաքներն ընտրախախտումների դեմ։ Բայց հենց երեկ չէ առաջին օրը Վրաստանում տեղի ունեցավ մի բան, որը երևի թե Շևարդնաձեի նախագահությունից սկսած՝ երբեք տեղի չէր ունեցել՝ պայթեցվեց ընդդիմադիր  «Ազգային շարժում» խմբակցության պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենան։ Ասեմ այսպես, որ այնքան ուժեղ պայթյուն էր եղել, որ պատգամավորը հրաշքով չէր տուժել, նա կոնտուզիա էր ստացել, բայց մարդիկ էին տուժել, անցորդներ, որոնցից մեկը դեռևս բավականին ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում է։

Ի՞նչ սպասել այս ընտրություններից։ Կարծում եմ, ցավոք սրտի, չափազանց բարձր է հավանականությունը, որ իշխանությունը կփորձի լուծել ընտրությունները մեկ փուլով, թեև միջազգային դիտորդական և տեղական կազմակերպությունների դիտարկումների համաձայն՝ մի շարք մեծամասնական ընտրատարածքներում հաղթողին պարզելու համար կպահանջվի երկրորդ փուլ։ Ցավոք սրտի, պետք է ակնկալել նաև ընտրախախտումներ ու կեղծիքներ։ Այլ հարց է, թե որքան արդյունավետ կլինեն միջազգային դիտորդների և ոչ կառավարական կազմակերպությունների քայլերը։ Վրաստանի քաղաքացիական հասարակությունը բավականին մոբիլիզացված է։ Ինչ վերաբերում է ընդհանրապես հասարակությանն ու ժողովրդին, ապա կա որոշակի շփոթվածություն, քանի որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում իշխանությունները սկսեցին լարել մթնոլորտը։ Ինչո՞ւ են նրանք խուճապի մեջ հայտնվել, դեռ հասկանալի չէ լիովին, քանի որ մինչ այդ ամեն բան բնականոն ընթացքի մեջ էր։

Եթե մի կողմ թողնենք ընտրախախտումների հնարավորությունը, ապա ո՞ր կուսակցությունները մեծամասնություն ստանալու և ընդհանրապես խորհրդարանում հայտնվելու հնարավորություն կունենան։

– Եկեք այսպես պայմանավորվենք, ընտրախախտումներ անպայմանորեն լինելու են, բայց հարց է, թե ինչ մասշտաբներով։ Ընտրախախտումների մինչև 5 %-ը հասարակությունը պատրաստ է ներել իշխանությանը, իսկ 5-ից ավելին լուրջ, լայնածավալ բողոքի ակցիաներ կառաջացնի։ Ինչ վերաբերում է՝ որ կուսակցությունները կանցնեն՝ իհա՛րկե կանցնի «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, կանցնի գլխավոր ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցությունը, երրորդ ուժը, որը կանցնի, ընդդիմադիր Պաատա Բուրչուլաձեի բլոկն է, որը բավականին լուրջ հնարավորություն ունի՝ մի շարք հարցումների ու միջազգային կազմակերպությունների համաձայն, բայց այս բլոկի դեմ լուրջ PR արշավ են սկսել, ուստի կարելի է ենթադրել, որ բլոկը կստանա ակնկալվողից ցածր արդյունք։ Բայց, իհարկե, կարծում եմ, որ կանցնի խորհրդարան։ Մնացած կուսակցությունները, ինչպիսին «Հայրենասերների ալյանսն» է, ազգայնական միավորում է, որը պատասխանատու է քսենոֆոբիայի համար, կամ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որը ղեկավարվում է Իրակլի Ալասանիայի կողմից, սահմանին են գտնվում, և, թե արդյո՞ք նրանք կանցնեն խորհրդարան, ցույց կտան ընտրությունները։

Ինչո՞վ եք բացատրում իշխանությունների խուճապը։

– Սա ավելի գլոբալ խնդիր է։ Ես դա բացատրում եմ մեր դեմոկրատական ինստիտուտների չկայացածությամբ։ Յուրաքանչյուր կայացած դեմոկրատական երկրում ընտրությունները տոն են, այսինքն՝ հասարակության կամարտահայտությունը, երբ քաղաքական գործիչը հեռանում է իշխանությունից, նա չի ավարտում իր կարիերան՝ որպես քաղաքական գործիչ։ Այսինքն՝ նա դառնում է ընդդիմություն, որից հետո կարող է կրկին վերադառնալ իշխանության շարքերը։ Նման ավանդույթ մեր երկրում դեռ չի ձևավորվել, և իշխանություններն իրենց համար սպառնալիք են տեսնում իշխանության կորստի դեպքում՝ ազատության սահմանափակումների, ռեպրեսիաների հնարավորությամբ։ Վերջին ընտրությունների՝ 2012թ. ընթացքում «Ազգային շարժումը» հանգիստ կերպով պարտվեց՝ ընտրությունների ընթացքում իշխանությունը զիջելով «Վրացական երազանքին»։ Ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո։ Այսօր «Ազգային շարժման» երեք լիդերները՝ Բաչո Ախալայան՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը, Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան, Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին բանտում են, իսկ մյուս երկու առաջնորդները՝ Միխայիլ Սահակաշվիլին և Զուրաբ Ադեիշվիլին, վտարված են երկրից։ Բնականաբար, ներկայիս իշխանություններն իրենց վրա զգում են նույն սցենարի սպառնալիքը։ Վախենում են պարտվել ընտրություններում, չնայած նրան, որ ընդդիմությունը հայտարարել է, որ պետք է վերջ տալ քաղաքական օպոնենտների քաղաքական հաշվեհարդարներին։ Եթե մենք ցանկանում ենք նորմալ երկիր դառնալ, ապա իշխանության կորուստը չպետք է ավտոմատ կերպով նշանակի՝ ճնշումներ, ռեպրեսիաներ։ Քաղաքական գործիչները պետք է իրար փոխարինեն, սա է ժողովրդավարության էությունը։ Ցավոք սրտի, նման ինստիտուտ մենք դեռ չունենք։ Եթե 2012թ. ժողովրդավարություն գրանցվեց Վրաստանում, ապա 2016թ. հնարավոր է և՝ չլինի։

Հասարակական տրամադրություններն ինչպիսի՞ն են։ Այսինքն՝ կա՞ ցանկություն՝ փոխել ներկայիս իշխանությանը։

– Բացարձակապես անկեղծ կարելի է ասել, որ իշխանությունից դժգոհ է հասարակության ճնշող մեծամասնությունը, ու դա փաստ է։ Այլ հարց է, թե որքան և ում նախապատվությունը կտա հասարակությունը, հենց դրա համար էլ անցկացվում են ընտրությունները։

Եթե լինեն ընտրախախտումներ, ապա իրական պատկերը պարզ չի լինի։

– Եթե լինեն ընտրախախտումներ, դա շատ վատ հետևանքներ կունենա հենց իշխանության համար, քանի որ ղեկավարել այնպիսի երկիր, ինչպիսին Վրաստանն է, լեգիտիմության ցածր աստիճանով, ծայրաստիճան բարդ է, իսկ այս իշխանությունները չեն առանձնանում լուրջ կառավարման տաղանդով։ Սա երկրի համար չափազանց բացասական կլինի, ԵՄ-ի հետ ինտեգրացիոն կուրսի, ՆԱՏՕ-ի ինտեգրացիոն կուրսի համար, քանի որ և՛ այնտեղ, և՛ այնտեղ կարող են հայտնվել միայն քաղաքակիրթ, ժողովրդավարական երկրները։ Երկրները, որտեղ ընտրությունների արդյունքները կեղծվում են, որտեղ քաղաքական գործիչների նկատմամբ ռեպրեսիաներ են կիրառվում, և՛ ՆԱՏՕ-ում, և՛ ԵՄ-ում անելիք ու տեղ չունեն։

Տեսանյութեր

Լրահոս