«Մենք հոնքը շտկելու փոխարեն՝ աչքն էլ հանեցինք». Գագիկ Ջհանգիրյան
«Ծանոթացել եմ նախագծին, հիմնավորումներին, և լավ է, որ հասարակական կազմակերպությունների հետ կապված բազմաթիվ մտահոգություններ այս նախագիծը հանում է»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։
Նա նախագծի հիմնական զեկուցող, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե, ի վերջո, մեր երկրում ո՞րն է այն մարմինը, որ մաքուր, հանրային շահերով պետք է դատարան հայց հարուցի։
«Դուք հիշում եք, եթե չեմ սխալվում, 2014 թվականին մենք վարչական վարույթում, քաղդատ վարույթում փոփոխություններ էինք իրականացնում, ես էլ կողմ էի, որ հասարակական կազմակերպություններին մենք այդպիսի լիազորություն չտանք՝ մտածելով, որ մենք սահմանադրական փոփոխություն ենք իրականացնում, և Դատախազության պետական շահի հարուցման լիազորությունը, ի վերջո, կձևակերպվի՝ հանրային շահի պաշտպանության նպատակով հայցի հարուցում դատարան, որը բնորոշ է արևելյան Եվրոպայի, Մերձբալթյան երկրների շատ դատախազություններին։ Հիմա մենք հոնքը շտկելու փոխարեն՝ աչքն էլ հանեցինք, Դատախազության այդ լիազորությունը ոչ միայն թողեցինք նույնը, այլև ավելի նեղացրեցինք։ Այսինքն՝ հանրային շահի պաշտպանության հայցով մեր երկրում որևէ պետական մարմին պե՞տք է դատարան այդպիսի հայց հարուցելու իրավունք ունենա , թե՞ ոչ»,- դիմելով նախարարին՝ հարցրեց Գ. Ջհանգիրյանը։
Ա. Հովհաննիսյանը նախ՝ նկատեց, որ պատգամավորը բարդագույն հարցերից մեկն է բարձրացնում։ Նրա կարծիքով՝ այդ լիազորությունը պետք է իր հետագա զարգացումը ստանա հասարակական կազմակերպությունների լիազորությունների կամ քայլ առ քայլ առաջ գնալու իրավունքի իրացման մեջ։
«Կարծում եմ՝ միանգամից որևէ մի երկիր սրան չի գնացել, և հասարակական կազմակերպություններին իրենց շահառուների իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու իրավունք չի վերապահվել։ Որևէ պետական մարմնին ընձեռելու հետ կապված՝ մտածելու հարց է, արդյոք պետական մարմինները հանրային շահի պաշտպանության տեսանկյունից ամբողջությամբ կարո՞ղ են այդ գործառույթն իրենց վրա վերցնել ու պատշաճ իրականացնել։ Մաքուր ծավալով, բացարձակ ամբողջական, չեմ կարծում, որ որևէ պետական մարմնի պետք է այդ լիազորությունը ընձեռել։ Դեռ վերջնական դիրքորոշումս ձևավորված չէ այս կապակցությամբ»,- նշեց նախարարը։
Գ. Ջհանգիրյանի խոսքով՝ հանրային շահը մեզ մոտ անտեսված է, «Բոլոր այգիները դարձրած են սրճարաններ, բոլոր կանաչ գոտիներն ավերվում են, հանրային շահի պաշտպանության դիրքերից ոչ մեկը հանդես չի գալիս»։