«Սիրիական քաոսը կարող է տարածվել հարակից տարածաշրջանների վրա». Չենգիզ Աքթար
«Սիրիայում և Սիրիայի շուրջ կարող է քաոս հասունանալ»,- մեզ հետ զրույցում ասաց Ստամբուլի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Չենգիզ Աքթարը` անդրադառնալով Սիրիայում ՌԴ-ԱՄՆ համագործակցության կասեցմանը։
Հ իշեցնենք, որ օրերս ԱՄՆ Պետդեպի մամլո ծառայության ղեկավար Ջոն Քիրբին հայտարարեց, որ ԱՄՆ-ը դադարեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը, որն ուղղված էր Սիրիայում զինադադարի պահպանմանը։
Չենգիզ Աքթարն ասաց, որ Ռուսաստանի ինքնագործունեությունը և որոշ խմբավորումների անկառավարելի գործունեությունը Սիրիայում հանգեցրեց այս համագործակցության տապալմանը։
«Ասելը, թե այս համագործակցությունը փրկօղակ էր սիրիական հակամարտության համար, սխալ կլինի, քանի որ պարբերաբար պարզապես մեղմվել են ռազմական գործողությունները Սիրիայում, և լուրջ բախումներ, նոր առաջընթացներ չեն ձեռնարկվել։ Համագործակցության կասեցումը լուրջ մարտահրավեր է դառնալու սիրիական հակամարտության պատմության ընթացքում, քանի որ Սիրիայում իրավիճակը կարող է վերածվել քաոսի, քանի որ խորանում են Ռուսաստան-ԱՄՆ հակասությունները։ Իր հերթին` Թուրքիան է ներխուժել Սիրիա` փորձելով մի քանի խնդիր լուծել, սա հակասում է և՛ ԱՄՆ-ին, և՛ Ռուսաստանին։ Նման իրավիճակում շատ դժվար է բանակցել ու պայմանավորվել ինչ-ինչ հարցերի շուրջ, քանի որ ներգրավված բոլոր կողմերն իրենց շահերն են հետապնդում և դիրքերը չեն զիջում»,- նշեց Աքթարը։
Վերջինս ասաց, որ այսօր էլ Հալեպի հրթիռակոծությունը շարունակվում է, ինչը փաստում է, որ կողմերի դիրքորոշումները հաստատ են։ «Իմ կարծիքով` սիրիական և ռուսական բանակների առաջընթացը շարունակվելու է, բայց ստանալու է պատասխան զինյալների կողմից։ Այսինքն` կարելի է ասել, որ ներկայիս իրավիճակում սա անվերջանալի մի գործընթաց է, որի լուծումը տեսանելի չի դառնում»,- նկատեց թուրք վերլուծաբանը։
Նրա կարծիքով` Սիրիայում ստեղծվող քաոսը չի կարող չանդրադառնալ հարևան տարածաշրջանների վրա, հատկապես, երբ Սիրիայի համարյա թե բոլոր հարևանները ներգրավված են սիրիական հակամարտությունում։ «Այս պարագայում պետք է հուսալ, որ կողմերը կհասկանան, թե որքան կործանարար հետևանքներ կարող է ունենալ պատերազմի այս մասշտաբը Սիրիայի և տարածաշրջանի վրա, դադարեցնելով նման լայնամասշտաբ բախումները։ Այս պայմաններում ես մեծ ապագա չեմ տեսնում ռուս-թուրքական մերձեցման գործընթացի համար ևս, քանի որ Ռուսաստանը մեծ թափով շարունակում է աջակցել սիրիական բանակին, սա հրահրում է Թուրքիային, որը Սիրիայում քրդերի ու ԻՊ-ի իրեն սպառնացող վտանգն է փորձում չեզոքացնել։ Քանի դեռ այս հակասությունները խորանում են, մերձեցման գործընթացը դատապարտված է անհաջողության»,- ասաց Աքթարը։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա, թուրք վերլուծաբանի խոսքով` Թուրքիային այստեղ լարվածությունը ձեռնտու չէ։ «Կարծում եմ` նույնիսկ այս իշխանության պարագայում Ադրբեջանին զգուշացումներ են ուղարկվում պատերազմական գործողություններից խուսափելու ուղերձով, սակայն Թուրքիայի լծակներն Ադրբեջանի նկատմամբ չափազանց թույլ են։ Բնականաբար, չեմ կարծում, թե սիրիական քաոսն ուղիղ ազդեցություն ունենա Հարավային Կովկասի վրա, բայց կարող են որոշ խնդիրներ գլուխ բարձրացնել այս ամենի ազդեցության տակ»,- նման տեսակետ հայտնեց Չենգիզ Աքթարը։