Բաժիններ՝

Հայաստանում 1990 թվականից մինչ օրս փակվել է 500 գրադարան

Հայաստանում 1990 թվականից մինչ օրս փակվել է 500 գրադարան: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց Հայաստանի ազգային գրադարանի փոխտնօրեն Հասմիկ Ղազարյանը` նշելով, որ դրանք հիմնականում համայնքային գրադարաններն են:

«Վերջին տարիներին ավելի շատ ուշադրություն ենք դարձնում համայնքային գրադարաններին, որովհետև վերջին տարիներին դրանք գտնվում են մեղմ ասած ոչ ցանկալի վիճակում: 1990 թվականից հետո գրեթե 500 գրադարան է փակվել: Եղածները գտնվում են անհուսալի և խեղճ վիճակում: Նախ՝ վատ են գրադարանային պայմանները, շենքերը վերանորոգված չեն, գրքերի պահպանման խնդիր է առաջանում, դրանից բացի գրադարանները տարիներով չեն համալրվում»,-ասաց Հասմիկ Ղազարյանը:

Նախկինում հանրապետությունում հաշվառվել է 1315 գրադարան, և երբ 1996 թվականից գրադարանները հանձնվեցին համայնքային կառույցներին, սկսվեց դրանց թվի տարեցտարի նվազման գործընթաց:

«Գրադարանների պահպանման հարցը տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվության ներքո է, իսկ փորձը ցույց է տալիս, որ դա չի արդարացնում, տեղական մարմինները չեն կարողանում գրադարանները պահել: Եվ դա միայն ֆինանսականի հետ կապված չէ: Մենք ունենք հրաշալի օրինակներ, երբ համայնքներում գրադարանները գործում են ու լավ վիճակում են: Բոլոր համայնքների ղեկավարները չեն, որ ի վիճակի են գնահատել գրադարանի դերը»,-ասաց նա:

Այն հարցին թե միգուցե նաև ընթերցողի պակաս կա, Հասմիկ Ղազարյանը նշեց, որ այո նման խնդիր կա, բայց գրադարանը չի համալրվում, հետևաբար ընթերցողների թիվը կնվազի: Գրադարան կա՝ 10 տարի չի համալրվել, եղած գրականությունն էլ մաշվել է: Նրա խոսքով, համայնքային գրադարաններին պետական ուշադրություն է անհրաժեշտ:

Ազգային գրադարանը փորձում է իր միջոցներով օգնել համայնքային գրադարաններին: Ազգային գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը նշեց, որ ինչպես մարզային այցելություններ են կատարում, գրքեր են նվիրաբերում, այնպես էլ դասընթացներ են անցկացնում գրադարանավարների համար:

«Գրադարանավարների համար իրականացնում ենք վերապատրաստման դասընթացներ տարբեր թեմաներով` համալրում, թվային գրադարանների ստեղծում, առցանց գրադարաններից օգտվել, միջոցառումներ կազմակերպել: Ի վերջո, գրադարանավարի դերը նույնպես շատ կարևոր է»,-ասաց Հայկանուշ Ղազարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս