«Հենց Ձեր մակարդակով ապացուցվեց, որ ԿԸՀ-ն պարտակում է ընտրակեղծարարության հետ կապված բոլոր ապացույցները». Լևոն Զուրաբյանը՝ ԿԸՀ նախագահի թեկնածուին
«2011 թվականից Դուք աշխատում եք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, այդ ընթացքում տեղի են ունեցել խայտառակ ընտրություններ, հանրաքվե, բոլոր դրանք անաստված ձևով կեղծվել են, բոլորը դրա մասին գիտեն»,- այսօր Ազգային ժողովում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ դիմելով ԿԸՀ նախագահի թեկնածու, ներկայիս նախագահ Տիգրան Մուկուչյանին։
Նա հիշեցրեց, որ 2015 թվականին՝ որպես սահմանադրական հանրաքվեում «ո՛չ»-ի շտաբի պետ, ինքն անձամբ բողոքով դիմել է ԿԸՀ և առնչվել է Տ. Մուկուչյանի հետ։ Նա նշեց, որ իրենք ներկայացրել են մի ամբողջ պատկեր, թե ինչպես է կեղծվել հանրաքվեն, թե ինչպիսի հակասություններ են առաջացել ժողովրդագրական տվյալների և ԿԸՀ-ի կողմից ներկայացված արդյունքների միջև։
«Բերեցինք բազմաթիվ խախտումներ, տեսանյութեր, և այլն, և ընդամենը պահանջեցինք ձեզանից հինգ տեղամասում վերահաշվարկ անցկացնել, տեսնենք՝ ինչ է կատարվել։ Դուք մերժեցիք դա՝ ասելով, որ նման լիազորություն չունեք։ Ընտրական օրենսգրքի 46 հոդվածի 8-րդ կետի վրա գրված է՝ բողոքը քննող հանձնաժողովն ի պաշտոնե կարող է ապացույցներ հայթայթել, դա վերաբերում է նաև ԿԸՀ-ին, նշանակում է, որ դուք կարող էիք այնպիսի գործողություններ անել, որի միջոցով կհայթայթեիք ապացույցներ։ Դուք դա չարեցիք։ Դա նշանակում է, որ հենց Ձեր մակարդակով ապացուցվեց, որ ԿԸՀ-ն պարտակում է բոլոր այդ ընտրակեղծարարության հետ կապված ապացույցները»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը։
Տ. Մուկուչյանն ընտրությունների վերաբերյալ ներկայացրած՝ Լ. Զուրաբյանի գնահատականների հետ չհամաձայնեց՝ որակելով դրանք «սուբյեկտիվ»։ Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն երբևէ խնդիր չի ունեցել պարտակելու որևէ հանցագործություն. «Ինչ վերաբերում է հանրաքվեի ժամանակ ձեր դիմումներին, դիմումները քննարկվել են, նշվել են։ Ինչ վերաբերում է ապացույցների հայթայթմանը, թիվ մեկ սկզբունքը հետևյալն է, որ որևէ ապացույց պետք է ձեռք բերվի օրենքով սահմանված հիմքով։ Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանել է՝ որ դիմումը, որ ժամկետներում, որ հանձնաժողովին պետք է ներկայացնել, ձևավորել ապացույցներ և ներկայացնել համապատասխան հանձնաժողովին, և այս գործողությունների բացի լրացումն այլ հանձնաժողովի միջոցով ուղղակիորեն նախատեսված չէ անգամ ԸՕ-ով»։
Լ. Զուրաբյանը հետաքրքրվեց, թե այն նախադասությունը, որ՝ «բողոքը քննող հանձնաժողովն ի պաշտոնե կարող է ապացույցներ հայթայթել», ինչպե՞ս է Տ. Մուկուչյանը մեկնաբանում։
«Դրանք կարող են ամենատարբեր լինել, եթե խոսքը վերաբերում է վերահաշվարկին, ԿԸՀ-ն դա չի կարող անել, բայց եթե դիմումում վկայակոչվում է որևէ անուն, ԿԸՀ-ն կարող է վերջինիս կանչել, նրան լսել, և այլն»,- նշեց Տ. Մուկուչյանը։