«ԱԳ նախարարը նշանակվեց ՌԴ-ի կողմից, իսկ Պաշտպանության նախարարը՝ ԱՄՆ-ի». Արմեն Բադալյան

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը 168.am-ի հետ զրույցում նշել էր , որ, երբ կառավարության կազմում բոլոր նշանակումները լինեն, հատկապես՝ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների մասով, կկարողանա ասել, թե ռուսամետ ի՞նչ երկրորդ զարգացումներ են լինելու, քանի որ առաջին ռուսամետ զարգացումը նա համարում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումը։

Այսօր արդեն պարզ դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, իսկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել է։

168.am-ը քաղտեխնոլոգից հետաքրքրվեց, թե «երկրորդ զարգացումներ» ասելով՝ ի՞նչ նկատի ուներ, երբ ասում էր, որ կառավարության կազմի ամբողջական ձևավորումից հետո նոր կխոսի այդ մասին։

«ՀՀ կառավարությունը ձևավորվեց բաց բաժնետիրական ընկերության ղեկավար մարմնի՝ վարչության ձևավորման գործընթացին բնորոշ կերպով։ Այսինքն՝ ով ուներ Հայաստանի Հանրապետություն բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, նա էլ նշանակեց իր ներկայացուցիչներին։ Քանի որ այդ վերահսկիչ փաթեթը գտնվում էր Ռուսաստանի ձեռքում, ապա նա նշանակեց և՛ վարչապետին, և՛ Արտաքին գործերի նախարարին։

Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա Հայաստանի Հանրապետության բաժնետոմսերում նա նույնպես ունի իր մասը. նա էլ ստացավ իր համար ցանկալի անձնավորություն՝ հանձին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, որն իր քաղաքական հայացքներով շատ ավելի ցանկալի, ընդունելի գործիչ է Արևմուտքի համար, քան նախկին նախարարը»,- պարզաբանեց քաղտեխնոլոգը։

Ամփոփելով կառավարման ամբողջ սկզբունքը, Արմեն Բադալյանն ընդգծեց, որ կառավարությունն ըստ փաթեթների ձևավորվեց.

«Ռուսաստանը ձևավորեց վարչապետին, իսկ նա՝ տնտեսական բլոկի նախարարներին, ինչպես նաև՝ ԱԳ նախարարին, որովհետև Ռուսաստանը թույլ չէր տա, որ իր կողմից մշակված Հայաստանի արտաքին քաղաքականությունը վտանգի տակ դրվի։ Ահա այս փաթեթն անցավ Ռուսաստանին։

Արևմուտքը նույնպես ուներ փաթեթ, և նա կարողացավ ստանալ ինչպես՝ Պաշտպանության նախարարի, այնպես էլ՝ Տնտեսական բարեփոխումների նախարարի պորտֆելը։ ՀՀԿ-ն նույնպես նախարարներ նշանակեց, նախկին վարչապետը ևս ուներ իր փաթեթը ու իր նախարարին նշանակեց, ԲՀԿ նախկին առաջնորդը նույնպես ուներ փաթեթ և իր նախարարին նշանակել տվեց, ինչպես նաև՝ նախագահն ուներ իր փաթեթը ու ՀՅԴ-ին նշանակեց կառավարության մեջ, որի միջոցով հետո կարող է ինչ-որ գործողություններ իրականացնել։

Փաթեթ ուներ նաև ՀՀ երկրորդ նախագահը, որը, ճիշտ է՝ կառավարությունում մարդ չնշանակեց, փոխարենը՝ նախագահի աշխատակազմի ղեկավար դարձավ մի անձնավորություն, որը, ըստ մամուլի՝ լավ հարաբերություններ ունի երկրորդ նախագահի հետ։

Ռուսաստանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին ստացավ իր համար ցանկալի անձնավորություն, բայց սա չի նշանակում, որ նախորդը ցանկալի չէր։ Միակ սուբյեկտը, որն ունի փաթեթ, բայց իր փաթեթը քվեարկող չէ, ընդամենը վաճառվող է, հայ ժողովուրդն է, որի բաժնետոմսերը վաճառվում են 10 հազար դրամով, ինչը երեկ էլ տեսանք ՏԻՄ ընտրությունների ժամանակ»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցին՝ այս փոփոխությունները ժողովրդի համար որևէ դրական արդյունք կունենա՞ն, նա այսպես պատասխանեց.

«Այն, ինչ ձևավորվել է, քաղաքական մեկ թիմ չէ, այլ տարբեր խաղացողների միացյալ մարմին, որը կարող է ինչ-որ թեթևակի փոփոխություններ մտցնել։ Ժողովրդի համար լա՞վ կլինի, թե՞ ոչ, կախված է բաժնետերերի որոշումից. եթե որոշեն, որ պետք է վերացվի մենաշնորհը, ուրեմն՝ այդ վարչությունը կամ կառավարությունը դա կվերացնի, եթե որոշեն՝ պետք չի վերացնել, ուրեմն՝ չի վերացվի։

Այսինքն՝ վարչությունն ինչ որոշի՝ կառավարությունը կիրականացնի։ Ժողովրդի համար էլ լավը ՏԻՄ ընտրություններից ստացած 10 հազար դրամն է։ Արտագաղթը ժողովրդի այնպիսի պատկեր է ստեղծել, որ, եթե նրա համար լավ պայմաններ ստեղծես, գուցե չկարողանա այդ պայմաններում դրսևորվել։ Քանակական փոփոխությունները հանգեցրել են հասարակության որակական փոփոխության, դրա համար ժողովրդի համար լավ ասվածը մի քիչ հարաբերական հասկացողություն է։

Այն, ինչ տեղի ունեցավ հատկապես Գյումրիի և Վանաձորի ՏԻՄ ընտրությունների ընթացքում, այս պատկերը կարող ենք ստանալ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Հայաստանում ընտրական ինստիտուտը չի աշխատում, ու, բնականաբար, Հայաստանի իշխանության մարմինների ձևավորման վրա շատ ուժեղ է լինելու Ռուսաստանի, Արևմուտքի և Բաղրամյան 26-ի ազդեցությունը։ Շատ հավանական է, որ ապագա խորհրդարանը նույնպես ձևավորվի այս բաց բաժնետիրական ընկերության ձևավորման սկզբունքով»։

Տեսանյութեր

Լրահոս