«Մարդ, որը տեսել ու վայելել է այդ արտոնությունները, հաստատ չէր գա. Պուտինն է նրան նշանակել Հայաստանում». Արմեն Բադալյան
Հայաստանի վարչապետը նշանակվել է Պուտինի կողմից։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Ապագայում խորհրդարանական ընտրություններ են, իսկ Հայաստանում իշխանությունների ձևավորման գործընթացի վրա ակտիվորեն միջամտում էր Արևմուտքը, ինչը, բնականաբար, հակասում էր Ռուսաստանի շահերին, և վարչապետի նշանակմամբ՝ դա կանխվեց»,- նշեց նա՝ հավելելով՝ անձամբ Դուք, որպես լրագրող, եթե Մոսկվայում զբաղեցնում եք պաշտոն, բավականին խոշոր բանկի նախագահի առաջին տեղակալն եք, ունեք լավ բնակարան, բավականին մեծ աշխատավարձ, լավ կապեր, կթողնե՞ք այդ ամենը ու կգա՞ք մի երկիր, որը շրջափակման մեջ է, հարևաններից մեկի հետ անընդհատ բախվում է, հեռուստատեսությունն ուղղակի ոչնչացված է, բյուջեի 80-90 տոկոսը ստվերային է, ամեն ինչ մենաշնորհային է, բնակչությունը փախչում է, բիզնեսները փակվում են, և այլն.
«Մարդ, որը տեսել ու վայելել է այդ արտոնությունները, հաստատ չէր գա։ Պուտինն է նրան նշանակել Հայաստանում, որ որպեսզի այստեղ կանխի արևմտյան «փափուկ» ուժի քաղաքականության արդյունքում իրականացվող գործընթացը, որի նպատակն էր՝ ազդել իշխանության ձևավորման գործընթացի վրա ու ձևավորել Արևմուտքի համար համեմատաբար ցանկալի քաղաքական համայնապատկեր այս փուլում՝ 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, իսկ դրանից հետո՝ 2022թ., արդեն լրիվ արևմտամետ իշխանություն ձևավորել, որը կվտանգի Ռուսաստանին, քանի որ այստեղ է նրա կեսդարյա ռազմաբազան»։
Նրա խոսքով՝ կառավարության փոփոխությունն ինչ-որ չափով նշանակություն կունենա, բայց՝ ոչ էական.
«Կան նախարարներ, որոնք կնշանակվեն Հայաստանից, օրինակ՝ կրթության, մշակույթի, կան նախարարներ, որոնց նշանակումը կհամաձայնեցվի Ռուսաստանի հետ, օրինակ՝ արտաքին գործերի նախարար, պաշտպանության նախարար։ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարները կհամաձայնեցվեն նորանշանակ վարչապետի հետ։ Այսինքն՝ կլինի կադրային համատեղ նշանակում՝ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների փոխհամաձայնությամբ։ Իհարկե, վերջնական խոսքը կլինի Ռուսաստանինը։ Սա առաջին քայլը չի լինելու, ռուսական դեսանտը բավականին ուժեղանալու է, որովհետև Ռուսաստանը թույլ չի տալու, որ Հայաստանում արևմտյան «փափուկ» ուժի քաղաքականությունն աշխատի։ Երբ նշանակումները լինեն, երկրորդ ռուսամետ զարգացումների մասին ավելի մանրամասն կկարողանամ ասել»։