«Հարկային նոր օրենսգրքով կաթոլիկ, ուղղափառ հայերը հարկվում են, իսկ առաքելականը չի հարկվում. Սահմանադրության կոպիտ խախտում է». Հրանտ Բագրատյան

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը կարող է 15 օրվա ընթացքում հետ վերցնել, իսկ եթե չի վերցնում, ապա հրաժարականը համարվում է ընդունված։

Քվեարկության դրվեց ՀՀ Հարկային նոր օրենսգիրքը երրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, և այն անցավ կողմ՝ 78, դեմ՝ 19, հարաբերակցությամբ։

Քվեարկությունից առաջ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ օրենսգիրքը պարունակում է 2 հակասահմանադրական դրույթ.

«Մենք փորձեցինք այդ պատը ծակել, օրենսգիրքը չի համապատասխանում Հայաստանի զարգացման պահանջներին, գոնե հիմա ուզում եմ զգուշացնել, որ օրենսգիրքը 2 հակասահմանադրական դրույթ է պարունակում. մեկն այն է, որ կանխավճար է պահանջում մարդուց, երբ ինքը դեռ փող չի աշխատել, և երկրորդը՝ Սահմանադրությունն ունի թիվ 17 հոդվածը, որն ասում է, որ պետությունն ապահովում է կրոնական կազմակերպությունների ազատությունը։ Մենք ունենք, օրինակ, կաթոլիկ հայեր, ուղղափառ հայեր. ստացվում է՝ կաթոլիկը հարկվում է, իսկ առաքելականը չի հարկվում, դա Սահմանադրության կոպիտ խախտում է։ Իմ պարտքն է՝ ասել դա»։

Պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ ինքը 10 էջից ավելի առաջարկներ է ներկայացրել, որոնց 90 տոկոսը չի ընդունվել.

«Իմ հայտարարությունները՝ Հարկային օրենսգրքի հետ կապված, ուժի մեջ են մնում, և ես գտնում եմ, որ այն ՀՀ տնտեսության համար լուրջ վնաս է։ Այլ խնդիրներ էլ է առաջացնելու այդ օրենսգիրքը, որի հետ կապված ակցիաներ կլինեն։ Ես դեմ եմ քվեարկելու»։

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ Հարկային օրենսգիրքը հստակ նահանջ է ՓՄՁ-ների համար.

«Մենք ընդամենը 2 տարի հետո միջին եկամուտներ ստացող քաղաքացիների հարկային բեռն ավելացնում ենք, և կարծում եմ՝ այլ խնդիրներ կան, որոնց ձեռքը հետո կրակն ենք ընկնելու։ ԲՀԿ խմբակցության կուսակցականները չեն մասնակցի քվեարկությանը»։

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի համար էլ ակնհայտ է, որ այս Հարկային օրենսգիրքն ավելացնում է հարկատուների բեռը.

«Դրա համար մենք դեմ ենք եղել։ Անկախ ամեն ինչից՝ ես առաջարկում եմ գոնե մի քանի օրով հետաձգել, որ առնվազն գոնե այդ գործիքակազմը հստակեցվի, խոսքը վերաբերում է ստուգումներին, որտեղ պարզ չէ՝ ինչ գործիքներ կան»։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ Հարկային օրենսգրքի քննարկումը չի համապատասխանել ժողովրդավարական քննարկման նորմերին:

«Թեև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մեր փորձագետները կմասնակցեն այդ քննարկմանը, սակայն երբեք նրանք չեն հրավիրվել այդ քննարկումներին, օրենքը բերվել է հապշապ կարգով»,- ասաց նա։

ՀՀԿ-ական պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ի պատասխան Լ. Զուրաբյանի հայտարարությանը՝ դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին.

«Պարոն Սահակյան, ես արդեն Ձեր նկատմամբ բողոք ունեմ, մեկ էլ՝ աշխատակազմի, ինչի՞, օրինակ, ինձ հրավիրատոմսեր չեք տվել, որպեսզի ես հրավիրեի»։

Գ. Սահակյանն էլ ասաց, որ «հաջորդ անգամ հարմարավետ բաժին կբացեն, որպեսզի մարդիկ կարողանան տեղեկանալ ամեն ինչին»։

Տեսանյութեր

Լրահոս