«Եթե մի քաղաք կա, որի մասին Հարութը պիտի երգի, դա Երևանն է». Հարութ Փամբուկչյանի հանդիպումը երկրպագուների հետ
Ամերիկաբնակ երգիչ, երաժիշտ, ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանն այս օրերին կրկին հայրենիքում է: Այս անգամ սիրված երգիչը Հայաստան էր այցելել Հանրային Առաջին ալիքի հրավերով՝ Հեռուստատեսության 60-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը վարելու նպատակով: Չնայած հրավերին՝ երգչին անհայտ պատճառներով իր մասնակցությունն այդ միջոցառմանը չեղարկվել է, և ինքն անգամ տեղյակ չէ՝ ի՞նչ պատճառաբանություններով: Այնուամենայնիվ, Ձախ Հարութն առաջվա պես սիրված ու սպասված է հայաստանաբնակ հանդիսատեսի ու երկրպագուների համար:
Սրա վառ ապացույցն էր օրերս The LOFT ինքնազարգացման կենտրոնում երգչի հանդիպումը երկրպագուների հետ, որ նախապես ծրագրված էր անցկացնելու մեկ ժամ, բայց խախտելով նախնական բոլոր պայմանավորվածությունները՝ երգիչն իր երկրպագուների հետ մնաց աննախադեպ երկար, երգեց նրանց համար՝ չմերժելով բացառապես և ոչ մի խնդրանք:
Հանդիպմանը ներկա 168.am-ի տեսախցիկը ֆիքսել է երեկոյի հուզիչ պահերը, լսել երգչի սրամիտ և հումորով համեմված մեկնաբանությունները, տեսագրել կատարումներից մի քանիսը:
Ձախ Հարութի պատմությունը
Օրերից մի օր մի լրագրող մոտեցավ ինձ ու ասաց՝ կներեք, Դուք ձախորդ Հարո՞ւթն եք: Ասեցի՝ կարո՞ղ է՝ ուզում էիք ասել՝ Ձախ Հարութ: Ասաց՝ այո´, այո´: Պատասխանեցի, որ Ձախ Հարութն եմ, բայց գործերս միշտ աջ են գնում: 70-ականներին էր, մի օր գնացի տուն ու մամայիս ասացի, որ ակորդեոն եմ ուզում: Մայրս զարմացած նայեց վրաս, մի քանի րոպե լռեց, հետո ասաց. «Տղա ջան, չէի՞ր կարող մի քիչ ավելի էժան գործիք ուզեիր, ակորդեոնը սուղ է» (ակորդեոնն այդ ժամանակ արժեր 300 ռուբլի): Այդ ժամանակ ամենաէժանը կիթառն էր՝ 6 ռուբլի 10 կոպեկ: Մայրս կիթառն առավ, վերցրեցի, շուռ տվեցի ու միանգամից սկսեցի թարս նվագել, որովհետև ձախլիկ էի: …Դպրոցում այնքան ծեծ եմ կերել, ձեռքիս խփում էին, բայց հիմա կարողանում եմ նվագել ու գրել թե´ աջով, թե´ ձախով: Սկզբից ամաչում էի, որ ձախ ձեռքով եմ կիթառը բռնում, բայց հետո տեսա, որ աշխարհահռչակ երկու երաժիշտներ ձախով են նվագում՝ Փոլ ՄըքՔարթնին ու Ջիմի Հենդրիքսը: Հետո հասկացա, որ դա ոչ թե ամաչելու, այլ հպարտանալու բան է: Այդտեղից է սկսվել Ձախ Հարութի պատմությունը:
Ես ծնվել եմ Երևանում՝ Նոր Արեշում
Ես զեյթունցի Եսայի Փամբուկչյանի և տիգրանակերտցի Ծաղիկ Սահակյանի զավակն եմ: Նրանք Ցեղասպանությունից փրկվել ու հանդիպել են Լիբանանում, ամուսնացել են և 1946 թվականին ներգաղթել են հայրենիք: Ես ծնվել եմ Երևանում՝ Նոր Արեշում: Այդ ժամանակ նույնիսկ ասֆալտ չկար, գնում էինք դպրոց, միայն հետ գալու ճանապարհին էինք զգում, որ կոշիկի մի զույգը կորցրել ենք: 60-ականներին նոր-նոր սկսեցին աֆալտապատել այդ թաղամասը: Արմատներս շատ խորն են Երևանում, այստեղ ամեն քար ինձ հարազատ է, անգամ ամեն քարի վրա գրված անունները մինչև հիմա հիշում եմ: Ես հիշում եմ, մի նստարան կար Օպերայի շենքի տարածքում, առաջին անգամ իմ սիրած աղջկա հետ այդտեղ եմ նստել ու համբուրվել: Այսօր այդ նստարանը չկա, տեղը քյաբաբնոցներ են սարքել… Ինչ արած, դա էլ է պետք երևի…
Մի օր Լոս Անջելեսում մեկն ինձ ասաց. «Պարոն Հարութ, ինչո՞ւ Լոս Անջելեսի մասին երգ չեք երգում»: Պատասխանեցի՝ ԱՄՆ-ը շատ հյուրընկալ է, մենք ապրում ու աշխատում ենք այստեղ, դպրոցներ, եկեղեցիներ եք հիմնել, բայց Լոս Անջելեսը ոչ տատիկիս քաղաքն է, ոչ էլ պապիկիս: Եթե մի քաղաք կա, որի մասին Հարութը պիտի երգի, դա Երևանն է»: Դուք ապրում եք այստեղ, սիրում եք Երևանը, բայց ինձ համար այս քաղաքն ուրիշ նշանակություն ունի, որովհետև հեռու եմ Երևանից:
Հանդիպումից հետո Հարութ Փամբուկչյանը զրուցեց 168.am-ի հետ:
Հարցազրույցը՝ շուտով: