«Այն, ինչ կատարվում է տարիներ շարունակ մեր մշակույթում, ազգադավ բարբարոսություն է»
Մշակութային քաղաքականության, այդ քաղաքականության հետևանքների ու հասարակական կյանքում դրանց արտացոլումների թեմայով այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում բանախոսներ՝ արձակագիր Գուրգեն Խանջյանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը և դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը, անդրադարձ կատարեցին կառավարության նոր կազմի փոփոխություններին, մասնավորապես՝ նորանշանակ Մշակույթի նախարարին՝ խոսելով մշակութային կյանքում ակնկալվելիք նորարարություններից:
Արձակագիր Գուրգեն Խանջյանը, իր խոսքերով ասված՝ առանձնապես շատ հույսեր չի կապում Արմեն Ամիրյանի նշանակման հետ.
«Մեզ պակասում է մշակույթը և հատկապես արվեստը լավ տեսնողների ու ճանաչողների ներկայությունը Մշակույթի նախարարությունում, կամ առհասարակ՝ մեր իրականության մեջ, մարդիկ, ովքեր կարող են ճիշտ խորհուրդներով ուղղորդել այդ ոլորտը, որովհետև այդ նախարարությունից ավելի հաճախ օգտվում են ճարպիկները, քան արվեստի իրական նվիրյալները կամ իսկապես արվեստ հասկացողները: Արմեն Ամիրյանն այսօրվա ունեցածին շատ ավելացնել չի կարող, կարծում եմ, բայց գոնե այն, ինչ հիմա ունենք, պետք է ճիշտ ուղղորդվի: Կուզենայի՝ ավելի քիչ ուշադրություն դարձնեին փուչիկային միջոցառումների վրա, ավելի լրջացնեն այդ ոլորտը»:
Գուրգեն Խանջյանը լավ չի հասկացել նորանշանակ Մշակույթի նախարարի առաջիկա ծրագրերում կինոյի ոլորտում նախատեսվելիք փոփոխությունների բուն էությունը.
«Ես լավ չհասկացա՝ ի՞նչ հաղորդագրություն էր ցանկանում փոխանցել Արմեն Ամիրյանը՝ կինոոլորտին անդրադառնալով, գուցե հետագայում ավելի կհստակեցնի իր մոտեցումներն ու ավելի կբացի փակագծերը, որ հասկանանք՝ ինչի՞ մասին է խոսքը»:
Ինչ վերաբերում է գրահրատարակչության ոլորտին նախատեսվող փոփոխություններին և, մասնավորապես, գրախանութներն ընտանեկան ժամանցի վայր դարձնելու՝ Արմեն Ամիրյանի ցանկությանը, ապա Գուրգեն Խանջյանը մեկնաբանեց.
«Սրանք բոլորը մեջտեղից արվող բաներ են, իմ կարծիքով՝ փուչիկային միջոցառումների շարքից: Գուցե ես մի քիչ վատատես եմ, բայց կարծում եմ, որ փոփոխությունները պետք է հիմքից ձեռնարկել: Այդ նախաձեռնությունը հաջողությամբ պսակելու համար նախ և առաջ գիրք օգտագործող մարդիկ պետք է լինեն, իսկ մարդիկ այսօր, բացի էկրաններից, շատ քիչ բաներով են հետաքրքրված»:
Սկսելով իր խոսքը՝ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը նորանշանակ նախարարին մաղթեց հաջողություն.
«Այն ամեն լավը, որ մինչ իրեն արդեն արվել է, պետք է պահպանել, իսկ թերացումնրը փորձել ուղղել և գնալ առաջ: Ես համաձայն եմ Գուրգենի հետ այն հարցում, որ նախարարությունը ոչ միայն պետական քաղաքականություն վարող ինստիտուտ է՝ անցյալի արժեքավորը պահել-պահպանելու երաշխավորը, այլև այսօրը տեսնելու ունակությամբ օժտված կառույց է»:
Կարինե Խոդիկյանը խոստովանում է. «Եկեք անկեղծ լինենք: Ես ինքս նախարարությունում աշխատել եմ ու գիտեմ, որ, եթե չստացվածի ողջ պատասխանատվությունը միայն այդ նախարարության վրա թողնենք, ապա շատ բան ակնկալել չենք կարող: Եթե նախարարությունն ինքը որոշի՝ ո՞վ է տաղանդավորը, լավը, արժանին, ապա պատկերն ավելի հուսադրող կլինի, քան վերևներից տարբեր զանգեր, ծանոթներ խառնելը, և այլն: Նախարար լինելը բնավորություն ունենալ է, «ոչ» ասելու կարողություն և դիմադրել կարողանալ է: Երբ վերևներից հերթական տոնակատարությունից հետո զանգում-ասում են՝ այսինչ մարդիկ կոչումներ են ստացել, գործերը պատրաստեք և ուղարկեք նախագահական նստավայր, և ողջ հարվածն ընկնում է նախարարության վրա, թե ինչո՞ւ են անարժաններն արժանացել կոչումների և պատվոգրերի… սա ոչ միայն նորություն չէ, այլև արդյունավետ աշխատանքի երաշխիքներ չի տալիս…»:
Կլինի՞ արդյոք Արմեն Ամիրյանն առավել վճռական, քան իր նախորդն էր. բանախոս Կարինե Խոդիկյանը դժվարանում է պատասխանել.
«Այստեղ, անկասկած, ուժեղ կամքի դրսևորում է պետք: Եթե Արմեն Ամիրյանն իր առջև հստակ տեսլական ունենա, ապա կարող է ճակատը խփել պատին և առաջ գնալ: Ցավոք, մենք չունենք հստակ տեսլական, և ոչ միայն՝ մշակութային ոլորտում, թե ինչ պետություն կամ կառավարություն ենք ուզում կառուցել, ինչպիսի երկիր ենք ուզում, մշակույթն ինչպիսի հարթակ պետք է գրավի և ինչ դեր ու նշանակություն պետք է ունենա: Այս կոնտեքստում՝ անդրադառնալով կինոյի կամ թատրոնի մասին օրենքների բացակայությանը, ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ մենք մինչև օրս չունենք այդ ոլորտները կանոնակարգող օրենքները: Գոնե ես, որ աշխատել եմ այդ նախարարությունում՝ գիտեմ, որ թատրոնի մասին ոչ թե մեկ, այլ մի քանի օրենքներ ենք մշակել, բայց դրանցից և ոչ մեկն իրականություն չի դարձել: Ինչո՞ւ, ո՞րն է պատճառը: Գլոբալ առումով սրանք մշակութային քաղաքականության պակասի արդյունք են, հույս ունենք՝ նորանշանակ նախարարի գալուստով կվերանայվի»:
«Այն, ինչ կատարվում է տարիներ շարունակ մեր մշակույթում, ազգադավ բարբարոսություն է, և հիմա նոր նախարարի գալով՝ մենք պահանջում ենք անողոք, անաչառ վերահսկում մշակութային ոլորտում: Համատարած ռաբիսության վիրուսը պատել է մեր հասարակությանը, և դրա դրսևորումներն ամենևին միայն երգարվեստում չեն: Դրանք և´ թատրոններում են, և´ կինոյում, և´ հեռուստատեսային նախագծերում: Սա մեծ ցավ է, և ինքս՝ որպես արվեստի մարդ, պահանջում եմ մեր նախարարությունից անղոք վերահսկում»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը: