Դրամի փոխարժեքը բացասաբար է ազդում երկրի ընթացիկ հաշվի ձևավորմանը. Կառավարություն
ՀՀ դրամի փոխարժեքի արժեզրկման միտումը ԱՄՆ դոլարի նկատմամբ պահպանվում է: Այս մասին նշվում է ՀՀ 2017 թվական պետբյուջեի նախագծի բյուջետային ուղերձում։
Վերջին տարիների ընթացքում ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը շարունակաբար արժեզրկվել է: 2015 թվականին փոխարժեքը շարունակել է դրսևորել նույն վարքագիծը` նախորդ տարվա միջինի նկատմամբ արժեզրկվելով 13%-ով, որին հիմնականում նպաստել են համաշխարհային տնտեսության և տարածաշրջանային զարգացումները:
Համաշխարհային, տարածաշրջանային և ներքին տնտեսության զարգացումների ներքո 2016 թվականի փետրվար ամսից նկատվում է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքի արժեզրկման տեմպերի դանդաղման միտում: Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին միջին փոխարժեքը կազմել է 482.81 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արժեզրկվելով 1.2%-ով:
Ըստ կառավարության՝ իրական արդյունավետ փոխարժեքը շարունակում է մնալ արժևորված` բացասական ազդելով երկրի ընթացիկ հաշվի ձևավորմանը: ՀՀ ազգային արժույթը ոչ միայն դոլարի, այլ նաև արտաքին առևտրի տեսանկյունից առավել կարևոր մի քանի արժույթներից բաղկացած «զամբյուղի» նկատմամբ (անվանական արդյունավետ փոխարժեք) ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսներին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ արժևորվել է մոտ 6.2%-ով, ինչը նշանակում է, որ ՀՀ դրամը արժևորվել է հիմնական արժույթների միավորված գնի համեմատ, ընդորում վերոնշյալ «զամբյուղում» ընդգրկված մնացած երկրների արժույթները դոլարի նկատմամբ արժեզրկվել են ավելի շատ (շուրջ 7.4%-ով), քան ՀՀ դրամը:
Իրական արդյունավետ փոխարժեքը 2016 թվականի հունվար-հուլիս ամիսներին, հիմնականում պայմանավորված անվանական արդյունավետ փոխարժեքի վարքագծով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ արժևորվել է 1.1%-ով, ընդ որում` իրական արդյունավետ փոխարժեքի արժևորման միտումը նկատվում է դեռևս 2013 թվականի տարեվերջից: