«Մանր-մունր ուժերի բաժանվելով՝ ոչ իշխանական դաշտը ջուր է լցնում քաղաքական մեծամասնության ջրաղացին». Լյովա Խաչատրյան

Թեև երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ընթացքում մի շարք հասարակական կազմակերպությունների, լրագրողների կողմից արձանագրվել են մեծ թվով խախտումներ, այնուամենայնիվ այսօր հրավիրված ասուլիսին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ ՏԻՄ ընտրություններն անցել են շատ կազմակերպված, թափանցիկ, առանց ընտրախախտումների.

«Չնայած՝ ընտրություններից հետո որոշ քաղաքական ուժեր փորձեցին պիտակներ վերագրել ընտրություններին, բայց առանց որևէ փաստի և իրականությանը չհամապատասխանող հարցադրումների, կարծում եմ, որ պետք է մեկս մյուսին շնորհավորենք նման ընտրություններ անցկացնելու համար»։

Ինչպես և ենթադրվում էր, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ իրենց կուսակցությունն ընտրությունների արդյունքներից գոհ է.

«Ընտրություններն անցկացվում էին հանրապետության 292 համայնքում, որոնցից 176-ում ՀՀԿ-ի անդամներն են անցել։ 97 համայնքում անկուսակցականներն են մասնակցել, որոնցից 17-ը դիմել է ՀՀԿ ընդունվելու համար, իսկ եթե համեմատելու լինենք, մյուս քաղաքական ուժերի մոտ, որոնք ունեցել են համայնքների ղեկավարներ, պակասել է ընտրված համայնքի ղեկավարների թիվը։ Այսինքն՝ ՀՀԿ-ն գոհ է ընտրություններից»։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, սակայն,  նշեց, որ ընտրությունները մեկը մյուսից չեն տարբերվում. «Վարչական ռեսուրսը կիրառվում է ամբողջ թափով, մեխանիզմը կատարելագործվում է։ Երբ ահազանգեր էինք ստանում, որ այստեղ կամ այնտեղ կուտակումներ կան, ու ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում, մինչև հասնում էինք, կամ ներծծվում էին, կամ չէր երևում ՝ ինչ է կատարվում»։

Դրան ի պատասխան՝ Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ ահազանգերն են կեղծ եղել։

«Կամ ահազանգերն էին կեղծ, կամ պարզապես ինֆորմացիոն տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ մենք բոլորս միասին միմյանց լսում ու խոսում ենք և գործողություններ կատարում։ Այդ իսկ պատճառով՝ չեն հասցնում շատ փաստեր արձանագրել, բայց փաստեր արձանագրելն էլ հիմնականում կուսակցությունների գործերը չեն, այլ՝ իրավապահ մարմինների։ Նման վարչական ռեսուրսի դեմ պայքարը, իհարկե, դժվար է լինելու։ Նման Ընտրական օրենսգրքով շատ դժվար է լինելու, իսկ իրավապահ մարմինները պետք է իրենց գործառույթներն իրականացնեն, այլ ոչ թե սպասեն, թե երբ մենք հաղորդագրություն կտանք, իրենց գործը կանենք։ Չեմ կարծում, որ այս ընտրություններով ժողովրդի վստահությունը քաղաքական մեծամասնության նկատմամբ ավելացավ»,- ընդգծեց Լյովա Խաչատրյանը՝ նկատելով, որ 6 համայնքներում ԲՀԿ-ի թեկնածուները հաղթել են, ու իրենց համայնքապետերի թիվն ավելացել է 5-ով։

Ի դեպ, Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ ընտանիքի հետ մասնակցել է Գյումրիի ՏԻՄ ընտրություններին, ու իրենց ընտրած թեկնածուն առայժմ հաղթող է։

Լյովա Խաչատրյանն էլ իր հերթին՝ նշեց, որ թիմով եղել են Գյումրիում ու ընտրողների քիչ են գտնել քարոզարշավ անելու համար, իսկ այլ ուժերից մարդ չեն տեսել քարոզարշավին մասնակցող.

«Ողջ Գյումրիով մեկ հանդիպումներն ենք կազմակերպել, ոտքով շրջել ենք Գյումրիում, այլ քաղաքական ուժերին քարոզ անելիս չենք հանդիպել։ Թե ոնց են ձայն հավաքում, հանելուկ է մնում»։

Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ հանելուկ չէ, իրենց կատարած աշխատանքի արդյունքներով են ձայն հավաքում, ինչին ի պատասխան՝ Լյովա Խաչատրյանը նկատեց.

«Կատարված աշխատանքի արդյունքը տեսանք. Գյումրիում չկար ասֆալտապատ փողոց, Գյումրիում մարդ չկար, չհաշված միայն կենտրոնական փողոցները, ում հանդիպում էինք՝ դժգոհ էին իրավիճակից… Ինչի՞ արդյունքում են նման առավելության հասնում, առայժմ մնում է հանելուկ»։

Նրա խոսքով՝ այս ընտրությունները ցույց տվեցին, որ մանր-մունր ուժերի բաժանվելով՝ ոչ իշխանական դաշտը ջուր է լցնում քաղաքական մեծամասնության ջրաղացին. «Տեսեք՝ ինչ կատարվեց. որոշ քաղաքական ուժեր, որոնք ոչ վաղ անցյալում նույնիսկ նախագահական ընտրությունների էին հավակնում, պարզապես զրոյացան։ Սա դաս էր ոչ քաղաքական ուժերին՝ եթե ցանկանում են որոշակի հաջողությունների հասնել, պետք է միանան»։

Տեսանյութեր

Լրահոս