«Հայաստանում հաշվառված բնակչությունը 2 մլն 995 հազար է, որից 387 հազարը տարեց մարդիկ են». Անահիտ Գևորգյան

Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է: Այդ առիթով այսօր լրագրողների հետ հանդիպում ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը և նշեց, որ Հայաստանը ծերացող երկիր է ու այս տեմպերով հնարավոր է, որ մոտ ապագայում դառնա ծեր երկիր.

«Այսօր մեր հաշվառված բնակչությունը 2 մլն 995 հազար է, և 387 հազար տարեց ունենք, այսինքն՝ բնկաչության 12.9%-ը տարեց է։ Մենք համալրել ենք ծերացող երկրների շարքը ու հնարավոր է, որ մոտ ապագայում համարվենք ծեր երկիր։ Ինչքան էլ ասում ենք տարեցները մեր հարստությունն են, բայց ծերացումն իր հետ բերում է նաև տնտեսական, սոցիալական խնդիրներ և բացասական հետևանքներ, որոնց լուծումը պետությունը վերցնում է իր վրա։ 35% աղքատություն ունեցող երկիր ենք, իսկ տարեցների շրջանում աղքատությունը կազմում է 32 հազար, որովհետև շատ տարեցներ ապրում են համեմատաբար բարեկեցիկ ընտանիքներում և նրանց շրջանում աղքատությունը մի փոքր զիջում է հանրապետության աղքատության միջին ցուցանիշը»։

Նրա խոսքով՝ տարեցների 70%-ն ապրում է քաղաքներում, 59%-ը կանայք են, իսկ կյանքի միջին տևողությունը Հայաստանում 74.8 տարի է և կես տարով ավելացել է նախորդ տարվա համեմատությամբ. «Յուրքանչյուր 1000 աշխատունակ բնակրին բաժին է հասնում 314 տարեց անձ, ինչն այդքան էլ լավ ցուցանիշ չէ՝ տնտեսական առումով։ Աշխատողների վրա ավելի մեծ բեռ է ընկած՝ պահելու անաշխատունակ մարդկանց։ Դա է պատճառը, որ այսօր մեր սոցիալական վիճակն այնպիսին է, ինչպիսին կա, ու հնարավորություն չունենք կենսաթոշակները բարձրացնելու։ Տարեցների և երեխաների թիվն իր գործակցով աշխատունակ Խբնակչության համեմատությամբ մի փոքր բարձր է ընդունված միջինից»։

Խոսելով իրենց ծրագրերից՝ Անահիտ Գևորգյանն ասաց, որ, բացի նպաստների ու կենսաթոշակների ծառայություններից, սոցիալական պաշտպանությունն իր մեջ ներառում է նաև խնամքի ծառայությունները.

Կարդացեք նաև

«Դրամանական վճարումների անբավարար չափին գալիս են լրացնելու խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունները, որոնք մենք տրամադրում ենք խնամքի կարիք ունեցող տարեցներին։ Ծառայությունները լինում են երեք տեսակի՝ շուրջօրյա խնամքի ծառայություններ, տնային պայմաններում խնամք ու ցերեկային կենտրոններում խնամք։ Այսինքն՝ այն տարեցները, որոնք խնամքի կարիք ունեն ու չունեն օրենսդրությամբ նախատեսված խնամող, կարող են ընդունվել և ապրել տարեցների շուրջօրյա խնամքի հաստատություններում, որոնց թիվը 10-ն է։ 10-ից 5-ը պետական են, 5-ը՝ ոչ պետական։ Պետությունն ամբողջությամբ հոգում է շուրջօրյա խնամքի հաստատություններում ապրող տարեցների բոլոր կարիքները»։

Տնային պայմաններում խնամքը, նրա խոսքով՝  նախատեսված է տուն ունեցող ծերերի համար. «Ծառայությունները մատուցվում են իրենց իսկ տանը։ Այսօր Հայաստանում ընդամենը 1230 մարդ է ապրում շուրջօրյա խնամքի հաստատություններում, ինչն այդքան էլ շատ չէ։ Տնային պայմաններում սպասարկվում է ավելի քան 4000 տարեց, իսկ ցերեկային կենտրոններում՝ շուրջ 2000։ Ցերեկային կենտրոնները հանրապետությունում 17-ն են և նախատեսված են նրա համար, որ տարեցները ցերեկային ժամերին այցելեն, անցկացնեն իրենց օրը՝ մասնակցելով տարբեր խմբակների, միջոցառումների և այլն։ Նրանք ակտիվ ծերացում  են ապրում ու այս մոդելը շատ ավելի առաջադիմական է քան տնային խնամքն  ու ծենարոցները։ Իհարկե, ցերեկային կենտրոններն այն տարեցների համար են, ովքեր ի վիճակի են տնից դուրս գալ՝ գնալ այնտեղ, առավոտ 10-ից մինչև 5-ը մնալ, հետո վերադառնալ տուն։ Սա սոցիալական կարիքի հետ կապ չունի, նրանց ազատ ժամանակը տնօրինելու իրավունքն է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս