Ֆիննախը «խմբագրել» է վարչապետի խոսքը
ՀՀ ֆինանսների նախարարությունը այսօր պարզաբանում է ներկայացրել՝ կապված բյուջե 2017 թվականի վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարության հետ։
Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարության հինգշաբթի օրվա նիստում ասել էր. «Նախատեսում ենք մոտավորապես 70 և ավելի միլիարդ դրամի եկամուտների աճ, մոտ 100 միլիարդ դրամի էլ ծախսերի նվազեցում»:
Մենք համեմատել էինք հնչեցված թվերը Բյուջե-2017-ի նախագծի և 2016 թվականի պետական բյուջեի թվերի հետ։ Ըստ այդմ, ստացվել էր, որ 2016 թվականի համեմատ բյուջեի ծախսերն ավելանում են ոչ թե 70, այլ 23.8 մլրդ դրամով, իսկ եկամուտները նվազում են ոչ թե 100, այլ 16.8 մլրդ դրամով։ Ու սրա հիման վրա կարծիք էինք հայտնել, որ վարչապետն ըստ երևույթին նկատի է ունեցել ոչ թե 2016 թվականի բյուջեի մասին օրենքով նախատեսված թվերը, այլ՝ 2016 թվականի փաստացի սպասվող ցուցանիշները։ Այսինքն, կառավարությունը սպասում է եկամուտների թերհավաքագրում։
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ամենայն հավանականությամբ, հենց այս հրապարակմանն է արձագանքել՝ իր պարզաբանմամբ։
Նախ ներկայացնենք պարզաբանման տեքստն ամբողջությամբ, հետո մեկ-երկու բառով կմեկնաբանենք։
«ՀՀ վարչապետի՝ 2017թ․ կունենաք «կոշտ» բյուջե, որով նախատեսվում է եկամուտների աճ և մոտավորապես 100 մլրդ դրամի չափով ծախսերի նվազեցում, դիտարկման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ. 2016 թվականին սպասվում է շուրջ 1432 – 1442 մլրդ դրամի պետական ծախս՝ պայմանավորված Ծրագրերի իրականացման գրասենյակների կողմից իրականացվող ծրագրերի գծով ամսական ներկայացված ծախսերի գնահատականից:
Իսկ 2017 թվականի համար պետական բյուջեի ընդհանուր ծախսերը նախատեսվում է շուրջ 1360 մլրդ դրամ: Այսինքն, միայն պետական ծախսերի նվազումը 2017 թվականի համար նախորդ տարվա գնահատված նույն ցուցանիշի համար կկազմի շուրջ 72-82 մլրդ դրամ:
Միաժամանակ հաշվարկված է , որ 2017 թվականի բյուջեով պետական պարտքի մակարդակի բարձրացման հետեւանքով տոկոսավճարների գծով լրացուցիչ ծախսերը 2016 թվականի համեմատ աճելու են շուրջ 19 մլրդ դրամով: Դա նշանակում է, որ կառավարության կողմից տնօրինման ենթակա գումարների օգտագործման հնարավորությունները նվազում են: Այսինքն, վերոնշյալ երկու ցուցանիշների համադրությունը ցույց է տալիս , որ 2017 թվականի ՀՀ պետական բյուջեի ծախսային մասը նվազում է շուրջ 91-101 մլրդ դրամով՝ ինչն էլ նկատի է ունեցել ՀՀ վարչապետը»:
Նկատեցի՞ք մի կարևոր «մանրուք»՝ հենց առաջին նախադասության մեջ։ Վարչապետի տեքստը մեջբերված է՝ առանց «70 և ավելի միլիարդ» դրամ արտահայտության։ Այսինքն՝ ֆիննախը շրջանցել է եկամուտների մասով տարբերության անհամապատասխանությունն ու պարզաբանել միայն ծախսերի մասը։ Ու որպեսզի պարզաբանումը թերի չդիտվի, այսպես ասած, մի թեթև խմբագրել են վարչապետի տեքստը։
Իսկ ծախսերի մասով, որքանով հնարավոր էր հասկանալ տեքստից, պարզաբանումը չի տարբերվում մեր տեսակետից։
«2016 թվականին սպասվում է շուրջ 1432 – 1442 մլրդ դրամ»-ը ինքնին նշանակում է, որ նախատեսված 1378 մլրդի փոխարեն սպասվում է պետական ծախսերի շատ ավելի քիչ մակարդակ։ Այսինքն, բյուջեն ծախսերի մասով թերակատարվելու է։
Իսկ եկամուտների մասով, կարծում ենք, լռությունը համաձայնության նշան է։