Ինչի մասին են հուշում Բյուջե-2017-ի թվերը
ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում հաստատել է 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը, որով եկամուտներ նախատեսվում են 1 տրիլիոն 210 միլիարդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 360 միլիարդ, դեֆիցիտը՝ 150,1 միլիարդ դրամ (ՀՆԱ-ի 2.8%):
Նախագծով հաջորդ տարի նախատեսվում է նաև ՀՆԱ-ի 3.2% աճ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը 2017 թվականի բյուջեն բնորոշել է որպես «կոշտ բյուջե»՝ շեշտելով, որ այդ մասին խոսում են թվերը։
«Նախատեսում ենք մոտավորապես 70 և ավելի միլիարդ դրամի եկամուտների աճ, մոտ 100 միլիարդ դրամի էլ ծախսերի նվազեցում: Այն բոլոր հարցադրումները, որոնք հնչեցնում ենք՝ կառավարման, ծախսերի նվազեցման վերաբերյալ, այդ բոլոր խնդիրները շատ և շատ ակտուալ են»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Ուշագրավն այն է, որ վարչապետի նշած թվերը տարբերվում են 2016 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված թվերից։
Ինչպես տեսնում եք աղյուսակում, 2016 թվականի համեմատ բյուջեի ծախսերն ավելանում են ոչ թե 70, այլ 23.8 մլրդ դրամով, իսկ եկամուտները նվազում են ոչ թե 100, այլ 16.8 մլրդ դրամով։
Այս հակասությունը կարող է միայն մեկ ձևով բացատրվել. վարչապետը համեմատական է անցկացրել ոչ թե 2016 թվականի բյուջեի նախագծի, այլ 2016-ին սպասվող փաստացի ցուցանիշների հետ, որոնք նախատեսվածից ավելի ցածր են։
Ու եթե դա այդպես է, ապա ստացվում է՝ 2016-ի տարեկան արդյունքներով ՀՀ պետբյուջեի եկամուտները թերակատարվելու են մոտ 46 մլրդ դրամով, իսկ ծախսերը՝ մոտ 83 մլրդ դրամով։