«Մենք դահլիճում նկարվելու համար ելույթներ չենք ունենում». Հարկային նոր օրենսգիրքն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ
Այսօր Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության Հարկային նոր օրենսգիրքը։ Քվեարկությունից առաջ պատգամավորները ելույթ ունեցան: Բացի ՀՀԿ խմբակցության պատգամավորներից, բոլորը դեմ էին արտահայտվում օրենքի նախագծին։
«Երեկ դատարկ դահլիճում քննարկվել է նախագիծը, որը հաստափոր է, ու բավականին շատ փոփոխություններ պետք է լինեին։ Ստացվում է՝ ձևավորվում է նոր կառավարություն, բայց մենք աշխատում ենք հին ոճով։ Մենք կանգնած ենք կոտրած և հին տաշտակի առաջ։ Մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու»,- հայտարարեց ՕԵԿ ղեկավար Հեղինե Բիշարյանը։
Պատգամավոր Ռուբեն Հակոբյանը նկատեց, որ սա կարևորագույն, համակարգաստեղծ, տնտեսական քաղաքականությունն ուղղորդող փաստաթուղթ է, որն ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը. «Երեկ շատ ուշադիր լսեցի, բավականին պրոֆեսիոնալ ձևով պատասխանում էր հարցերին, բայց մի բան հստակ էր, ընդունում ենք, քանի որ ստիպված ենք։ Պատահական չէ, որ քաղաքական մեծամասնության կողմից որևէ մեկը ելույթ չունեցավ՝ բացի ԱԺ փոխնախագահից, այն էլ նրա համար, որ մենք քվեարկում ենք, մենք պատասխանատու ենք դրա համար»։
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ իսկապես չի կարելի ընդամենը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ ընդունել օրենքի նախագիծը։ «Եվ պատահական չէ, որ նույնիսկ խորհրդարանական մեծամասնության պատգամավորները, որոնք վստահաբար կողմ են քվեարկելու, որովհետև այդպես է իրենց հանձնարարված, դեմ են այս օրենսգրքին։
Չի կարելի նման խաղի կանոն սահմանել, որը ոչնչացնելու է փոքր և միջին ձեռներեցությունը, մենք հորդորում ենք ուղղակի չդնել քվեարկության այս նախագիծը, և այն պատգամավորներին, որոնց հանձնարարված է քվեարկել կողմ, չդնել վատ վիճակի մեջ, չի կարելի նման անփույթ ձևով նախագիծ ընդունել և սահմանել խաղի կանոն, որն ուղղակի կործանարար է լինելու ՀՀ-ում մնացած մեկ-երկու տնտեսվարողների համար»,- նշեց ԲՀԿ ղեկավարը։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հայտարարեց, որ, եթե 1-2 հոգի խոսեին նախագծի դեմ, կարող էր չպատասխանել, սակայն ստիպված է ասել, որ առաջին ընթերցումից հետո պարբերաբար քննարկվել է նախագիծը և ներկայացվել Ազգային ժողով. «Հիմա բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել»։
Գալուստ Սահակյանի ելույթից հետո ՀՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ ևս ելույթ ունեցան։ «Չգիտեմ՝ ով ում թելադրանքով է քվեարկում, ես ինքս կքվեարկեմ՝ ըստ էության, որովհետև մաս եմ կազմել այս փաստաթղթի լրամշակման բոլոր փուլերին։ Ի գիտություն մեր գործընկերների՝ պետք է ասեմ, որ Ընտրական օրենսգրքից հետո սա ամենաքննարկված, ամենաբազմակողմանի ուսումնասիրված փաստաթուղթն է։ Որ փաստաթուղթն ի օգուտ ձեռներեցության է, սա փաստ է։ Մենք գործ ունենք քաղաքական կոմպրոմիսի հետ»,- հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։
Նույն խմբակցության անդամ Վարդան Այվազյանն էլ նկատեց, որ խոսելուց առաջ պետք է տեղյակ լինել գործընթացին. «Հարկային օրենսգիրքը միայն վերջին ժամանակահատվածում քննարկվել է 25 անգամ, 300 առաջարկություններից, որոնք մեր պատգամավորներն արել են, գերակշիռ մեծամասնությունն ընդունված է։ ՓՄՁ-ների վերաբերյալ առաջարկների 99 տոկոսն ընդունվել է։ Հիմնարար փոխվել է այն Հարկային օրենսգիրքը, ինչը ներկայացված է եղել առաջին ընթերցման ժամանակ»։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նշեց, թե ցավում է, որ հիմնականում վատաբանում են այն մարդիկ, որոնք չեն մասնակցել քննարկումներին և առաջարկություններով հանդես չեն եկել. «Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի ելույթ չունենալուն, մենք բազմիցս այս հարցը քննարկել ենք մեր խմբակցությունում, մեր պատգամավորները բազմաթիվ առաջարկություններ են արել, և, ինչպես նշվեց, շուրջ 300 առաջարկների ճնշող մեծամասնությունն ընդունվել է։ Մենք դահլիճում նկարվելու համար ելույթներ չենք ունենում, մենք քննարկել ենք խմբակցությունում և եկել ենք ընդհանուր հայտարարի»։
Պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ 350 առաջարկ է եղել, 149-ը՝ ՀՀԿ-ի կողմից, 201-ը՝ ընդդիմության. «Ես ինքս ներկայացրել եմ 120 առաջարկ, պարզապես տեղյակ եմ պահում ԱԺ-ին, որ մենք ՓՄՁ-ին գցում ենք վատ վիճակի մեջ, անկախ նրանից՝ մենք քանի անգամ կպնդենք՝ քանի անգամ է այս փաստաթուղթը քննարկվել»։
Այս քննարկումներից հետո Հարկային նոր օրենսգիրքը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց՝ 79 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։