Բաժիններ՝

Ինչո՞ւ է գաղտնի պահվում Հարկային օրենսգրքի փոփոխված տարբերակը

Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է նաև Հարկային օրենսգրքի նախագիծը: Այն քննարկվելու է միանգամից երկրորդ և երրորդ ընթերցմամբ և, ըստ ամենայնի, ամբողջությամբ ընդունվելու է: Հունիսին առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո բիզնես հանրության կողմից խիստ քննադատության արժանացած ՀՕ նախագծի փոփոխությունների հետ կապված՝ խորհրդարանում լայն քննարկումներ սկսվեցին` պատգամավորների և հասարակական հատվածի մասնակցությամբ: Դրանք շարունակվեցին նաև սեպտեմբերին, սակայն բիզնեսի ներկայացուցիչներին արդեն չէին հրավիրել քննարկումներին: Այնուհետև ԱԺ Տնտեսական հանձնաժողովում նախագծի հետագա քվեարկությունը հետաձգվեց մինչև մեկ տարով, ապա կառավարության որոշմամբ՝ արտահերթ կարգով կրկին «պարտադրվեց» պատգամավորներին:

Սակայն խնդիրն այն է, որ ՀՕ նախագծի փոփոխված տարբերակը պետական կառույցների կայքերում բացակայում է և հանրությանը հասանելի չէ: Ըստ էության, այժմ բիզնես հատվածում ոչ ոք տեղյակ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում այս փաստաթուղթը և, թերևս, պատգամավորների մեծամասնությունն էլ չգիտի՝ ինչ է երկրորդ ընթերցմամբ ընդունելու՝ վերնագի՞ր, նախագծի տեղեկա՞նք, թե՞ լրամշակված և բոլոր կողմերի հետ համաձայնեցված փաստաթուղթ: Քաղաքական մեծամասնությունը քվեարկության ժամանակ ավանդաբար սեղմում է այն կոճակը, որը որոշում է վերադասը: Իսկ հետո, կրկին ավանդաբար, կսկսվի փաստաթղթի «բարեփոխման» աշխատանքը:

ՀՕ-ի հետ կապված խնդիրները հիմնականում նույնն են: Առաջինը` ՓՄՁ-ի համար շրջանառության հարկի շեմն է, որը փաստաթղթաշրջանառության չլուծված խնդրի պայմաններում լուրջ դժվարություններ է առաջացնում ԱԱՀ-ի դաշտում աշխատող բիզնեսի համար: Շրջհարկի շեմը նախագծով առաջարկվում էր ներկայիս 115 մլն դրամից իջեցնել և սահմանել 40 մլն դրամ, թեև այժմ խոսակցություններ կան, որ հնարավոր է՝ վերադառնան նախկին 58 մլն դրամի շեմին: Նախկինում, երբ կառավարության նախաձեռնությամբ հիմնավորվեց շեմի բարձրացումը և ընդունվեց, հիմքում դրված էր այն, որ փաստաթղթավորման հարցը լուրջ խնդիր է ԱԱՀ դաշտում աշխատելու համար, դրա համար փոքր բիզնեսին առավելագույնս պետք է ներառել շրջհարկի շեմում: Եվ 115 մլն թիվն առևտրի ոլորտում հիմնավորվում էր հենց նրանով, որ դա այն շեմն է, որի դեպքում հաշվի առնելով շուկայում առկա միջին վերադիրները՝ բիզնեսը կկարողանա ընտանիքի պահպանման հարց լուծել: Այսինքն` դրանով նաև սոցիալական խնդիր էր լուծվում: Եթե փաստաթղթավորման խնդիրը չլիներ, փոքր բիզնեսը կարող էր հեշտությամբ աշխատել ԱԱՀ դաշտում: Եվ ուշագրավն այն է, որ շրջհարկի շեմի բարձրացման, հիմա էլ` իջեցման ժամանակ, իրադրությունը նույնն  է և ընդհանրապես չի փոխվել:

ՀՕ նախագծում փոքր բիզնեսի համար անընդունելի խնդիրներից է առանձնացված ապրանքային հաշվառում իրականացնելու պահանջը: Սա բավականին լուրջ խնդիր կարող է դառնալ ապագայում: Փոքր բիզնեսի համար հեշտացված հարկային ռեժիմ կա` շրջհարկը, որի դեպքում պետք է ընդամենը շրջանառության մասին հաշվետվություն ներկայացնեն ու սահմանված տոկոսով հարկ վճարեն, մինչդեռ առանձնացված ապրանքային հաշվառում նշանակում է յուրաքանչյուր ապրանքի համար գրանցամատյան վարել մուտքի, ելքի, վաճառքի, պահեստային, վաճառքում գտնվել-չգտնվելու, դուրս գրվելու մասին, և այլն: Հարկային տեսուչների համար սա պարզապես նվեր է և ստուգումների ժամանակ լուրջ խնդիր կդառնա բիզնեսի համար:

ՀՕ հաջորդ անընդունելի խոշոր խնդիրներից է ապրանք դուրս գրելուց հետո գործարքի չեղարկման համար ժամանակի սահմանափակումը: Նախագծով նախատեսվում է, որ գործարքի չեղարկում կարելի է իրականացնել միայն 10 րոպեում, բայց հաճախ, երբ ապրանքը հասնում է պատվիրատուին, պարզվում է, որ նրա համար այդ ապրանքը նախընտրելի չէ, այլ ապրանք է պետք, և այդ առաքումը հարկավոր է ետ ուղարկել: Այժմ մտցվել է «հետադարձ մատակարարման» գաղափար, որ, եթե գործարքն ուզում են չեղարկել, ապա պետք է ընդունել ապրանքը և նորից ետ ուղարկել: Սրա արդյունքում կառավարությունն արհեստականորեն լուծում է ապրանքաշրջանառության ծավալի մեծացման խնդիր: ԱԱՀ վճարողի համար սա տեխնիկական խնդիր է, իսկ շրջհարկ վճարողի համար` հավելյալ հարկային բեռ` ոչ մի բանի համար:

Հաջորդ խոշոր խնդիրը նախագծում ՀԴՄ կտրոնը որպես ծախս չընդունելու դրույթն է: Եթե Փեթակից, Սուրմալուից կամ այլ որևէ շուկայից փոքր վաճառականն ապրանք էր գնում, և ՀԴՄ-ն որպես ծախս էր ընդունվում, ապա հիմա դա մերժվում է: Կտրոնի վրա երևում էր գնված ապրանքի անվանումը և, բնականաբար, ձեռներեցը չէր կարող տվյալ ՀԴՄ-ն այլ ապրանքի համար որպես ծախս ցույց տալ, իսկ կառավարությունն իր որոշումը հիմնավորում է, թե փորձում է բացառել, որ տան համար գնված ապրանքը նույնպես որպես ծախս ցույց կտրվի:

ՀՕ նախագծում խնդրահարույց դրույթները բազմաթիվ են, և շարքը կարելի է շարունակել: Սակայն ամենակարևոր հարցն այսօր այն է, որ հերթական անգամ ԱԺ-ում քննարկում են մի նախագիծ, որը հասանելի չէ շահագրգիռ շրջանակներին: Վարչապետի փոփոխությունից հետո բիզնեսը հույս ուներ, որ ՀՕ-ի քննարկումը կհետաձգվի և հնարավոր կլինի այն իրապես ընդունելի փաստաթուղթ դարձնել: Սակայն, ըստ երևույթին, ճիշտ էին շրջանառվող լուրերը, որ միջազգային կառույցները վերջնաժամկետ են սահմանել, և Օրենսգիրքը պետք է ընդունվի մինչև սեպտեմբերի վերջ: Դրանով է պայմանավորված հերթական խոշոր ֆինանսավորման հատկացումը և ԱՄՀ-ի ու ՀԲ-ի հետ հետագա համագործակցությունն ընդհանրապես:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս