«Պուտինյան Ռուսաստանը շարունակելու է խորացնել ճգնաժամը՝ վերացնելով իր իշխանությանը սպառնացող բոլոր վտանգները թե՛ Ռուսաստանում, թե՛ դրանից դուրս». Պիոնտկովսկի

Կիրակի օրը Ռուսաստանի Դաշնությունում կայացած խորհրդարանական ընտրություններում իր առաջատարի դիրքերն ամրապնդեց իշխող «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը («Единая Россия»)՝ դառնալով յոթերորդ գումարման Պետդումայի առաջատար քաղաքական ուժը: Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 23-ին, իսկ մինչ այդ քվեաթերթիկների 93 %-ի մշակման արդյունքներով հայտնի է դարձել, որ «Միացյալ Ռուսաստանի» օգտին իր  ձայնն է տվել ընտրողների 54,28 տոկոսը, ինչը նախնական տվյալներով՝ նշանակում է, որ համամասնական ցուցակներով կուսակցությունը կունենա 140 մանդատ, իսկ մեծամասնականով՝ 203:

Նույն այդ տվյալների համաձայն՝ Պետդումա է անցել վեց կուսակցություն՝ չորս խորհրդարանական կուսակցությունները, «Հայրենիքը» («Родина») և «Քաղաքացիական հարթակը» («Гражданская платформа»):

«Ընտրություններ» համակարգի տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 13,45 տոկոսով, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ երրորդ տեղը՝ 13,24 տոկոսով, «Արդար Ռուսաստանը» հավաքել է 6,17 տոկոս ձայն:

Ըստ ռուսական փորձագիտական լիբերալ թևի գնահատականների՝ ՌԴ իշխանությունները, հստակ պատկերացում չունենալով՝  ինչպես գործել տնտեսական դժվարությունների ու պատերազմի պայմաններում, որոշում կայացրին էլ ավելի փակվել, որն արդյունավետ կարող է լինել իրենց իշխանությունների, բայց ոչ հասարակության ու  երկրի ապագայի համար։

Ռուս վերլուծաբան, ԱՄՆ Բրուքինգսի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Լիլյա Շևցովան, անդրադառնալով յոթերորդ գումարման Պետդումայի կազմին, նշել է, որ նոր Դուման խզում է արտացոլելու։  «Խզում ճգնաժամի մեջ ավելի ու ավելի խորացող երկրում ստեղծված իրականության և կայունությունը պահպանելու Կրեմլի փորձերի միջև»,- ընդգծել է Շևցովան։   Նրա գնահատմամբ՝ ժանգոտված «խորհրդարանական» կառուցվածքը վաղուց չի արձագանքում հասարակության պահանջներին, այն կարող է մի որոշ ժամանակ ևս ժանգոտվել։

«Բայց այսօր Դուման փաստորեն դառնում է հեղափոխական գործոն՝ իր կեղծ գործառույթի շնորհիվ։ Աճող դժգոհության պայմաններում չունենալով սեփական իրավունքների պաշտպանության օրինական ուղիներ՝ ստիպված է  լինելու իր հետաքրքրություններն արտահայտել փողոցի միջոցով։ Ի դեպ, իշխանությունը դա հասկանում է։ Այլապես ինչո՞ւ նախապես ստեղծել պաշտպանության ռեպրեսիվ համակարգ»,- նշել է ռուս վերլուծաբանը։ Վերջինիս խոսքով՝ սակայն, իշխանությունների այդ պրևենտիվ քաղաքականությունը չի կարող աշխատել։  Նրա որակմամբ՝ բոլոր զարգացումներն ու միտումները ցույց են տալիս, որ նոր Դուման կդառնա իշխանության անկման շուրջ վերջին «պարը»։

168.am-ի հետ զրույցում ռուս ընդդիմադիր հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Անդրեյ Պիոնտկովսկին Ռուսաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների այս արդյունքների համար մեղադրեց թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը, որը մասնակցելով, նրա որակմամբ, ֆարսին՝ փորձեց լեգիտիմացնել այդ ընտրությունները։

Պիոնտկովսկու գնահատմամբ՝ ընտրողները շատ ավելի խելացի գտնվեցին՝ չցուցաբերելով բարձր մասնակցություն ընտրություններում։

«Հասարակությունը շատ լավ հասկացավ, թե ինչ է իրեն սպասվում, ուստի չմասնակցեց այդ կեղծիքին, ինչը պետք է անեին նաև ընդդիմադիր գործիչները, որոնց ուղղված զգուշացումներ էին հնչում մինչ ընտրություններն այն մասին, որպեսզի չմասնակցեն,  քանի որ նրանց մեծամասնությունը պարզապես հեղինակազրկվեց՝ մասնակցելով մի գործընթացի, որի արդյունքները պարզ էին նախապես, կեղծիքները պատրաստվում են նախապես, տեղի է ունենում հատուկ օպերացիա, կարելի է ասել։

Իմ կարծիքով՝ համակարգն ավտորիտարից տեղափոխվում է դեպի տոտալիտար, ինչը էլ ավելի է ուժեղացնելու հասարակության դժգոհությունները՝ նրանց մղելով տարերային գործողությունների, քանի որ իշխանությունն օրինականորեն ունակ չէ փոխվելու»,- նման տեսակետ հայտնեց Պիոնտկովսկին։ Վերջինիս համոզմամբ՝ ընտրությունների ընթացքում նման մասշտաբային ընտրակեղծիքները ոչ մի լավ բան չեն խոստանում ՌԴ ոչ ներքին, ոչ արտաքին քաղաքականությանը։ Սա, ըստ նրա, նշանակում է, որ ՌԴ իշխանություններն էլ ավելի ամուր կերպով են շարունակելու իրենց ավանդական քաղաքականությունը։

«Ճգնաժամը Ռուսաստանում և Ռուսաստանի շուրջ շարունակվելու է այս քաղաքականության հետևանքով՝ հանգեցնելով անկանխատեսելի բացասական հետևանքների»,- ընդգծեց Պիոնտկովսկին։

Հարցին, թե ի՞նչ հետևություններ պետք է անի վերջին ներռուսաստանյան զարգացումներից հայ հասարակությունը, Պիոնտկովսկին պատասխանեց, որ հետևությունը բոլորի՝ թե ռուս հասարակության, թե  ՌԴ գործընկեր երկրների ու հարևանների համար այն պետք է լինի, որ բոլոր ոլորտներում պուտինյան իշխանությունը շարունակելու է խորացնել ճգնաժամը՝ վերացնելով իր իշխանությանը սպառնացող բոլոր վտանգները թե՛ Ռուսաստանում, թե՛ դրանից դուրս։ «Սա նշանակում է, որ Ռուսաստանը շարունակելու է փորձերը՝ ամրապնդել իր ազդեցությունը հետխորհրդային գոտում, այդ թվում՝ Հայաստանում։ Կարծում եմ՝ այս զարգացումների գիտակցումն արդեն իսկ կարևոր հանգամանք կլինի»,- ասաց Պիոնտկովսկին։

Տեսանյութեր

Լրահոս