Աշխարհի ամենականաչ, ամենաերջանիկ երկիրը
Աշխարհում կյանքն ավելի լավն է դառնում։ Ինչպե՞ս են ավելի զարգացած հասարակությունները գնահատում, թե ինչն առավել մեծ նշանակություն ունի մարդու կյանքի համար։ Կարողություններ, առողջություն և մարդու հիմնարար ազատություններ։ Այս և մի շարք այլ չափորոշիչներով է հաշվարկվում «Ավելի լավ կյանքի ինդեքս» կոչվող գործակիցը, որն օգտագործվում է կայուն տնտեսական զարգացման գնահատման և Աշխարհում երջանկության զեկույցի պատրաստման նպատակով։
Weforum.org կայքը գրում է, որ նոր ուսումնասիրությունն այլ մոտեցում է որդեգրել։ Երջանիկ աշխարհի ինդեքսն առողջությունն ու երջանկությունը դիտարկում է ոչ թե առանձին, այլ հաջողության համար անհրաժեշտ մեկ այլ չափորոշիչով՝ կայունություն։ Բանաձևն այսպիսի տեսք ունի՝ լավ ապրելու, երկարակեցության գործակիցը բազմապատկեքհավասարաչափ բաշխման ցուցանիշով և բաժանեք «էկոլոգիական ոտնահետքի» ցուցանիշի վրա։
Այս մեթոդով հաշվարկելիս ամենահաջողակ երկրների շարքին են դասվում այն երկրները, որտեղ մարդիկ երկար են ապրում և երջանիկ՝ շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնելով։ Դրանք հարուստ արևմտյան երկրները չեն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Ընդհանուր առմամբ, 140 երկիր ներառող ցանկի առաջին տասնյակում տեղ են գտել Լատինական Ամերիկայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի որոշ երկրներ։
Առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը
- Կոստա Ռիկա – 44.7
- Մեխիկո – 40.7
- Կոլումբիա – 40.7
- Վանուատու – 40.6
- Վիետնամ – 40.3
- Պանամա – 39.5
- Նիկարագուա – 38.7
- Բանգլադեշ – 38.4
- Թաիլանդ – 37.3
- Էկվադոր – 37.0
Արդեն երրորդ տարին է՝ Կոստա Ռիկան զբաղեցնում է այս վարկանիշի առաջին հորիզոնականը։ Դա աշխարհի ամենաերջանիկ և կայուն երկիրն է՝ ըստ Երջանիկ աշխարհի ինդեքսի։ Վերջին հետազոտությունը ևս արձանագրել է, որ այս երկիրը բարեկեցության ամենաբարձր մակարդակն ունի, ինչպես նաև՝ ամենաերկարակյաց երկրներից է։ Կյանքի հավանականությունն այստեղ 78.5 տարի է՝ ավելի բարձր, քան ԱՄՆ-ում։ Էականն այս դեպքում այն է, որ այդ երկրում առողջությունն ու երջանկությունն ապահովվում է՝ բնական ռեսուրսների ավելի քիչ քանակի օգտագործման միջոցով։ Երկրի էլեկտրականության մատակարարման 99 տոկոսը կատարվում է նոր՝ ժամանակակից աղբյուրներից, իսկ կառավարությունը խոստացել է երկրում ածուխի օգտագործումը դադարեցնել մինչև 2021թ.։ Այս պետության նման առաջընթացին նպաստող կարևոր գործոններից մեկն այն է, որ Կոստա Ռիկայում մեծածավալ սոցիալական ներդրումներ են արվում առողջապահության և կրթության ոլորտում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը