«Պատմական համաձայնագիր»-2. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան խորհրդարանում ընդդիմադիր երեք խմբակցությունների ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, եւ իշխանական երկու խմբակցությունների` ՀՀԿ, ՀՅԴ, միջեւ ստորագրվեց Ընտրական օրենսգրքի շուրջ նոր համաձայնություն: Ըստ այս համաձայնության՝ գալիք խորհրդարանական ընտրություններում կհրապարակվեն ընտրողների ստորագրած ցուցակները:
Տեղամասերից նաեւ ուղիղ հեռարձակում կապահովվի: Ստորագրված ցուցակների հրապարակումը հայրենի ընդդիմադիրներն արդեն երկու տասնամյակ է, ինչ պահանջում էին իշխանություններից: Տարբեր տարիների իշխանությունները տարբեր հակափաստարկներ էին ներկայացնում, անգամ Սահմանադրական դատարանի հատուկ որոշում կայացվեց այս առիթով: Հիմնական հակափաստարկը՝ դա մարդու իրավունքների խախտում է եւ արգելված է Վենետիկի հանձնաժողովի կողմից, մշտապես գերակայում էր: Այս մասին շատ խոսվեց նաեւ անցնող տարում, երբ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին նախորդեցին ԸՕ նախագծի շուրջ քննարկումները: Այստեղ` Հայաստանում, վենետիկցիները ոչ հստակ հայտարարություններ էին անում այդ դրույթի մասին: Ընդդիմադիրներն ու իշխանական կուսակցության ներկայացուցիչներն էլ դա յուրովի էին մեկնաբանում: Ի վերջո՝ ընդդիմությունը գնաց այդ քայլին այն բանից հետո, երբ ԸՕ-ի շուրջ ձեռք բերված նախորդ` «4+4+4» ձեւաչափով կայացած եւ երկուստեք «պատմական» որակված համաձայնությունը տապալվեց:
Մեղավորը լեհական ընկերությունն էր, որը չհասցրեց տեխնիկապես ապահովել ընտրողների մատնահետքերի ֆիքսումը եւ նույնականացման քարտերով քվեարկությունը: «Առավոտի» հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, որ նույնպես մասնակցում էր երկրորդ` հիրավի պատմական համաձայնության ստորագրմանը, հարցին` ինչպե՞ս եղավ, որ ստորագրված ցուցակների հրապարակումն այլեւս մարդու իրավունքների խախտում չէ, եւ Վենետիկի հանձնաժողովի արգելքն էլ վերացել է, պատասխանեց. «Արգելքը չի վերացել, արգելքը կա: Ողղակի մենք համարեցինք, որ սա այն գինն է, որը մենք պետք է վճարենք»: Ի՞նչ բացատրություններ կամ հիմնավորումներ պետք է ներկայացվեն Վենետիկի հանձնաժողովին, որի կարծիքը մեր իշխանավորների համար այդչափ կարեւոր է եղել, համենայնդեպս՝ մինչ այսօր: «Հենց այն, որ այս համաձայնության քաղաքական արդյունքը շատ ավելի կարեւոր է, քան այդ սկզբունքի խախտումը»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: