Հյուրանո՞ց, թե՞ բարեկամի տուն. որն են նախընտրում Հայաստան այցելող զբոսաշրջիկները
Շարունակում ենք զբոսաշրջության ոլորտի ուշագրավ ցուցանիշների ներկայացումը։
Այս անգամ կխոսենք այն մասին, թե որտեղ են նախընտրում մնալ Հայաստան այցելող զբոսաշրջիկները՝ հյուրանոցներո՞ւմ, թե՞ վարձով տներում կամ բարեկամների մոտ։
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստան այցելած 501118 զբոսաշրջիկներից 73975-ը հանգրվանել են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցներ, հոսթելներ և այլն), 427142-ը` բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլն։
Ինչպես տեսնում եք, Հայաստան այցելողների մեծ մասը՝ 85%-ը, հյուրանոցների փոխարեն նախընտրում է վարձով բնակարանները կամ բարեկամների տները։ Պատճառը ոչ միայն հյուրանոցների գներն են, այլ նաև այն, որ ՀՀ այցելող և զբոսաշրջիկ հաշվառվող անձանց մեջ շատ են մեր հայրենակիցները, ովքեր գալիս են իրենց հարազատներին տեսակցության և հենց նրանց մոտ էլ մնում։
Այս հարաբերակցության մեջ հյուրանոցների կշիռը միշտ էլ փոքր է եղել, սակայն նախորդ տարիներին ավելի է նվազել։ Ստորև բերված գծապատկերում ներկայացված է այդ հարաբերակցությունը 2011-2016թթ. առաջին կիսամյակների համար։
Ինչպես տեսնում եք, 2011 թվականի 1-ին կիսամյակում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հանգրվանած մարդկանց տեսակարար կշիռը 19.6% էր, 2012 թվականին այն անգամ աճել է մինչև 22.1%, իսկ հետո նվազել։ 2011 թվականինն ՀՀ այցելած 267352 զբոսաշրջիկներից 52455-ը հանգրվանել են հյուրանոցներում, 214897-ը՝ այլ վայրերում։
Որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի, ներկայացնենք նաև, թե վերջին 6 տարիների ընթացքում տոկոսային առումով ինչպես է փոխվել ՀՀ այցելող ընդհանուր զբոսաշրջիկների թիվը, և հյուրանոցային ու «բարեկամային» զբոսաշրջությունը՝ առանձին-առանձին։
2011 թվականի առաջին կիսամյակում զբոսաշրջիկների ընդհանուր թիվը 2010-ի առաջին կիսամյակի համեմատ աճել էր 29.2%-ով։ Այդ թվում, հյուրանոցներում հանգրվանած անձանց թիվը գրեթե կրկնապատկվել էր (շուրջ 96% աճ)։
Հաջորդ տարի աճի տեմպը նվազեց մինչև 5.1%, սակայն հյուրանոցները նախընտրողների աճի տեմպն ավելի բարձր էր՝ 18.1%։
Իսկ 2013-ին պատկերը փոխվեց։ Ընդհանուր զբոսաշրջությունն ունեցավ 50.5% աճ, սակայն հյուրանոցներում հանգրվանող զբոսաշրջիկների թիվն աճեց ընդամենը 3.2%-ով։ Փոխարենը, վարձով տրվող բնակարաններում և բարեկամների տանը հանգրվանողների թիվն ավելացավ 63.9%-ով։
2014-2016թթ. առաջին կիսամյակներում հյուրանոցային և ոչ հյուրանոցային զբոսաշրջության աճի տեմպերը համաչափ են եղել և շատ չեն տարբերվել։ Հնարավոր է, սա այն պատճառով է, որ պահանջարկի աճի արդյունքում վարձով տրվող բնակարանների գները աճել են։
Սակայն այս թվերը խոսում են այն մասին, որ մեր հյուրանոցները լուրջ մրցակիցներ ունեն՝ ի դեմս վարձով տների, և պետք է վերանայեն իրենց սակագնային քաղաքականությունը։