«Սա ոտնձգություն է ոչ միայն Ստեփան Գրիգորյանի, այլ նաև ՀՀ հասարակական դաշտում ակտիվ այն բոլոր մարդկանց նկատմամբ, որոնք ունեն այլ մոտեցումներ». Ա. Սաքունց

Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի մուտքի արգելքին ՌԴ՝ ասաց, որ Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը վարում է մի ցուցակ, որտեղ ներառված են այն կազմակերպությունները, որոնք ստանում են դրամաշնորհներ ոչ ռուսական ծագմամբ կազմակերպություններից և, ըստ իրենց, համարվում են արտասահմանյան գործակալներ։

«Պարոն Գրիգորյանը դիվանագիտական աստիճան ունեցող անձնավորություն է։ Երբ Ռուսաստանի դեսպանի խորհրդականն ասել է, որ դա չի ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա, ինձ համար շատ տարօրինակ է։ Եթե ակտիվ դիվանագիտական գործունեություն ծավալող անձի հետ նման միջադեպը չի կարող ազդել, ապա իրենց մեսիջն այն է, որ ռուսական քաղաքականության վերաբերյալ բոլոր քննադատություններն իրենց չեն հետաքրքրում։ Այսինքն՝ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են միայն պաշտոնական մակարդակներում, իսկ հանրային և փորձագիտական շրջանակներում հարաբերություն չի կարող լինել։ Սա շատ հետաքրքիր արձանագրում է՝ այն դեպքում, երբ հարաբերությունների դաշտը շատ ավելի լայն է, քան միայն պետական մակարդակով»։

Ա. Սաքունցի գնահատմամբ՝ տեղի է ունեցել ըստ քաղաքական հայացքների՝ անձի նկատմամբ ազատ տեղաշարժի սահմանափակման, անձեռնմխելիության իրավունքի խախտում. «Մարդը գտնվել է փաստացի անազատության մեջ՝ առանց իրավական որևէ հիմնավորման, և, ի վերջո, նաև արդյունավետ պաշտպանության հնարավորությունից է զրկված եղել, մարդը հնարավորություն չի ունեցել ո՛չ զանգելու, ո՛չ փաստաբանի, ո՛չ իրավական աջակցության։ Այդ ամենի հիմքում ընկած են քաղաքական հաայացքները մի անձի, որը ՌԴ քաղաքացի չէ»։

Ըստ նրա՝ սա ոտնձգություն է ոչ միայն Ստեփան Գրիգորյանի, այլ նաև ՀՀ հասարակական դաշտում ակտիվ այն բոլոր մարդկանց նկատմամբ, որոնք ունեն այլ մոտեցումներ. «Քաղաքական իշխանությունները պետք է հստակ հայտարարություններ անեն, ոչ թե դիմումներ գրեն»։

Նշենք, որ քաղաքական իշխանություններն ասել են, որ պետք է հստակ ասվի, թե ինչ է եղել, դրանից հետո նոր գնահատականներ կտրվեն, ԱԳՆ-ն էլ ասել է, որ դիմում են տվել։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ նշեց, որ ինքը միայն ՀՀ քաղաքացի է և ունի երկու անձնագիր՝ կենսաբանական ու սովորական.

«Եթե հիմա ՌԴ-ի Միգրացիոն ծառայության կարգում ստուգեք իմ տվյալները, ես իրավունք ունեմ մուտք գործել այդ երկու անձնագրերով։ Այսինքն՝ Միգրացիոն ծառայությունը թույլ է տալիս, Ռուսաստանի ԱԳՆ-ն էլ ասում է, որ ոչ մի խոչընդոտ չկա, հետո մուտք եմ գործում՝ գրեթե ձերբակալում, մեկուսացնում են։ Այստեղ խնդիրն իրոք շատ լուրջ է ոչ միայն իմ, այլև այլ մարդկանց հետ կապված։ Այդ ի՞նչ որոշում է, որ մինչև 2030թ. արգելվում է իմ մուտքն այնտեղ։ Միգրացիոն ծառայությունը մինչև 5 տարով զրկելու իրավունք ունի։ Ես ներողություն եմ խնդրում, բայց բռնաբարություն կյանքում չեմ կատարել, կամ որևէ այլ արարք, որի համար դատվեի, ես չունեմ չմարված դատվածություն։

Միայն մի կետ է ինձ համապատասխանել իրենց տված ծանուցումից, որտեղ գրված էր, որ 26-րդ և 27-րդ հոդվածներով մերժում են։ 27-րդ հոդվածի բոլոր կետերն ինձ հետ կապ չունեին, միայն 26-րդ հոդվածի 9-րդ կետն էր մի փոքր համապատասխան, որ օտարերկրյա քաղաքացին, որը կամ աշխատում է, կամ համագործակցում այն կառույցների հետ, որոնք մտնում են անցանկալի կառույցների ցուցակ, համարվում է արտասահմանյան գործակալ։ Բայց այդտեղ էլ նշված չէ, թե որոնք են իրենց համար անցանկալի կառույցները, ես տարբեր կազմակերպությունների հետ եմ համագործակցում»։

Նրա խոսքով՝ այն մարդիկ, ովքեր ունեն աշխարհում կապեր, ուզում են Հայաստանում ժողովրդավարություն հաստատել, ՌԴ-ի սև ցուցակում են, օրինակ՝ Արթուր Սաքունցը, Լևոն Բարսեղյանն ու այլ անձինք։

Տեսանյութեր

Լրահոս