Սուրեն Զոլյանը փակագծեր բացեց. 1990-ականներին ադրբեջանցիները ոչ պաշտոնապես առաջարկել են 5 շրջանների դիմաց հրաժարվել ԼՂՀ-ից
«Ադրբեջանն իր առջև խնդիր չի դնում այդ 5 շրջանները վերադարձնելու, նա բոլորովին այլ ռազմավարություն է որդեգրել»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, քաղաքագիության դոկտոր Սուրեն Զոլյանը։
Նա որոշ փակագծերն բացեց՝ նշելով, որ 1990-ական թվականների վերջին Ադրբեջանի պաշտոնյաներն ասում էին՝ «մենք ձեռք ենք քաշում Լեռնային Ղարաբաղից, բայց այդ շրջանները մեր պատվի խնդիրն է, մենք դրանցից չենք կարող ձեռք քաշել։ Տվեք այդ շրջանները, և մենք Ղարաբաղի դեմ ոչ մի բան չենք անի»։
«Ես վերարտադրում եմ այն, ինչը ասվել է ոչ պաշտոնական ձևով մարդկանց, որոնք այդ լիազորություններն ունեին։ Բնականաբար, մենք ասում էինք, որ՝ դուք ի վիճակի չեք նման խոստումներ տալ, որովհետև չեք կարող ասել, թե ձեր հաջորդներն ինչ կասեն։ Համենայն դեպս, այսօրվա վիճակով Ադրբեջանն ուրիշ խնդիր է դնում՝ սպասելով, որ Հայաստանը թուլանա, և ինքն ի վիճակի կլինի ամբողջը վերցնել՝ առանց կաշկանդվելու որևէ պայմանավորվածությունից։ Ես դեռ չեմ լսել, որ Ալիևը պահանջ է դրել վերադարձել այդ տարածքները»,- նկատեց Ս. Զոլյանը։
Անդրադառնալով նրան, թե Ռուսաստանն ուզում է տեղակայել իր խաղաղապահներին՝ Ս. Զոլյանը նշեց, որ ինքը դա կարդացել է հայկական մամուլում։ Ըստ նրա՝ Ռուսաստանն այսօր այն վիճակում չէ, որ նման պլաններ ունենա. «Միգուցե ուզում է, բայց հիմա Ռուսաստանը հազիվ իր խնդիրներն է լուծում Սիրիայում։ Այն, թե կստիպեն Հայաստանին զիջել ինչ-որ տարածքներ և հետո իրենց խաղաղապահներին կտեղակայեն, դա բլեֆի դաշտից է։ Անգամ, եթե Ռուսաստանը նման ցանկություններ ունի, դա մնում է լոկ ցանկություն։ Նա այսօր այն վիճակում չէ, որ դա իրականացնի»։
Բանախոսի խոսքով՝ ինչ-ինչ քաղաքական և հասարակական կազմակերպություններ ակտիվանում են, և ասում են՝ «նախագահ, մի զիջիր», և արդեն ընտրություններից առաջ գալիս է նախագահը և ասում է՝ «ոչ մի թիզ հող». «Եվ բոլորս ասում ենք՝ տեսեք, կարողացավ Պուտինի ճնշումներին դիմադրել»։ Ըստ Ս. Զոլյանի՝ այս պահին ոչ մի լուրջ գործընթաց չի գնում, և այն, ինչ տեղի է ունենում, ունի կոսմետիկ բնույթ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։