Հալեպն անվտանգության գոտու դիմաց
Թուրքիայի նախագահը առիթ չի կորցնում Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու առաջադրանքը հանկերգելուց։ Ըստ Էրդողանի՝ այդ գոտին Սիրիայի քաղաքացիների համար մի վայր կդառնա, որտեղ նրանք զերծ կմնան ընթացող մարտերին մասնակցություն ունենալուց, ինչն էլ կխթանի ներգաղթի ճգնաժամը կարգավորելուն:
Բացի այդ, թուրք նախագահը նշել է, որ G20-ի ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հետ կայացած զրույցի ժամանակ, նա Վլադիմիր Պուտինին և Բարաք Օբամային առաջարկել է Սիրիան ոչ թռիչքային գոտի դարձնել:
Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան համագործակցում է Ռուսաստանի հետ, սիրիական Հալեպ քաղաքի կանոնակարգման շուրջ և ինքը հույս ունի, որ մի շարք խնդիրներ կհաջողվի լուծել մինչև մահմեդական տոնի՝ Բայրամի սկիզբը, որը կմեկնարկի մյուս շաբաթ:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները, G-20 գագաթնաժողովի ժամանակ մտքեր են փոխանակել սիրիական հարցի լուծման և երկկողմ հարցերի զարգացման վերաբերյալ։
Այս լրատվությունից բխում են մի քանի կարեւոր քաղաքական հանգամանքներ, որոնց նկատի պետք է ունենալ Անկարայի քայլերը հաշվարկելիս։ Գլխավոր խաղացողի դերի ստանձնման համար Անկարան Սիրիայում խաղաղություն հաստատման գործընթաց անշրջանցելի գործոն է ուզում երեւալ եւ հատկապես բեկումնային պահ ստեղծելու երեւույթը պայմանաւորել Մոսկվա-Անկարա մերձեցմանը հետեւող համաձայնություններին։
Բացառիկ լավատեսությունը, սիրիական հակամարտությունը մի շաբաթում լուծելու այս վարկածի համոզումն են փոխանցում։ Այլապես, մի շարք խնդիրներ լուծելը ընդամենը մի շաբաթում, այն էլ նման թեժ եւ տարողունակ պատերազմում դժվար թե ընկալելի լինի գործնապես եւ տրամաբանականորեն։
Այս ասվածի իմաստն այն է, որ եթե Մոսկվան եւ այս դեպքում մանավանդ Վաշինգտոնը համաձայնություն տան, որ ստեղծվի անվտանգության գոտի եւ ոչ թռիչքային գոտի, ապա Անկարան անմիջապես կլուծի խնդիրները։ Սա նաեւ ինքնամատնություն է, որ Անկարան, մինչ այժմ խաղաղության համար որեւե նպաստ չի ունեցել, որովհետեւ միջազգային ընտանիքը համաձայն չի եղել անվտանգության եւ ոչ թռիչքային գոտի ստեղծելու իր առաջարկներին։
Ծխածածկույթի տակ են պահվում այս գոտիների ստեղծման բուն շարժառիթները։ Ասվում է, որ այդ գոտին Սիրիայի քաղաքացիների համար մի վայր կդառնա, որտեղ նրանք զերծ կմնան ընթացող մարտերին մասնակցություն ունենալուց, ինչն էլ կխթանի ներգաղթի ճգնաժամը կարգավորելուն:
Հիմա պետք է համոզվել, որ Անկարայի առաջնային նպատակը սիրական հակամարտությունում մի շարք խնդիրներ լուծելն է, Սիրիայի քաղաքացիների անվտանգությունն ապահովելը եւ արտագաղթած սիրիացիներին իրենց երկիր վերադարձնելը։
Այսքան խաղաղասիրական գործողությունների կազմակերպման համար Էրդողանը իր ամերիկացի եւ ռուս գործընկերներին առաջարկել է համաձայնել անվտանգության ոչ թռիչքային գոտիներ ստեղծելու ծրագրին։
Հիմա խաղաղասիրական կեղծ նպատակներից անդին փորձենք դիտարկել Անկարայի կողմից ծխածածկույթի տակ թաքնված քայլերի շարժառիթները։
ԻՊ-ի դեմ պատերազմելու հայտարարությամբ Սիրիայի Ճարաբլոս շրջան ներխուժած Անկարան, ըստ էության, շահերի համատեղելիությամբ ներխուժման թույլտվություն ստացավ Մոսկվայից եւ Վաշինգտոնից կասեցնելու համար քրդերի առաջխաղացումը։ Ճարաբլոսի գործողությունը դա էր վկայում իր բոլոր մանրամասներով։ Փաստորեն, քրդերին արգելվեց անցնել Եփրատի արեւմտյան կողմը։ Ներխուժման թույլտվություն տվող այս դեպքում Վաշինգտոնը միաժամանակ թե քրդերին կանաչ լույս տվեց եւ թե հետո կարմիր վառեց։ Անկարան Ճարաբլոսը ազատագրեց ԻՊ-ից քրդերի առաջխաղացման կասեցման դիմաց։ Սա չի նշանակում դեռ, որ քրդերի գործոնը չի վերագործարկվի նրանց կողմից, որոնք կանաչ, հետո կարմիր լույս են վառում. իսկ Անկարան դեռ խնդիրներ է ունենալու այս առումով։
Ճարաբլոսի նմանությամբ հիմա Անկարան փորձում է շահերի համատեղելիությամբ երկրորդ եւ աւելի հիմնական ծրագիր իրականցնել։ Հալեպի կանոնակարգման շուրջ մի շարք խնդիրներ լուծելու դիմաց պայման է դնում անվտանգության եւ ոչ թռիչքային գոտիների ստեղծման ծրագիրը, որի դիմաց ընդամենը մի շաբաթում Հալեպում կլուծվեն մի շարք խնդիրներ…
Քաղաքական շուկայում այս առեւտուրը կստացվի՞ թե ոչ, բացարձակ կանխատեսելը իրատեսական չի թվում։ Բայց այն, որ ճարաբլոսի գործողությամբ Անկարան ինքն էլ գիտակցում է, որ իրեն չի հաջողվում քրդական գործոնը վնասազերծել, աւելի քան պարզ է։ Առաջադրվածը Իրաք-Սիրիա-Թուրքիա գծի վրա քրդական գոտու բացառումն է։
Հայտարարվածներն ու զինվորական գործողությունները մանրադիտակի տակ բերելով կնկատենք, որ առաջադրվածը «Հալեպն անվտանգության գոտու դիմաց» բանաձեւն է։
Իսկ եթե քրդական գործոնի խաղարկումն ու շահարկումը դեռեւս պետք է աշխարհաքաղաքական որոշ ուժերի համար, դժվար թե անվտանգության գոտի ստեղծելու Անկարայի առաջարկն ընդառաջվի։ Գոտիներ ստեղծվում են եւ ստեղծվելու են, բայց ոչ անպայման Անկարայի ճշտած աշխարհագրական տարածքներով։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր