Բաժիններ՝

Հայալեզու կրթական ծրագիրը դասվել է անգլիական ու ամերիկյան առաջատար ծրագրերի շարքին

«Այբ» հիմնադրամի մշակած և Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) շրջանակում լրամշակված «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) հայալեզու կրթական ծրագիրը հավասարազոր է ճանաչվել այնպիսի միջազգային առաջատար կրթական ծրագրերի, ինչպիսին են անգլիական Քեմբրիջի խորացված մակարդակները (Cambridge A Levels) և ամերիկյան Advanced Placement-ը (AP)։

Այս նպատակով սեպտեմբերի 6-ին «Այբ» դպրոցում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում նաև ամփոփվեցին Արարատյան բակալավրիատի մյուս երկու կարևորագույն ձեռքբերումները՝ ԱԲ-ի ճանաչումը որպես Հայաստանում այլընտրանքային կրթական ծրագիր և ԱԲ-ի առաջին՝ միջազգայնորեն ճանաչելի քննությունների հավաստագրերի հանձնումը։

Ասուլիսին խոսքով հանդես եկան Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) տնօրեն Տեր Մեսրոպ քհն. Արամյանը և «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը։

Ասուլիսի ընթացքում նշվեց, որ Արարատյան բակալավրիատ (ԱԲ) ծրագրի հավասարազորության ճանաչման ծավալուն ու երկարատև աշխատանքը իրականացրել է աշխարհում հավաստագրման ու ճանաչման ամենահեղինակավոր կառույցներից մեկը՝ Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (ՄԲ ՃՀԱԳ / UK NARIC)։ Դա նշանակում է, որ այսուհետ Հայաստանը կունենա իր ուրույն տեղը համաշխարհային կրթական քարտեզի վրա, իսկ հայ երեխաները հնարավորություն կունենան իրենց հարազատ դպրոց ում մայրենի լեզվով ստանալու մրցունակ կրթություն, որի որակը ճանաչելի է աշխարհի լավագույն բուհերի կողմից:

Կարդացեք նաև

AB_2

Խոսելով այն մասին, թե ԱԲ-ի հավասարազորությունը այլ միջազգային կրթական ծրագրերին ինչ է տալիս հայ աշակերտներին՝ ԿԳԱԾ-ի տնօրեն Տ․ Մեսրոպ քհն. Արամյանը նշեց․ «Սա նշանակում է, որ հետայսու հայ աշակերտները կարող են հայերենով հանձնել միջազգային քննություններ և այդ քննությունների արդյունքների հիման վրա ընդունվել աշխարհի լավագույն համալսարաններ կամ այդ քննությունների արդյունքները կրեդիտավորել այդ համալսարաններում»։

ԱԲ-ի՝ որպես Հայաստանում այլընտրանքային ծրագիր հաստատվելու մասին խոսեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ով մասնավորապես ասաց․ «Մենք այսօր Հայաստանում ունենք այլընտրանքային ծրագիր, որն ունի բավականին բարձր միջազգային որակ և այնպիսի բարձր չափանիշներ և չափորոշիչներ, որոնց Հայաստանի կրթական համակարգը ինքն աստիճանաբար պետք է հասնի։ ՀՀ բոլոր ավագ դպրոցներին հնարավորություն է տրվելու երկու ճանապարհի ընտրություն կատարել՝ այն ճանապարհը, որը մենք ունենք այսօր, և ԱԲ-ի ճանապարհը, որը, ըստ էության, ապահովելու է նաև անմիջապես միջազգային արդյունք»։

Ասուլիսի վերջում անդրադարձ կատարվեց ԱԲ-ի առաջին քննություններին՝ բացառիկ երևույթ թե՛ Հայաստանի, թե՛ համաշխարհային կրթական պատմության մեջ, քանի որ առաջին անգամ էր, որ որևէ երկրի աշակերտներն իրենց մայրենի լեզվով հանձնեցին Քեմբրիջի խորացված մակարդակներին համազոր քննություններ, որոնք ճանաչելի են թե՛ Քեմբրիջի, թե՛ այլ միջազգային բուհերի կողմից։

Մամուլի ասուլիսից անմիջապես հետո տեղի ունեցավ ԱԲ-ի առաջին քննությունների առաջին հավաստագրերի հանձնումը աշակերտներին։ Այս հավաստագրերը հնարավորություն կընձեռեն աշակերտներին ընդունվելու աշխարհի մի շարք համալսարանններ Անգլիայում, Եվրոպայում, Սինգապուրում, Ճապոնիայում և շատ այլ երկրներում:

«Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրը միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական ծրագիր է՝ կոչված ընձեռելու մրցունակ դպրոցական կրթության հնարավորություն ՀՀ բոլոր երեխաներին։ Ծրագիրը ստեղծվել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում՝ «Այբ» հիմնադրամի և Քեմբրիջի համալսարանի համատեղ ջանքերի արդյունքում։ Առաջիկա տարիներին Արարատյան բակալավրիատը, որն արդեն հավատարմագրվել է որպես Քեմբրիջի խորացված մակարդակներին (Cambridge A Levels) համազոր ծրագիր, ներդրվելու է ամբողջությամբ վերանորոգված և կահավորված ՀՀ տասներկու (մեկական՝ յուրաքանչյուր մարզում) և Արցախի մեկ դպրոցում, իսկ այնուհետև՝ ՀՀ և Արցախի բոլոր ավագ դպրոցներում՝ առնվազն մեկական հոսքային դասարանով:

Կրթության գերազանցության ազգային ծրագիրը (ԿԳԱԾ) Հայաստանի հանրակրթության որակի բարձրացման և համակարգային բարեփոխումների իրականացման տասնամյա նախաձեռնություն է, որը մեկնարկել է 2014 թվականին։ Ծրագրով նախատեսվում է կրթական համակարգում ներդնել միջազգային ճանաչում ունեցող հայալեզու ազգային այլընտրանքային կրթական ծրագիր (Արարատյան բակալավրիատը), Հայաստանում լավագույն մարդկային ռեսուրսներն ուղղորդել դպրոց և պատրաստել միջազգային չափորոշիչներին համապատասխան ուսուցիչների համայնք:

Ծրագրի գաղափարը «Այբ» կրթական հիմնադրամինն է և իրականացվում է Կրթության և գիտության նախարարության հետ՝ Քեմբրիջի համալսարանի (Անգլիա) և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Կրթության ինստիտուտի (IOE) հետ համատեղ։

Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ Կառավարության և համաֆինանսավորվում «Այբ» կրթական հիմնադրամի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս