«Ռուսաստանը, Թուրքիան ու բազմաբևեռ աշխարհը». Թոմաս դե Վաալի անդրադարձը

Ռուսաստանն ու Թուրքիան կարևոր պատճառներ ունեն մերձենալու 6-ամսյա սառցե հարաբերություններից հետո: Այս մասին է Carnegie Europe պարբերականում հրապարակված իր՝ «Ռուսաստանը, Թուրքիան ու բազմաբևեռ աշխարհը» հոդվածում գրում ամերիկյան «Քարնեգի» հիմնադրամի հարավկովկասյան հարցերով փորձագետ, քաղաքագետ Թոմաս դե Վաալը:

Նրա կարծիքով` Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը, փորձելով կարգավորել հարաբերությունները, դրանով իսկ ցանկանում են իրենց դժգոհությունը հայտնել Արևմուտքից:

Էրդողանը ցանկանում է ցուցադրել իր դժգոհությունը, թե ինչպես Արևմուտքի ղեկավարները միանշանակ կերպով չաջակցեցին իրեն հուլիսյան հեղաշրջման փորձից հետո, և թե ինչպես էին քննադատում իր բռնատիրական մեթոդները:

Նրա խոսքով` բազմաթիվ խաղացողներ, այդ թվում` Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիայի թյուրքական երկրները, չէին ձգտում գրավել ինչ-որ մեկի կողմը Թուրքիայի կողմից ռուսական «Սու-24» ինքնաթիռի խոցումից հետո:

Դե Վաալը գտնում է, որ դրա հետևանքով Թուրքիայի ղեկավարությանը մեծ վնաս հասցվեց` նվազեց Թուրքիա ռուս զբոսաշրջիկների թիվը, Ռուսաստանն էմբարգո սահմանեց թուրքական ապրանքների ներկրման վրա, մյուս կողմից` այն հարվածեց Ռուսաստանի մտադրությանը` նվազեցնել գազամատակարարումն Ուկրաինայի տարածքով «Թուրքական հոսք» նախագծի իրականացման շրջանակում` Սև ծովի հատակով:

Փորձագետի կարծիքով` ռուսներն ու թուրքերը հակված են մտածել, որ Եվրոպան անարդարացի է այդ երկու մեծ երկրների նկատմամբ, որոնք, իրենց կարծիքով, արգելափակում են մայրցամաքի մեծ մասը բազմաթիվ տհաճություններից` Արևելքից և Հարավից:

Խոսելով սիրիական հարցում գործողությունների կոորդինացման մասին` Թոմաս դե Վաալը նշել է, որ երկու երկրներն էլ տակտիկական գործարք են իրականացրել ԴԱԻՇ-ի դեմ երկրի հյուսիսում, սակայն կողմերը դեռևս աջակցում են Հալեպի համար մղվող մարտերում հակառակորդ կողմերի:

«Այդ պատճառով Էրդողանի և Պուտինի հաշտեցումն ավելի շատ նման է բիզնես գործարքի` սահմանափակ նպատակներով ու տնտեսական հիմնավորումներով, քան ռազմավարական դաշինքի»,- ասվում է հոդվածում:

Փորձագետի կարծիքով` երկու երկրներն էլ տեսնում են, որ աշխարհում նման դաշինքները, ինչպիսիք է ՆԱՏՕ-ն կամ ԵՄ-ն, թուլանում են ու ավելի քիչ նշանակություն են ձեռք բերում:

«Երկու ղեկավարներն էլ իրենց ավելի հարմարավետ են զգում աշխարհում, որտեղ նման դաշինքները կարճաժամկետ են ու ժամանակավոր»,- ասվում է հոդվածում:

Տեսանյութեր

Լրահոս