Բաժիններ՝

«Վիճակագրությունը Հայաստանում վերածվել է նկարչության». Հակոբ Ավագյան

«Տնտեսական ակտիվության ցուցանիշը, եթե նույն «Դուինգ բիզնեսի» մոդելով են հաշվում, օրինակ՝ քանի ՍՊԸ է բացվել, դա իրականության հետ կապ չունի: Կարևորը ՀՆԱ-ն է, սակայն այդ ցուցանիշն էլ այսօր հավատ չի ներշնչում, քանի որ վիճակագրությունը մեր երկրում աղճատված է՝ սկսած մաքսային սահմանից, վերջացրած գյուղատնտեսության ցուցանիշներով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը՝ խոսելով 2016 թ. հունվար-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի 3.0% աճի մասին:

Ըստ նրա՝ տարվա այս շրջանում տնտեսության այնպիսի ոլորտներ, ինչպես գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, շինարարությունը, պետք է աճեին, դրանց համար ակտիվ սեզոն է, իսկ, օրինակ, առևտրի ոլորտը կապված է մարդկանց միգրացիայի հետ, ամառվա այս շրջանում շատերը մեկնում են երկրից, և այդ ցուցանիշների նվազում է գրանցվում:

Թե տարվա կեսին ընդհանուր ակտիվության նվազումն ինչի՞ կհանգեցնի տարվա վերջին՝ Հ.Ավագյանը դժվարացավ կանխատեսել, քանի որ վիճակագրությունը, նրա բնորոշմամբ, Հայաստանում վերածվել է նկարչության:

Հիշեցնենք, որ նախորդ ամիսների համեմատ՝ ՏԱՑ-ի աճի տեմպը նվազում է, օրինակ՝ հունվար-հունիսին այն 4.7% էր, հունվար-մայիսին՝ 5.5%, հունվար-ապրիլին՝ 6% և այլն: Նմանատիպ դինամիկա է նաև ամսական կտրվածքով 1 տարվա համեմատությամբ. եթե այս տարվա մարտին նախորդ տարվա մարտի համեմատ տնտեսության ակտիվությունն աճել էր 6.6%, ապրիլին 2015-ի ապրիլի համեմատ՝ 5.7%, մայիսը՝ 2015-ի մայիսի նկատմամբ՝ 5.4%, հունիսը՝ 2015-ի հունիսի նկատմամբ՝ 1.9%, ապա այս տարվա հուլիսին արդեն նախորդ տարվա հուլիսի համեմատ անկում է արձանագրվել՝ 4.3%:

Տնտեսության ճյուղերում հունվար-հուլիսին աճ է գրանցվել արդյունաբերական արտադրանքի ոլորտում՝ 7.9%, գյուղատնտեսության՝ 1.3%, ծառայությունների՝ 7.6%, արտաքին առևտրաշրջանառության՝ 2.3 %, սակայն, եթե արտահանումն աճել է 16.5%, ապա ներմուծումը նվազել է 4.4%:

Տնտեսության մյուս ոլորտներում անկում է գրանցվել. շինարարություն՝ 7.6%, մանրածախ առևտուր՝ 0.4%, էլեկտրաէներգիայի արտադրություն՝ 5.5%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս