«Զիջումների» կամ «փոխզիջումների» մասին խոսելը պարտվողականություն է. Շավարշ Քոչարյան
«Զիջումների» կամ «փոխզիջումների» մասին խոսելը պարտվողականություն է: Նման կարծիք այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Առ այսօր ես Բաքվից չեմ լսել որևէ հայտարարություն զիջման մասին: Ա´յ, երբ որ Բաքուն խոսի զիջումների մասին, էն ժամանակ կարելի է խոսել փոխզիջումների մասին: Քանի դեռ այնտեղ չեն խոսում, ինքնին նույնիսկ այդպիսի հարցեր բարձրացնելը, կարծում եմ, առնվազն կոռեկտ չի: Այլ բան, որ բանակցային գործընթացի մասին խոսելիս հայկական կողմերն ասում են, այո, փոխզիջումների պատրաստ ենք, ընդհանուր»,- ասաց Շ.Քոչարյանը:
Փոխարտգործնախարարին վրդովեցրեց հարցը, որ եթե Բաքվից խոսեն զիջումների մասին, Հայաստանն ի՞նչ է զիջելու. «Ես չեմ հասկանում, դուք հաճո՞ւյք եք ստանում զիջումներից խոսելուց: Ինչո՞ւ Ադրբեջանում ես չեմ լսել որևէ մի անգամ որևէ լրագրող հարց տա Բաքվին՝ իսկ դուք ի՞նչ զիջման եք պատրաստ»:
Ըստ նրա՝ բանակցային գործընթացն առաջ գնալու համար ենթադրում է զիջումներ, բայց քանի դեռ ադրբեջանական կողմը չի կոնկրետացրել, թե ինքն ինչ զիջումների է պատրաստ, հայկական կողմերի զիջումների մասին խոսելը ռազմավարական և մարտավարական կոպիտ սխալ է. «Մեր նպատակը շատ հստակ է՝ ԼՂ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Պետք է երաշխավորված լինի ԼՂ-ի և ժողովրդի անվտանգությունը: Այդ երկու հարցադրումը հստակ դրված է և բազմիցս դրա մասին ասվել է: Դետալներն այլ խնդիր են, որոնք պայմանավորված են նաև մեր հակառակորդի դիրքորոշմամբ, իսկ նրանց դիրքորոշումը շատ կոշտ է և այդ պարագայում խոսել դետալների մասին ուղղակի անիմաստ է»:
Անդրադառնալով եռակողմ նոր հանդիպման մասին տեղեկություններին՝ Շ.Քոչարյանը նշեց, որ ամբողջ բանակցային գործընթացի ընթացքում ձգտում են նամն հանդիպումներ կազմակերպել, և հայկական կողմը երբեք չի խուսափել նման հանդիպումներից, եթե կարելի է սպասել որևէ արդյունք, օրինակ՝ տեղաշարժ բանակցային գործընթացում, որն այսօր չի երևում: Նա կարևորեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կյանքի կոչելը, այսինքն՝ կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդում, անվտանգության երաշխիքներն այդ ուղղությամբ, որը շատ էական է: