Ֆինանսական ոլորտի վարկային խտրականությունը
Գաղտնիք չէ, որ ՀՀ առևտրային բանկերի վարկային պորտֆելի դոլարայնացման աստիճանը բավականին բարձր է։ Այսպես, օրինակ, Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրված վարկերի ծավալը այս տարվա հունիսի վերջի դրությամբ կազմել է 2 տրլն 99.7 մլրդ ՀՀ դրամին համարժեք գումար, որից 1 տրլն 364.3 մլրդը արտարժույթով տրամադրված վարկերն են։
Այսինքն, ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելի մոտավորապես 65%-ը արտարժութային վարկեր են։ Սա նշանակում է, որ ՀՀ վարկառուները չափազանց խոցելի են փոխարժեքային ռիսկերի նկատմամբ։ Դրամային եկամուտ ունեցողների վարկային բեռը դրամի արժեզրկման դեպքում ծանրանում է։
Սակայն երբ դիտարկում ենք ըստ տնտեսության առանձին ճյուղերի՝ մի շատ հետաքրքիր պատկեր է ստացվում։ Կան ոլորտներ, որոնց տրամադրված վարկերի մեջ արտարժութային վարկերը 90%-ից ավելի են, այսինքն՝ նրանք չափազանց խոցելի են դրամի արժեզրկման ռիսկի նկատմամբ։ Օրինակ, անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտին տրամադրված 32.5 մլրդ դրամի վարկերի 98%-ը արտարժույթով է։
Հիփոթեկային վարկերի դեպքում վիճակն ավելի հավասարակշռված է, սակայն արտարժութային վարկերը այստեղ ևս գերակշռում են՝ 53.7%-ը՝ 46.3%-ի դիմաց։
Տնտեսության 19 ճյուղերից 17-ի դեպքում բանկերը նախապատվությունը տվել են արտարժույթով վարկավորմանը։ Միայն 2 ուղղություններով են, որ վարկային պորտֆելի մեջ դրամով վարկերը ավելի մեծ տեսակարար կշիռ ունեն։
Մեկը սպառողական վարկերի ուղղությունն է. հունիսի վերջի դրությամբ 426.12 միլիարդ դրամ ծավալով սպառողական վարկերի 76.7%-ը (326.7 մլրդ) ՀՀ դրամով է։
Իսկ ամենաուշագրավը, թերևս, ֆինանսական և ապահովագրական ոլորտն է։ Այս ոլորտին տրամադրված վարկերի ծավալը կազմել է 114.2 մլրդ դրամ, որի մեծ մասը՝ 65.9%-ը, ՀՀ դրամով է։
Այսինքն, բանկերը իրեն գործընկեր բանկերին, ապահովագրական և ֆինանսական ոլորտի այլ ընկերություններին վարկավորել են հիմնական դրամով՝ զերծ պահելով փոխարժեքի տատանման ռիսկից։