«Սասնա ծռերի» 126-ամյա մաուզերը
«Մեզ նաև հաճախ հարցնում են կամ փորձում են մեղադրել, թե ինչո՞ւ Դաշնակցությունը ներկա չէր, ինչո՞ւ Դաշնակցությունը մասնակից չէր այդ դեպքերից հետո հավաքներին, և այլն: Շատ պարզ պատճառով՝ որովհետև այդ մարդիկ մեզ համար խոսակից չէին, ինչպես որ մենք իրենց համար խոսակից չէինք: Քաղաքական կուսակցություններին չընդունող, քաղաքական կուսակցություններին համարող, որ նրանք որևէ բանի ընդունակ չեն, քաղաքական մեթոդները չընդունող ուժի հետ, բնական է, քաղաքական ուժը չի կարող նույն հարթակի վրա լինել»,- խոսելով «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման մասին՝ ասում է Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
Նրա հետ չհամաձայնելը դժվար է։ Ինչպես որ դժվար է՝ անկախ վերաբերմունքից, չընդունելը, որ Դաշնակցությունը քաղաքական միավոր է, Հայաստանում գործող գուցե եզակի քաղաքական միավորներից մեկը։ Անկախ ոչ միայն՝ վերաբերմունքից, այլ նաև՝ անկախ տարբեր իրադրություններում Դաշնակցության գործելակերպից, սկզբունքայնության աստիճանի հասնող անսկզբունքայնությունից, ազգային վերընձյուղման դատարկ կարգախոսներով տարբեր իշխանությունների հակազգային քայլերն արդարացնելու անհաջող փորձերից ու այդ փորձերի արդյունքում հաջողված բարեկեցության մակարդակի աճից։
Անկախ այդ ու էլի մի շարք հանգամանքներից՝ Աղվան Վարդանյանն իրավացի է. քաղաքական ուժն անելիք չունի այն հարթակում, որտեղ քաղաքական հարցերը ցանկանում են լուծել զենքով։ Իրավացի է, որովհետև այո, քաղաքական հարցերը ոչ քաղաքական ճանապարհով լուծելն անընդունելի է, վտանգավոր է ու նաև պետականակործան է։
Այդ մարդիկ մեզ համար խոսակից չեն։ Կրկին իրավացիորեն ասում է Աղվան Վարդանյանը՝ նախկին դաշնակցականներից մեկին պաշտամունք դարձրած այդ խմբի մասին։ Բայց դա ասելով, հարգարժան դաշնակցականը չի ասում ու չի մանրամասնում, թե ով է Դաշնակցության համար խոսակից։ Չի ասում ու չի մանրամասնում, որովհետև ասելու ու մանրամասնելու դեպքում պետք է հնչեցնի իշխանության կամ նրա առանձին ներկայացուցիչների անունները։
Որովհետև նրանք են դարձել ու մնացել Դաշնակցության միակ խոսակիցները։ Որովհետև նրանց հետ խոսակցելու ու խոսակցությունը կոալիցիոն մակարդակի հասնելու պատճառով, հասարակությունը դադարել է լինել Դաշնակցության խոսակիցը։ Ինչպես որ, հանուն արդարության՝ պետք է արձանագրել, դադարել է լինել նաև մյուս՝ իշխանության հետ չխոսակցողների ու անգամ հրապարակավ իշխանության դեմ պայքարողների խոսակիցը։ Որովհետև նույն Դաշնակցության կողմից իշխանության հետ այդքան ինքնամոռաց խոսակցելու ու մյուսների կողմից իշխանության դեմ այդքան ինքնամոռաց կեղծ պայքարելու արդյունքում՝ հասարակությունը դադարել է քաղաքականությունը համարել «խոսակցության» հարթակ։
Հուլիսի 17-ը՝ ոչ մեկի հաղթանակը չլինելով ու չդառնալով, պետության ու հանրային կառավարման համակարգի մասնակիցների, առաջին հերթին՝ քաղաքական կուսակցությունների պարտությունն էր, մասնավորապես՝ քաղաքականության պարտությունը՝ ընդհանրապես։ Ավելի լայն իմաստով, հուլիսի 17-ը քաղաքականության հիմնական միջոցի՝ գաղափարի ու խոսքի պարտությունն էր զենքին։ Որի վրա այդքան սիրում են երդվել դաշնակցականները՝ կուսակցությանն անդամագրվելիս՝ այն համարելով հայի փրկության միակ միջոցը` 120 ու ավելի տարիների ընթացքում գեթ մեկ անգամ չմտածելով՝ զենքը փոխարինել խելքով։ Որպես փրկության միջոց, բնականաբար։ Երևի չեն մտածել, որովհետև զենքով ավելի հեշտ է։ Ու եկամտաբեր, երևի՝ նաև։
Ու քանի որ չեն մտածել զենքը խելքով փոխարինելու մասին, երևի մտքներով չի անցել անգամ, որ հուլիսի 17-ին ու դրան հաջորդած օրերին կրակող զենքերի մեջ էր նաև այն մաուզերը, որը գաղափարակիր ընկերների համար պատմականորեն եղել է ու կա բոլոր խորհրդանիշերից ամենախորհրդանշականը, որը՝ խորհրդանիշ լինելով անգամ, միևնույն է՝ օրերից մի օր կրակում է։ Նույնիսկ՝ երբ թաքցվում է մինիստրական կամ նախարարական պորտֆելներում…
Երբ քաղաքական համակարգի մասնակիցները սկսում են հարաբերվել կամ որպես խոսակից ունենալ միայն այդ համակարգի առանձին մասերի՝ կորցնելով կապն այդ նույն համակարգի ամենակարևոր սուբյեկտի՝ հասարակության հետ, «խոսակցությունները» տեղափոխվում են Բաղրամյան 26, Մելիք-Ադամյան կամ… ՊՊԾ գունդ։ Այդ վայրերից որևէ մեկում հասարակությունը ներկա չէ։
Ինչպես որ բացակա է պետությունից ընդհանրապես։
Հարություն Ավետիսյան