«Ես համոզված չեմ, որ պետությունը հաղթած, ավելի ամրացած է դուրս եկել այս վիճակից». Աղվան Վարդանյան

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ զրուցել ենք հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման, Ժիրայր Սէֆիլյանի և Նաիրի Հունանյանի դաշնակցական անցյալի ընդհանրությունների, ՀՅԴ-ի հեղափոխականության, տարածքային զիջումների, Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ հնչած գնահատականների և այլ հարցերի շուրջ:

– Պարոն Վարդանյան, ի՞նչը հանգեցրեց հուլիսի 17-ին Երևանում սկսված իրադարձություններին, որոնց հետևանքով ունեցանք զոհեր, բազմաթիվ վիրավորներ, ձերբակալվածներ, և արդյոք պետությունն ուժեղացա՞ծ դուրս եկավ այս ամենից, ինչպես նշել էր հանրապետության նախագահն իր ելույթում:

– Ես կարծում եմ՝ խնդիրը պետք է բաժանել 2 մասի: Երբ մենք հարցը ձևակերպում ենք այսպես՝ «ինչը հանգեցրեց», միանգամից գնում ենք ուրիշ տեղ: Կար մարդկանց խումբ, որոնք չէին ընդունում քաղաքական պայքարի մեթոդները, չէին ընդունում քաղաքական ուժերին, համարում էին, որ միակ ճշմարիտն իրենք են, միայն իրենք գիտեն փրկությունը, բոլորը սխալ են, և իրենց ճանապարհն է ճիշտ: Սովորաբար, նման դեպքերում մենք գործ ունենք այլ կարգի՝ ծայրահեղ մտածողության հետ: Նույնիսկ Աստվածաշնչում կա, որ 7 մահացու մեղքերից առաջինը հենց գոռոզությունն է, հպարտությունն է, մեծամտությունն է: Այդ մարդկանց խումբն այդպես էր մտածում, և սա առաջին տարին չէր:

Մեզ նաև հաճախ հարցնում են կամ փորձում են մեղադրել, թե ինչո՞ւ Դաշնակցությունը ներկա չէր, ինչո՞ւ Դաշնակցությունը մասնակից չէր այդ դեպքերից հետո հավաքներին, և այլն: Շատ պարզ պատճառով՝ որովհետև այդ մարդիկ մեզ համար խոսակից չէին, ինչպես որ մենք իրենց համար խոսակից չէինք: Քաղաքական կուսակցություններին չընդունող, քաղաքական կուսակցություններին համարող, որ նրանք որևէ բանի ընդունակ չեն, քաղաքական մեթոդները չընդունող ուժի հետ, բնական է, քաղաքական ուժը չի կարող նույն հարթակի վրա լինել: Ինձ համար զարմանալի է որոշ քաղաքական ուժերի ներկայությունն այդ նույն հարթակներում: Ինձ համար առավել ևս զարմանալի է հասարակական տարբեր կազմակերպությունների աջակցությունն այդ մարդկանց, հասարակական կազմակերպություններ, որոնք իրենց գործունեության առանցքում դնում են ժողովրդավարությունը, եվրոպական արժեքները, մարդու իրավունքները, ազատությունները, և հանկարծ պարզվում է, որ նրանք բռնության, զենքի ուժով քաղաքական փոփոխության փորձ անողների, կոչ անողների կողքին են փորձում կանգնել: Նույնիսկ կազմակերպություններ կային՝ «Եվրոպական իրավունք» կամ «Եվրոպական գիտակցություն»՝ այս կարգի անուններով: Այսինքն՝ մեկ խնդիրը տարբերենք մյուսից. կար մարդկանց խումբ, որն այլ կերպ էր մտածում և մտածում էր ոչ քաղաքական մեթոդներով պայքարի մասին, որը մեզ համար դատապարտելի և անընդունելի է: Արձագանքն արդեն բոլորովին այլ աղբյուր ունի: Մարդկանց որոշակի խմբի աջակցությունը, կամ մտածողության ծայրահեղականացումը հասարակության որոշ մասի մեջ արդեն ունի դժգոհության այլ աղբյուր: Այսինքն՝ այս երկուսը պետք է կարողանանք տարանջատել: Այն, որ երկրում կա հսկայական դժգոհություն և´ վարվող քաղաքականությունից, և´ սոցիալ-տնտեսական վիճակից, և´ պետական համակարգի արդյունավետությունից, սա ակնհայտ է, բայց չնույնացնենք երբեք այս երկուսը: Սա է ամենամեծ վտանգն ու ամենամեծ սխալը: Այո, դրանից հետո եղան ցույցեր, և այստեղ ևս պետությունն իր բարձրության վրա չգտնվեց, նույն Ոստիկանության ոչ համաչափ գործողությունները, որոնք մենք դատապարտել ենք, նույն 29-ի դեպքերը, և, եթե հիշում եք, լրագրողները վերջերս ակցիա էին կազմակերպում նախագահի նաև այն խոսքի վրա, որ՝ «խնդրում եմ, մոռացեք», բայց ես որքան հիշում եմ՝ նախագահն ասել էր՝ խնդրում եմ մոռանալ, բայց նաև ավելացրել էր, որ դրանք այլևս չեն կրկնվի: Իսկ չեն կրկնվի մի դեպքում՝ եթե այդ մարդիկ, ովքեր այդ հարձակումը կատարել էին լրագրողների վրա, իսկապես պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ, պատժվեն դատարանով:

Միայն այդ դեպքում հնարավոր կլինի մոռանալ այդ գործողությունները: Սա է տարբերությունը: Երկու բան ինձ համար հստակ է՝ կար մարդկանց խումբ՝ ծայրահեղական մտածողությամբ, որ նույն բանը, եթե հիշում եք, ծրագրում էին անել 1 տարի առաջ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

Բայց ես հենց առաջին օրն եմ ասել՝ բացառվում է, որ նման գործողությունը հանրային լայն աջակցություն ստանա: Աջակցություն եղավ, բայց դա այդ ծայրահեղ մտածողության միայն մի փոքր մասն էր: Ես համոզված եմ, որ սա չէ ճանապարհը երկրում որակական լուրջ փոփոխություններ իրականացնելու՝ բոլոր առումներով, որ մեր առջև կանգնած են: Ամենադատապարտելի և սխալ ճանապարհն էին ընտրել:

Ամենակարևորը, որ այս փուլից մենք դուրս գանք՝ գիտակցելով սրա վտանգները, այս մտածողության արմատավորման վտանգները: Ամենաառաջին օրը, երբ նույնիսկ հայտնի չէր, որ գնդապետ է զոհվել, մենք մեր գնահատականները տվել ենք, 3 օր հետո նույնպես, շատ հստակ և ոչ թե՝ թաքնվելով, ոչ թե՝ փորձելով դիվիդենտներ շահել, այլ հստակ, որովհետև այս իրավիճակում անորոշ, անհստակ դիրքորոշում արտահայտելը, կամ փորձել այս ժողովրդական ալիքի վրա դու էլ քո տեղը գտնես, նման բաները ոչ թե քաղաքական կուսակցության դիրքորոշում են, այլ անպատասխանատվություն, անբարոյականություն, անողնաշարություն: Մենք պետք է կարողանանք հիմա դաս քաղել և այս վիճակից դուրս գալ: Ես համոզված չեմ, որ պետությունը հաղթած, ավելի ամրացած է դուրս եկել այս վիճակից: Պետությունն ավելի ամրացած դուրս կգա այս վիճակից, երբ մենք ծայրահեղ մտածողությունը բացառող այնպիսի քայլեր կատարենք, որ մարդիկ տեսնեն իրական փոփոխություններ, մարդիկ տեսնեն իրական պատասխանատվություն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս