Բաժիններ՝

Վան Գոգի հետքերով. Առլ (մաս առաջին)

Նվիրվում է Վան Գոգի հիշատակին

Երբ 19 տարեկանում եղբորս առաջարկով կարդացի Իրվինգ Սթոունի «Կյանքի ծարավը», որ հոլանդացի պոստիմպրեսիոնիստ Վան Գոգի կյանքի գեղարվեստական պատումն էր, ինձ համար այլևս անբեկանելի հեղինակություն դարձավ այս նկարիչը: Անհասկանալի, հակասական, անսովոր կյանքի պատմությամբ այս մարդը, որ նկարագրված էր այդ գրքի էջերում, պետք է հիմնավորապես փոխեր իմ կյանքի ընթացքը: Ես սովորում էի Լրագրության ֆակուլտետում, բայց որ մշակույթն ու արվեստն էր լինելու իմ նեղ մասնագիտական ընտրությունն այս ոլորտում, ես գլխի ընկա միայն հենց այս ժամանակ: Հետո սկսեցի փնտրել ինֆորմացիայի այլ աղբյուրներ ու գրականություն, որ ավելի հավաստի տեղեկություններ կհաղորդեր Վան Գոգի կյանքի մասին: Ինտերնետը, ինչպես այսօր է, այն տարիներին չկար, ու գրադարաններից՝ գրադարան, հարց ու փորձով, մի կերպ, ի վերջո, Վերնիսաժի տոնավաճառում գտա փաստագրական, կենսագրական մի վեպ՝ Անրի Պերյուշոյի «Վան Գոգի կյանքը»:

Nvard (2) Nvard (3)

Ծարավ մեկի պես վրա պրծա ուսանողական տարիներին բնորոշ աղքատ բյուջեի վերջին մետաղադրամներով ձեռք բերված այդ գրքի վրա ու… Հիշում եմ՝ նույնիսկ մի քանի օր հիվանդ ձևացա, համալսարան չհաճախելու, տանը մնալու ու գիրքը րոպեներ առաջ մի քանի էջ ավելի կարդալու համար: Ես պարզապես չէի կարողանում կտրվել այն նոր աշխարհից, որի ամեն տողի տակ բացահայտում էի ինձ համար բոլորովին այլ իրականություն: Այս հանճարեղ, հիվանդ մարդու ապրած կյանքն ինձ տեղ-տեղ զարմացնում էր, տեղ-տեղ՝ հիացնում, տեղ-տեղ՝ վախեցնում, բայց… Ահա Առլում (Arles) անցկացրած նրա կյանքի նկարագրությունն անջնջելիորեն դրոշմված մնաց իմ մտապատկերներում: Ոչ միայն այն պատճառով, որ դա Վան Գոգի կյանքի միաժամանակ առավել դաժան, առավել ներդաշնակ, առավել բարենպաստ ու, անկասկած, ամենաբեղմնավոր ստեղծագործական կյանքի փուլն էր:

Կարդացեք նաև

Nvard (4) Nvard (23)

Առլի մուտքն ազդարարում է հռոմեական ոճով կառուցված հին ամրոցը, որի ներսում բացվում է քաղաքի տեսարանը:

Կար նաև անմեկնելի մի բան՝ ես հիացած էի այն դեղին արևի նկարագրությամբ, որի մասին պատմում էր Վան Գոգն Առլից եղբորը՝ Թեոյին ուղարկած նամակներում: Այդ ի՞նչ դեղին էր ու այդ ի՞նչ արև, որը ես դեռ չէի տեսել, կամ մի՞թե իսկապես կար դեղինի մի այդպիսի երանգ, որը ես հետո այդքան փնտրեցի ամեն տեղ, բայց չգտա, մինչև այն պահը, երբ հասա Առլ:

Առլում առաջին անգամ ես եղա 2014-ի ուշ նոյեմբերյան մի ցուրտ երեկո: Ամեն ինչ այնտեղ դեղին էր: Հավատացեք՝ ուղղակի դեղին: Նոյեմբերը դեղին էր, ցուրտը՝ դեղին, քաղաքը դեղին էր, մարդիկ՝ նույնպես, ովքեր դեղինով էին ներկել իրենց տների պատերը՝ ի նշան, ի խորհուրդ ու ի հիշատակ հանճարեղ Վան Գոգի, որ երբևէ ապրել ու արարել է այս փոքրիկ քաղաքում, հիմնել Դեղին տնակը, որտեղ երազում էր նկարիչների հարավային միություն ստեղծելու մասին, որ կհամախմբեր իմպեսիոնիստներին ու պոստիմպրեսիոնիստներին, որտեղ ինքը մի կարճ ժամանակահատված ապրեց իր մտերիմ ընկերոջ՝ Պոլ Գոգենի հետ միասին, որտեղ ստեղծեց, թերևս, գլուխգործոց համարվող վառ դեղին «Արևածաղիկները», որտեղ կրկին Առլի դեղին արևից հարված ու աբսենտի անվերահսկելի քանակությունից խելագարության հասավ, ու որտեղ՝ ի նշան սիրո ու նվիրվածության, ասում են, խելագարության նոպաներից մեկի ժամանակ, Պոլ Գոգենի հետ թունդ վեճից հետո, սափրվելու համար նախատեսած ածելիով կտրեց ձախ ականջն ու իբրև «նվեր» տարավ նվիրելու բորդելի ծանոթ սիրուհուն:

Nvard (26)

Ասում են՝ սա մի երիտասարդ կին էր՝ Գաբրիել Բերլատյեն (Gabrielle Berlatier), ով ֆերմերի աղջիկ էր ու աշխատում էր Առլի հասարակաց տներից մեկում: Ասում են նաև, որ այս կինը շան հարձակումից հետո կատաղության դեմ թանկարժեք բուժում ստանալու արդյունքում գոյացած պարտքերը մարելու համար ստիպված է եղել աշխատել հասարակաց տանը, բայց քանի որ չափազանց երիտասարդ էր, նրան այնտեղ գրանցում են՝ որպես հասարակաց տան սպասուհի: Պատմությունը վկայում է, որ հետագայում այս կինն ամուսնացել է ու երջանիկ ընտանեկան կյանքով ապրել մինչև խոր ծերություն, ինչից և ոչ մեկը չհաջողվեց իրականություն դարձնել Վան Գոգին: Նա ինքնասպան եղավ երիտասարդ տարիքում՝ բոլորովին մենակ ու անհաջողության չվերջացող տառապանքներից հուսահատ: Ինչևէ:

Nvard (13)

Փողոց, որտեղ ժամանակին գործել է Առլի հասարակաց տներից մեկը, որի սպասուհիներից մեկի համար Վան Գոգը կտրեց իր ձախ ականջը:

Nvard (18) Nvard (22)

Առլի փողոցներում ամենուր և ամեն ինչ հիշեցնում է Վան Գոգի ներկայության մասին:

Երկրորդ անգամ, արդեն երկու տարի անց, անբացատրելի դեղինի կարոտով ես նորից Առլում եմ: Ցանկացած տեսակի ու կրիչի ինֆորմացիա, որ կարելի է հայթայթել ու գտնել այս մարդու մասին, ես գրեթե գիտեմ՝ հավանական ու անհավանական, վարկած կամ իրականություն, կարևոր չէ: Արևն առաջվա պես անսովոր դեղին է, թեև ուղեկիցներս կարծես այնքան էլ միակարծիք չեն ինձ հետ: Համենայնդեպս, նրանք թեթևակիորեն թերահավատ են այս առիթով: Բայց դա ևս արդեն կարևորների շարքից է: Յուրաքանչյուր ոք, ով քիչ թե շատ տեղյակ է Վան Գոգի կյանքի ու Առլում անցկացրած տարիների մասին, հասնելով այս քաղաք, առաջին հերթին ձեռնամուխ է լինում գտնելու Դեղին տնակը: Ցավոք, սակայն, մեծ էր իմ տխրությունը, երբ ինձ ուղեկցող ֆրանսուհին ասաց, որ այդ տունը վաղուց արդեն գոյություն չունի: Պարզվում է՝ Դեղին տնակը հիմնահատակ ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Փոխարենը՝ տնակի տեղում այսօր այս ցուցատախտակն է, որ վկայում է երբևէ այստեղ կանգնած շինության գոյության մասին: Ափսոս, որ դա պատահեց հենց Վան Գոգի հայտնի դեղին կացարանի հետ:

Դեղին տնակի նկարը (նախկինում և հիմա)

Վան Գոգի օրերից ավելի քան 130 տարի անց Առլում շատ, չափազանց շատ բան է փոխվել: Քայլելով քաղաքի նեղ ու դեղին փողոցներով՝ ես փորձում էի գտնել ու լուսանկարել բոլոր այն վայրերը, որոնք քիչ թե շատ կապ են ունեցել նկարչի անձնական ու ստեղծագործական կյանքի հետ: Դեղին տնակի տարածքն ուսումնասիրելուց հետո ես սկսեցի փնտրել «Ամառային այգին» («Jardin d’Ete»), որտեղ, նախապես արդեն գիտեի՝ Վան Գոգի դիմաքանդակն է:

Nvard (9)

Nvard (8)

Ցուցանակ

Nvard (10) Nvard (7)

Առլի նեղ ու արևոտ փողոցները:

Վան Գոգի դիմաքանդակը

Այսօր էլ նույն տեղում, ինչպես մեկուկես դար առաջ էր՝ գործում է Առլի «Գիշերային սրճարանը» («Le Café La Nuit» Le Café Van Gogh), որ Վան Գոգը նկարել է 1888թ. սեպտեմբերին, անվանելով կտավը՝ «Գիշերային սրճարան Առլում»: Հետաքրքիր է այն փաստը, որ նկարելով գիշերը, Վան Գոգը բացարձակապես չի օգտագործել սև գույնը, իսկ գիշերային երկինքը հեքիաթ է հիշեցնում:

Nvard (17)

Վան Գոգի դիմաքանդակը «Ամառային այգում» («Jardin d’Ete»):

Սրճարանի նկարները (նախկինում և հիմա)

Մինչ այսօր Առլի հարավ-արևելյան հատվածում պահպանվել է նաև հանրահայտ «Վան Գոգի կամուրջը» («Van Gogh Bridge» Pont de Langlois), որին նկարիչն իր կտավներում անդրադարձել է ոչ մեկ անգամ:

Nvard (16) Nvard (20) Nvard (15) Nvard (21) Nvard (11)

Կամուրջը (նախկինում և հիմա)

Եվ վերջապես, արվեստների ու արհեստների քաղաք հռչակված ֆրանսիական Առլն այսօր հայտնի է հանճարեղ նկարչի անունը կրող մշակութային հիմնադրամի (Fondation Vincent van Gogh) կողմից կազմակերպվող և անցկացվող ամենամյա ծրագրերի իրականացմամբ նաև, որտեղ այս օրերին այցելուների համար ցուցադրվում է Վան Գոգի տարբեր տարիներին ստեղծված 31 կտավ:

Nvard (24) Nvard (25) Nvard (5)

Ֆոնդասիոնի նկարը դրսից

Ես հրաժեշտ էի տալիս ինձ սիրելի դարձած քաղաքին, որտեղ ամեն ինչ հիշեցնում էր Վան Գոգի կենդանի ներկայությունը: Մտքում հույս ունեի, որ նորից վերադառնալու եմ այստեղ՝ ինչ-որ մի օր, ինչ-որ հարմար առիթով, կամ նույնիսկ առանց առիթի, պարզապես Վան Գոգին «այցելելու» համար: Առջևում, Առլից ոչ հեռու Սենտ Ռեմին էր (Saint-Rémy-de-Provence), որտեղ նկարիչը տեղափոխվել է ականջը կտրելուց հետո վրա հասած հերթական հոգեկան սուր նոպայից անմիջապես հետո: Այս գյուղաքաղաքում Վան Գոգն անցկացրել է իր կյանքի մեկ տարին՝ ստացիոնար բուժում ստանալով տեղի՝ Monastère St. Paul-de-Mausole հոգեբուժարանում:

Nvard (19)

Nvard (6) Nvard (14)

Առլի հռոմեական ամֆիթատրոնը և հարակից եկեղեցին նույնպես առկա են Վան Գոգի առլյան շրջանի կտավներում

168.am-ին հաջողվեց նկարահանումներ կատարել հոգեբուժարանի ներսում: Նյութը՝ հաջորդիվ:

Լուսանկարները՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս