«Ագրեսիվ համակարգչային խաղերը, արյունալի տեսարաններով լի ֆիլմերը բացասական ազդեցություն են ունենում երեխայի վրա»
Երեխաների դաստիարակության գործում իրենց դերն ու նշանակությունն ունեն մուլտֆիլմերը, խաղարկային ֆիլմերը, համակարգչային խաղերը, հեքիաթները: «Մանկագիրը, բանաստեղծը զարգացնում են երեխայի երևակայությունը, հարստացնում են նրա պատկերավոր, զգայական աշխարհը»,– նշեց հոգեբան Ռուբեն Պողոսյանը:
Ռուբեն Պողոսյանի կարծիքով, մուլտֆիլմերը պետք է բարություն քարոզեն, սակայն դրանցում առկա ագրեսիվ տարրերի գոյությունը նույնպես բնական է: Անհնար է երեխային զերծ պահել իրականությունից, պարզապես անհրաժեշտ է երեխային պատրաստել դրան: Հոգեբանը հատկապես կարևորում է մոր միջոցով երեխային փոխանցվող պատմամշակութային կենսափորձը:
«Երեխան նույնականացնում է իրեն մուլտհերոսների հետ, նրանց ապրումակցելով՝ հասկանում է, թե ինչպես են սիրում, թախծում և այլն»,- նշեց Ռուբեն Պողոսյանը՝ հավելելով, թե շատ մուլտֆիլմեր կարող են նաև հանգստացնող ազդեցություն ունենալ երեխաների վրա:
Ըստ հոգեբանի՝ ագրեսիվ համակարգչային խաղերը, արյունալի տեսարաններով լի ֆիլմերը բացասական ազդեցություն են ունենում երեխայի վրա և կարող են մի շարք վախերի, շփոթությունների առաջացման պատճառ դառնալ, սակայն մեր օրերում երեխաները ժամանակ անցկացնելու այլընտրանք գրեթե չունեն:
«Ինֆորմացիոն բացասական հոսքերը չափազանց շատ են, և դժվար է դրանց դեմ պայքարելը. պետք է դրանց փոխարեն ներկայացվեն բարոյական, գեղագիտական արժեք ունեցող ֆիլմեր: Կան համակարգչային խաղեր, որոնք զարգացնում են միտքը, պաշտպանվելու կարողությունը»,-նշեց Ռուբեն Պողոսյանը:
Ըստ հոգեբանի՝ երեխային խաղալ, ինտերնետից օգտվել արգելելը չի՛ կարող խնդիրները լուծել: Անհրաժեշտ է մշակութային բարձր մակարդակ ստեղծել և պայքարել գոյություն ունեցող աղբի դեմ: Այդ հարցում նա շատ կարևորեց և՛ ծնողների, և՛ հասարակության, և՛ մամուլի դերը: Իսկ ծնողական համալսարան ստեղծելը կբարձրացնի ծնողների արժեքային համակարգը: