«Երևանյան իրադարձությունները` բռնությունն ու այդ բռնության ճնշումը, եթե ոչ՝ ոգեշնչված, ապա՝ քաջալերված էին Մոսկվայի կողմից». Փոլ Գոբլ

«Մոսկվան ջանում է զրկել Երևանին ընտրության հնարավորությունից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Պետքարտուղարի նախկին հատուկ խորհրդական (1990-ական թթ.), ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայումս՝ Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլը՝ անդրադառնալով երևանյան երկշաբաթյա դրամատիկ իրադարձությունների պատճառներին:

Նշենք, որ Փոլ Գոբլը երկար տարիներ աշխատել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությանը կից Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում` որպես խորհրդական և հետազոտությունների տնօրեն:

Նա նշեց, որ Հայաստանում մշտապես եղել են մարդիկ, ովքեր չեն ցանկացել աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ որևէ քայլի:

Սակայն, Գոբլի կարծիքով, այնուամենայնիվ որոշ զարգացումներ վերջին ամիսների ընթացքում, այդ թվում՝ ապրիլյան քառօրյա պատերազմը, մեծ դերակատարություն ունեցան Երևանում ստեղծված իրավիճակի հարցում, դրանք ստեղծեցին մի իրավիճակ, որն էլ ավելի մեծ անկայունության մղեց Հայաստանին, քան նախկինում:

«Դրանցից առաջինը վերջին իրադարձություններն էին Թուրքիայում և Անկարայի շրջադարձը ՌԴ իշխանությունների հետ՝ համարյա թե ռազմական առճակատումից ավելի բարեկամական հարաբերությունների:

Երկրորդը՝ ՌԴ իշխանության աճող ցանկությունը՝ Ադրբեջանին տեսնել Հարավային Կովկասում իր գլխավոր գործընկերը: Երրորդ պատճառը՝ ՀՀ Կառավարության շարքերում գտնվող մարդկանց աճող ցանկությունը՝ ավելի լավ հարաբերություններ և կապեր ունենալ Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ: Իմ խորին համոզմամբ՝ Մոսկվան մշտապես կարծել է, որ Հայաստանը կմնա ռուսական ուղեծրում՝ մտածելով, որ պատմականորեն հայերը շրջապատված են եղել թուրքերով, խնդիրներով, որ նրանք ընտրության հնարավորություն չունեն, բայց վերջին փոփոխությունները միջազգային զարգացումներում ստիպեցին ոմանց ՀՀ-ում պատրաստվել հայացքն ուղղել դեպի Արևմուտք՝ փնտրելով հարաբերությունների նոր վեկտոր:

Իմ խորին համոզմամբ՝ վերջին մի քանի շաբաթների իրադարձությունները` բռնությունն ու այդ բռնության ճնշումը ՀՀ իշխանությունների կողմից, եթե ոչ՝ ոգեշնչված, ապա՝ քաջալերված էր Մոսկվայի կողմից, քանի որ Մոսկվան ցանկություն ուներ ստիպել ՀՀ իշխանությանը՝ ճնշել ընդդիմությանը:

Այդ ակտիվ ճնշումը շատ ավելի կբարդացներ ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ լավ հարաբերություններ կառուցելու Երևանի ցանկությունը՝ Երևանին թողնելով ավելի քիչ ընտրության հնարավորություն, այսինքն՝ թողնելով միայն մեկը՝ Մոսկվայի ուղեծիրը, չնայած նրան, որ վերջին ամիսներին Մոսկվան Հարավային Կովկասում հետապնդում էր ամեն ինչ, բայց ոչ՝ բարեկամություն Հայաստանի հետ»,- մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Փոլ Գոբլը:

Տեսանյութեր

Լրահոս