«Սարսափելի և վրդովեցուցիչ է նման արվեստագետին, մարդ-անհատին ձերբակալելը». Արմինե Հայրապետյանը՝ Եղիշե Պետրոսյանի ձերբակալության մասին
Հեղինակ-կատարող, հնագետ և ԵՊՀ դասախոս Արմինե Հայրապետյանի կարծիքով՝ հեշտ է ասել՝ ընդվզումներ եք հրահրում, ու ձերբակալել մշակույթի գործիչներին.
«Ես էլ կարող է երգ գրեմ, որն ինչ-որ մեկին հրահրի կտրուկ քայլ անելու… Արվեստը որոշակիորեն նաև իր ժամանակը պիտի արտացոլի, հակառակ դեպքում՝ այն արժեք չունի, բայց չի կարելի նման կերպ վարվել արվեստագետի հետ»:
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով երգահան Եղիշե Պետրոսյանի ձերբակալությանը՝ նա նշեց, որ ցավ է ապրում նրա ու մյուս մտավորականների, այն արվեստի գործիչների համար, որոնք կարող են ազատ խոսքի համար ցանկացած պահի ձերբակալվել.
«Այն արվեստագետներն ու մշակույթի գործիչները, որոնք անտարբեր չեն հանրության ցավի նկատմամբ, որոնք նման դեպքերում կանգնած են հանրության կողքին, սադրիչներ չեն: Նրանք այնտեղ են հանրությանը սատարելու, որոշիչ պահերին միայնակ չթողնելու մղումով: Ես ցավով եմ ընկալում, որ նման գործողություն է իրականացվել: Հատկապես սարսափելի և վրդովեցուցիչ է նման արվեստագետին, մարդ-անհատին ձերբակալելը: Կարծում եմ՝ հրատապ լուծում պետք է գտնվի և չեղյալ հայտարարվեն նման ձերբակալությունները: Մտավորականին, արվեստագետին ձեռք տալ՝ զանգվածային անկարգություններ հրահրելու կեղծ մեղադրանքով, անընդունելի է ու բացահայտ հերյուրանք»:
Հարցին, թե այս օրերին մտավորականներն էլ քննադատության թիրախ դարձան. առհասարակ, երբ մտավորականները լսարանի համար են խոսում ու հասարակական կարծիքին դեմ են արտահայտվում, չկա՞ արդյոք վարկաբեկվելու վտանգ, թե՞, ինչպես Ռուբեն Բաբայանն էր ասում՝ մտավորականի կարծիքը պետք է տարբերվի թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության, թե՛ հանրության կարծիքից, նա այսպես պատասխանեց.
«Մտավորականը նույնպիսի անհատ է, ինչպես ցանկացած քաղաքացի, և մի մտավորականի կարծիքը կարող է տարբերվել մեկ այլ մտավորականի կարծիքից, ու համապատասխանաբար՝ կարող է տարբերվել նաև հանրության, հանրության մեջ տարբեր բևեռների կարծիքից: Այս ամբողջ իրադարձությունների մեջ մի բան է հատկապես շատ ցավալի՝ շատերը չեն ուզում ընկալել, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը հայտնելու իրավունք: Շատ մտքեր ու գնահատականներ են հնչել, որոնք ինքս ցավով եմ ընկալում, բայց չեմ կարող այդ մարդկանց համարել ազգի դավաճան, որովհետև յուրաքանչյուր ոք իր ուրույն հայեցակետն ունի: Այս իրավիճակը չափազանց լուրջ ճգնաժամ է, պետք է իմաստուն որոշումներ կայացնել: Ցավում եմ, որ նման բևեռացում գնաց մտավորականների և հանրության միջև, սակայն ընդհանրացված խոսելը ևս սխալ է: Ամեն դեպքում մեզանից որևէ մեկն ուրիշին չի կարող իր միտքը պարտադրել: Այլ բան է, որ առաջնահերթ խնդիրներ ու սկզբունքներ կան, որոնք ամեն ինչից վեր են` արդարությունը և հայրենիքը… Եվ, որ ամենակարևորն է` հասարակ քաղաքացին իր հայրենիքում իրեն անտեսված չպետք է զգա…
Ուստի, կարծում եմ, որ հանրային մարդիկ իրենց միտքը հայտնելուց առաջ պետք է մի լավ ծանրութեթև անեն՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ իրենց խոսքը: Նման ժամանակ մերկապարանոց և հապճեպ հայտարարություններ ու որակումներ անել չի կարելի, հատկապես, երբ իրավիճակը փխրուն է, երբ հանրությունը վրդովված է, երբ իրեն զգում է անտեսված ու խաբված: Կային կարծիքներ, որ չափից շուտ հնչեցին, և նույն մարդիկ հաջորդ քայլերում այլ դիրքորոշում ցույց տվեցին: Բնականաբար, քննադատությունն էլ պետք է լինի տեղին, որ ընդունելի դառնա: Ամեն դեպքում ցավալի է, որ այսօր առկա է մոտեցումների նման բևեռացում: Համատարած հրդեհում թացը չորից չի զատվում: Ցանկալի կլիներ, որ այն մարդիկ, ովքեր իրենց մտավորական են համարում ու կարծում են, թե իրենց խոսքը կարևոր է, կարծիք հնչեցնելուց առաջ բավական լուրջ ծանրութեթև անեն, և, եթե «խելքը գլխին» բան չունեն ասելու (ներողություն, որ այդպես եմ ասում), ավելի լավ է՝ ուղղակի լուռ մնան… Մենք պետք է սովորենք ընդունել սխալներն ու ուղղել դրանք: Մենք բոլորս` բոլոր քաղաքացիները, և մեզանից հատկապես նրանք, ովքեր բռնել են ղեկը…»:
Հեղինակ-կատարողը երկրի ապագան կապում է նոր սերնդի հետ՝ նշելով, որ նրանք այլ կերպ են մտածում` չի կարելի սպանել այդ ազատ միտքը.
«Այսօրվա երիտասարդին մեղադրելուց առաջ թող մարդիկ մի պահ մտածեն՝ ի՞նչ է նա զգում, երբ գիտակցաբար գնում է մահակի հարվածին ընդառաջ: Շատերը զանազան որակումներ են տալիս, մեղադրում են՝ իբրև արկածախնդիրների: Սակայն ես սրտանց հավատում եմ, որ կգա օրը, երբ անձնուրաց, հայրենասեր երիտասարդները կգան ղեկավարելու: Եվ հուսամ, որ չեն կորցնի այս նվիրվող որակը…»: