Արդյունաբերության աճի տեմպը փոքր-ինչ արագացել է
Եվ այսպես, Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2016 թվականի մանրամասն մակրոտնտեսական ցուցանիշները։ Նախնական տվյալները, այդ թվում՝ արդյունաբերության մասով, հրապարակվել էին դեռ հուլիսի 20-ին: Իսկ այժմ հնարավոր է ոչ միայն՝ տեսնել առանձին ոլորտների աճի ցուցանիշները, այլև՝ ինչի հաշվին է գրանցվել այդ աճը։
Կրկին կխոսենք արդյունաբերությունից, որովհետև նախորդ հրապարակումներից մեկում խոստացել էինք զարգացնել այդ թեման։
2016 թվականի հունվար-հունիսին արդյունաբերության ոլորտը տվել է 659.7 մլրդ դրամի արտադրանք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է 8.9%։ Հունվար-մայիսի համեմատ աճի տեմպը փոքր-ինչ ավելացել է՝ 0.1 տոկոսային կետով։ Առաջին հայացքից՝ վատ չէ, և վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ օգոստոսի 2-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հատուկ ընդգծեց արդյունաբերության ոլորտի աճը։
Աճը, սակայն, գրանցվել է հիմնականում հանքարդյունաբերության, իսկ ավելի կոնկրետ՝ մետաղական հանքաքարի արդյունահանման հաշվին։ Իսկ դրանից ավելի կոնկրետ՝ պղնձի խտանյութի արդյունահանման ծավալների հաշվին։
Այսպես, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտը հունվար-մայիսին տվել է 122.17 մլրդ դրամի արտադրանք, որից 120 մլրդ դրամը մետաղական հանքաքարն է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ հանքարդյունաբերության ոլորտի արտադրանքի ծավալն աճել է 18.8%-ով: Որպեսզի առավել պարզ լինի, պղնձի խտանյութի արդյունահանումը բնեղեն արտահայտությամբ աճել է 31%-ով՝ 140 000-ից հասնելով 192.6 հազար տոննայի։ Նշենք նաև, որ հանքարդյունաբերության ոլորտում աճի տեմպը նվազել է՝ հունվար-մայիսին 19.6% աճ էր գրանցվել։
Մշակող արդյունաբերությունն այս նույն ժամանակահատվածում աճել է 5.1%-ով, արտադրանքի ծավալը՝ 394.5 մլրդ դրամ։ Այստեղ էլ աճի տեմպն արագացել է՝ հունվար-մայիսին 3.8% էր։
Ի դեպ, կառավարության նիստի վերաբերյալ հաղորդագրության մեջ արդյունաբերության ցուցանիշների մեջ վրիպակ էր տեղ գտել։ Հանքարդյունաբերության 18.8% աճը ներկայացվել էր 118.8%, իսկ մշակող արդյունաբերության աճը՝ 105.1%։ Ըստ երևույթին, ինդեքսը շփոթել են աճի հետ, և այդ վրիպակը դեռ ուղղված չէ։
Սակայն սա այնքան էլ էական չէ։ Ավելի էական են այն կանխատեսումները, որ հնչում էին հուլիսի կեսին՝ արդյունաբերության մասով։
Մասնավորապես, Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հուլիսի 15-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ բացի պաշտոնական տվյալներից՝ Էկոնոմիկայի նախարարությունը նաև ներքին մոնիտորինգ է անցկացնում, և որոշ տվյալներ էր ներկայացրել այդ մոնիտորինգի արդյունքներից։ Էկոնոմիկայի նախարարությունն ամբողջ արդյունաբերության համար կիսամյակի կտրվածքով կանխատեսում էր 10% աճ, սակայն արձանագրվեց 8.9%։ Հանքարդյունաբերության համար կանխատեսվում էր 20% աճ, սակայն, ինչպես նշեցինք, աճի տեմպը նվազել է մինչև 18.8%։
Սրանք թույլատրելի շեղումներ են։ Սակայն մշակող արդյունաբերության մասով կանխատեսումն ու փաստացի ցուցանիշը շատ են տարբերվում։ Էկոնոմիկայի նախարարությունը հունվար-հունիսին կանխատեսում էր մշակող արդյունաբերության 14% աճ, սակայն փաստացի աճը կազմել է 5.1%։ Ընդ որում, կանխատեսումն անելու պահին հայտնի էր, որ հունվար-մայիսին այս ոլորտի աճը կազմել է 3.8%, և պետք է հուլիսին աննկարագրելի ակտիվություն գրանցվեր, որ 3.8%-ը դառնար 14%։
Իսկ թե ինչո՞ւ է պաշտոնական վիճակագրության և մոնիտորինգի արդյունքների շեղումն այդքան մեծ հենց մշակող արդյունաբերության ոլորտում, նախորդ հրապարակումներից մեկում պարզաբանել ենք։ ԱՎԾ-ն ներկայացնում է հարկային մարմնին ներկայացված, «երևացող» շրջանառությունը։ Իսկ Էկոնոմիկայի նախարարությունը, բացի այդ տվյալներից, հաշվի է առնում նաև սեփական ուսումնասիրությունները, հարցումների արդյունքները։ Այսինքն՝ փորձում է հասկանալ իրականությանը մոտ պատկերը։
Ու այդ պատկերն էապես տարբերվում է ԱՎԾ-ի թվերից, ինչը խոսում է այն մասին, որ այս ոլորտում ունենք զգալի ստվերային շրջանառություն։