Ի՞նչ են մտածում Մոսկվայում Երևանում տեղի ունեցող դեպքերի մասին
Հարցազրույց Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովի հետ
– Արդեն 14-րդ օրն է՝ «Սասնա ծռեր» խումբը Երևանում գրավել է ՊՊԾ գնդի տարածքը, և սկսվել է նոր բողոքի շարժում, իսկ երեկ գիշերը ոստիկանները՝ թաղային խուժանի հետ, հարձակվել են խաղաղ ցուցարարների և լրագրողների վրա, դաժանաբար ծեծել նրանց, կոտրել տեխնիկան, շատերին բերման ենթարկել կամ ձերբակալել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրադարձությունները:
– Մեկնաբանել նման իրադարձությունները՝ նստած լինելով Մոսկվայում, շատ ինքնավստահ կլինի: Կարող եմ ասել միայն իմ կարծիքը՝ ցանկացած դաժանություն նպաստում է իրադրության սրմանը:
– ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեռ հուլիսի 21-ին հայտարարել էր, որ Մոսկվան դատապարտում է Երևանում ՊՊԾ գնդի գրավումը և աջակցում է ՀՀ իշխանությունների նախաձեռնած քայլերին: Այսօր ի՞նչ են մտածում Մոսկվայում:
– Մոսկվայում չկա մեկ կենտրոն կամ կարծիք: Կան ազդեցության տարբեր խմբեր: Այդ պատճառով՝ հարցը՝ «ի՞նչ է մտածում Մոսկվան», այնքան էլ ճիշտ չէ: Ես կարող եմ ասել, թե ինչ են մտածում իմ գործընկերները, ընկերները, ինչ են մտածում իսկական ռուս մարդիկ: Նրանք կարեկցում են: Նրանք Հայաստանին և հայերին խաղաղություն են մաղթում՝ անկախ նրանից, թե այդ երկրի քաղաքացիներն իրենց համար ինչ ուղի կընտրեն: Թե ինչ են մտածում արտաքին գերատեսչությունների չինովնիկները, ես չեմ կարող մեկնաբանել: Ինձ թվում է, որ առանձնապես ոչինչ էլ չեն մտածում: Եվ արդեն վաղուց:
– Ըստ Ձեզ՝ Երևանում կատարվողը «քրեական երևո՞ւյթ» է, «ահաբեկչությո՞ւն», «զինված ապստամբությո՞ւն», թե՞ ինչ-որ այլ բան:
– Ես պատրաստ չեմ գնահատականներ տալու: Առավել ևս՝ այդքան կտրուկ: Հենց այնպես մարդիկ բողոքի դուրս չեն գալիս: Երբ Մոսկվայում աշխատանքից հեռացնում էին բժիշկներին, անգամ իմ տարեց հայրը գնաց ցույցի, այն դեպքում, որ նա շատ հանդարտ ու խաղաղ մարդ է: Ես կարծում եմ, որ Հայաստանում մարդկանց հունից հանել է ստեղծված իրավիճակը: Փոփոխությունների պահանջը գերհասունացել է՝ ինչպես նուռը:
– Տեղեկություններ կային, որ զինյալների ու իշխանությունների միջև բանակցությունները վերսկսվել են Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի միջոցով, սակայն հետո հերքվեցին դրանք, Ժիրայր Սէֆիլյանն էլ ասել է, որ իրեն բանագնացներ են այցելել, բայց Սերժ Սարգսյանը չի փոխում իր պահանջները. նախ՝ զինյալները պետք է վայր դնեն զենքը: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է հարկավոր բանակցությունների արդյունավետությունն ապահովելու համար:
– Ես չգիտեմ, թե ինչ կարելի է անել այս փուլում: Նախ և առաջ՝ պետք է դադարեցնել բռնությունները: Փողոցում գտնվող հակադիր խմբերից պետք է խոսեն ամենափորձառուներն ու հանդարտները: Սակայն դա՝ իդեալական պայմաններում: Հարկավոր է, որ ինչ-որ մեկը կազմի գործողությունների պլան, հստակ օրակարգ՝ առաջին, երկրորդ, երրորդ: Հարկավոր է բանակցության առարկա, որ քննարկման թեմա լինի: Օրինակ՝ պատասխանատվության ենթարկել ոստիկաններին, որոնք անհամաչափ ուժ են կիրառել, հանդարտեցնել ցուցարարների շարքերում գտնվող առավել էմոցիոնալ մարդկանց: Իսկ հետո ձևակերպել նաև քաղաքական պահանջները: Սակայն դրանք պետք է լինեն իրագործելի և ընդունելի: Սա իմ անձնական տեսակետն է:
– Արդյոք Մոսկվան կմիջամտի՞ երևանյան իրադարձություններին:
– Ոչ, չի միջամտի: Ես հաճախ եմ քննադատում մեր իշխանություններին, սակայն նման ինքնասպան քայլի նրանք հաստատ չեն գնա: Թեկուզ և՝ ինքնապահպանման բնազդից ելնելով: