Բաժիններ՝

«Պավել Մանուկյանը, չնայած ծանր առողջական վիճակին, ցանկանում է, որ բերեն դատարան». փաստաբան

Պավել Մանուկյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանն այսօր Էրեբունի բժշկական կենտրոնի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց, որ քիչ անց պետք է դատարանում միջնորդության քննություն սկսվի, մասնավորապես՝ Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի հետ կապված.

Երեխան հրաժարվեց մասնակցել միջնորդության քննությանը՝ նշելով, որ նախ և առաջ՝ ի վիճակի չէ, երկրորդ՝ չի ցանկանում: Այսինքն՝ այս պահին քննիչները ներկայացրել են միջնորդություններ, որ պատրաստվում են դիմել դատարան՝ խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ:

Քիչ անց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում Արամի վերաբերյալ միջնորդությունն արդեն պետք է քննության առարկա դառնա: Իսկ Պավել Մանուկյանը, չնայած՝ իր այդ ծանր առողջական վիճակին, հայտարարեց, որ ցանկանում է, որպեսզի իրեն բերեն դատարան: Իր նկատմամբ էլ առկա է միջնորդություն»:

Փաստաբանը նկատեց՝ Պավել Մանուկյանը երկու ոտքերից ունի հրազենային լուրջ վնասվածքներ, ու երկաթներով հավաքված են ոտքերը, և չի պատկերացնում՝ ինչպես պետք է կատարվի տեղափոխումը.

«Բայց այս պահի դրությամբ՝ նա ցանկություն է հայտնել»:
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե հորն ու որդուն տեղափոխելու են դատապարտյալների հիվանդանոց, փաստաբանը նշեց, որ դատապարտյալների հիվանդանոցը ՔԿՀ է, ու այնտեղ անձին տեղափոխում են, երբ արդեն լինում է խափանման միջոց՝ կալանքի որոշումը.

«Եվ կարող են տեղափոխել միայն այն դեպքում, եթե նրանց առողջական վիճակը ներում է, ու կարող են շարունակական բուժումն ապահովել այնտեղ: Մենք գիտենք, որ նույնը չեն կարող լինել, ասենք, Էրեբունի բժշկական կենտրոնում ու դատապարտյալների հիվանդանոցում, այսինքն՝ պետք է վիճակը ների: Տվյալ դեպքում՝ Պավել Մանուկյանը տարել է վիրահատություններ, ու գուցե վիրահատությունների շարք դեռ պետք լինի: Տեղյակ եմ, որ նախորդ վիրավորներին տեղափոխել են, և չգիտեմ՝ նրանց վիճակը ներո՞ւմ է, թե՞ ոչ»:

Նա նշեց, որ Պավել Մանուկյանի հոգեվիճակը շատ մարտական է.

«Պավել Մանուկյանն ինձ ասաց. «Իմ ժողովրդին փոխանցեք, որ ես նույն հոգեվիճակում եմ, կպայքարեմ ու կմեռնեմ ժողովրդիս ոտքերի տակ»»: Փաստաբանը նաև նշեց, որ հայր ու որդի նույն հիվանդասենյակում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս