«Իրական մտավորականը նա է, ով չի կապում սեփական կարծիքն իշխանության, ընդդիմության կամ նույնիսկ՝ հասարակության հետ». Ռուբեն Բաբայան

168.am-ի հարցազրույցը Երևանի Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ

– «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավումից անցել է 9 օր, զարգացումներն ինչպե՞ս եք գնահատում:

– Եթե ես քաղաքական գործիչ կամ մեկնաբան լինեի, գնահատականներ կտայի: Հիմա կարող եմ միայն իմ ցանկությունների մասին ասել: Միակ ցանկությունս է, որ արյունահեղություն չլինի, բայց իրականում կարծում եմ՝ ինչպես էլ ավարտվի այս պատմությունը, հաղթող չկա, բոլորս պարտված ենք: Պարտված ենք, որովհետև չենք կարողանում մեր կյանքը փոխել խաղաղ միջոցներով, պարտված ենք, որովհետև զինված միջոցներով առավել ևս հնարավոր չէ փոխել կյանքը դեպի լավը: Ես ոչ թե լավատես չեմ, ես փորձում եմ իրատես լինել: Շատ կուզենայի, որ բանակցությունները շարունակվեն, և գան որոշակի եզրահանգման: Ես կարծում եմ, որ նման պայմաններում պետք են ինչ-որ ոչ տրադիցիոն որոշումներ, որովհետև միանշանակ պարզ է, որ անկախ նրանից՝ քանի մարդ է մասնակցում ցույցերին, հանրահավաքին, դժգոհությունը համընդհանուր է: Մարդիկ կարող են աջակցել խմբին, աջակցել այս մեթոդներին, կարող են չաջակցել, բայց այն, որ իրավիճակից դժգոհ է հանրության մեծամասնությունը, միանշանակ է: Շատ եմ ցավում, որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ միայն այս իրադարձությունները բացեցին այդ վերքը: Իրականում սա հին հիվանդություն է ու շատ խորացած:

– Եվ ինչպե՞ս պետք է ազատվել այս հիվանդությունից, ի՞նչ միջոցներ եք առաջարկում:

– Պատասխանեմ՝ որպես թատրոնի ռեժիսոր: Շեքսպիրը ժամանակին ասում էր՝ կյանքը թատրոն է, մարդիկ՝ դերասաններ: Որպեսզի ես բեմադրեմ լավ ներկայացում, ես պետք է շատ երկար ճանապարհ անցնեմ: Պետք է նախ՝ լավ դերակատարներ պատրաստեմ, որոնք համապատասխանեն այդ նոր ձևի թատրոնի պահանջներին: Եթե փորձեմ առանց այդ նախապատրաստական աշխատանքները կատարելու՝ ստիպել մարդկանց, որ խաղան ժամանակակից ներկայացում, իրենք իրականում կարող են շատ ոգևորվել, ասել՝ վերջապես եկավ մեր ժամանակը, մենք հիմա դա կանենք… բայց իրականում չեն կարողանա դա իրագործել, որովհետև դրա ունակությունները չունեն: Կարծում եմ՝ առաջնայինը համապատասխան կադրեր պատրաստելն է, կրթության ձևը փոխելն է, գրագետ մարդկանց պատրաստելն է՝ լինեն դրանք իշխանության թե ընդդիմության մեջ, որպեսզի մենք հասկանանք, թե մեզ ինչ է սպասվում, որպեսզի հանրությունն էլ կարողանա ոչ թե փրկիչ փնտրել, ոչ թե հերոսի հետևից գնալ, այլ ներքուստ ազատվեինք, զգայինք, որ մենք ազատ քաղաքացի ենք: Հիշեցի «Գալիլեո Գալիլեյ» պիեսը, երբ Գալիլեյին ստիպում են հրաժարվել այն մտքից, որ երկրագունդը կլոր է ու պտտվում է արևի շուրջը, նա հրաժարվում է, իր աշակերտներից մեկն ասում է՝ դժբախտ է այն երկիրը, որը չունի հերոս, իսկ Գալիլեյը հանճարեղ պատասխան է տալիս, ասում է. «Ո՛չ, դժբախտ է այն երկիրը, որն ունի հերոսի պահանջ»:

Չնայած՝ մի քիչ տխուր է դա խոստովանելը, բայց, ցավոք սրտի, մեր հանրությունը շատ բան ժառանգել է ռուսական կամ թուրքական հանրությունից, որի լծի տակ եղել է: Փորձեմ բացատրել. կա հայկական տարածված արտահայտություն՝ դանակը ոսկորին է հասել. այսօր էլ է այն շատ գործածվում: Կարծում եմ՝ քաղաքակիրթ հասարակությունը նա է, որ թույլ չի տալիս՝ դանակը ոսկորին հասնի: Հենց մի քիչ ցավեցրեց, պետք է դիմադրես, պետք է աղմկես, կարողանաս իրավունքներդ պաշտպանել: Ամենը կուլ տալ, ամեն ինչին հարմարվել ու տարին մեկ անգամ (կամ Ռուսաստանի նման՝ 100 տարին մեկ անգամ) ըմբոստանալն իրականում զարգացում էլ չի բերում: Զարգացման բերում է միայն այն, երբ դու գիտակցում ես քո իրավունքները, երբ թույլ չես տալիս, որ քեզ ամեն օր նվաստացնեն, չես կուտակում այդ մեծ ատելությունը, այլ պարզապես ամեն օր դիմադրում ես դրան:
Տեսեք՝ ինչ է կատարվում այսօր. մարդիկ հիմնականում ասում են՝ մենք այսքան երկար ժամանակ դիմացանք… Պետք չէ դիմանալ, ամեն օր է պետք ըմբոստանալ, ոչ թե հարմարվել, կուտակել-կուտակել այդ էներգիան, հետո մի օր պայթել, հուսահատվել, որ չստացվեց: Կստացվի միայն այն ժամանակ, երբ դու ամեն օր դիմադրես, երբ օրգանիզմդ իմունիտետ ձեռք կբերի՝ ամենօրյա քո պայքարի շնորհիվ: Դու թույլ ես տալիս, որ հիվանդությունը շատ խորը մտնի քո մեջ, հետո փորձում ես ըմբոստանալ, բայց նա արդեն այնքան խորն արմատներ է գցել, որ բուժվելու հնարավորություն գրեթե չկա:

– Այս իրավիճակում ի՞նչ լուծում եք տեսնում:

– Ցանկանում եմ, որ խաղաղ լուծվի: Բոլորս հասկանում ենք, որ լուծում չի լինելու, գիտակցում ենք, որ անկախ նրանից՝ ինչպես կավարտվի այս պատմությունը, այն պրոբլեմները, որոնք կանգնած են մեր առջև, հաստատ ինչ-որ մեկ օրով չեն լուծվելու: Սրա դեմ պետք է պայքարել՝ անկախ նրանից, թե որ կողմը կլինի, այսպես ասած, հաղթող: Եթե մենք թուլանանք ու թույլ տանք, որպեսզի էլի բռնությունը, ուժը, զոռբայությունը դառնան մեր երկրում կարգ հաստատող, իրականում մենք պարզապես կփոխենք տերերին: Եվ ես կարծում եմ, որ ազատ մարդը ձգտում է դեպի ազատություն, ստրուկը ձգտում է փոխել տիրոջը:

– Հասարակության ու մտավորականության կարծիքի չհամընկնման դեպքում՝ վարկաբեկման պրոցեսը վտանգավոր չէ՞: Հասարակության մի հատված այսօր շատ արագ կարողանում է պիտակավորել, վարկաբեկել բոլոր այն մարդկանց, ում կարծիքը, տեսակետը, խոսքը չի կիսում, համամիտ չէ:

– Իրական մտավորականը նա է, ով չի կապում սեփական կարծիքն իշխանության, ընդդիմության կամ նույնիսկ՝ հասարակության հետ: Հասարակություն ասածը բացարձակապես վերջին ճշմարտության կղզի չէ: Նացիստական Գերմանիայում հասարակությունը կողմ էր այն ամենին, ինչ կատարվում էր, բայց գտնվեցին մտավորականներ, որոնք ընդդիմացան դրան: Իրենց մեղադրում էին, ասում էին՝ դուք ժողովրդի դեմ եք դուրս եկել, ժողովրդի ուզածն ուրիշ բան է: Նույնը եղել է բազմաթիվ երկրներում:

Ես չեմ կարծում, որ նա, ով իրեն համարում է մտավորական, պետք է առաջնորդվի որևէ մեկի կարծիքով, բացի խղճի թելադրանքից: Օրինակ՝ ինձ բացարձակապես չեն հուզում այն բազմաթիվ վիրավորանքները, որոնք ստացել եմ վերջին օրերին: Ոչ մի վիրավորանքի չեմ պատասխանել և չեմ էլ պատրաստվում պատասխանել, որովհետև կարծում եմ, որ իմ գործառույթն այն է, որ ես փորձեմ արտահայտել սեփական կարծիքս՝ անկախ նրանից՝ դա դուր կգա՞, թե՞ դուր չի գա ինչ-որ մեկին: Եթե ես սկսեմ հարմարվել ինչ-որ մեկին, կդադարեմ հարգել ինքս ինձ: Դրա համար թույլ չեմ տա ինձ՝ որևէ մեկին վիրավորել և որևէ մեկի առաջ արդարանալ:

Տեսանյութեր

Լրահոս