«Վիտալի Բալասանյանը բանակցային փորձ ուներ, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ նա շատ է բանակցել գերիների փոխանակման և այլ հարցերով». Աշոտ Խուրշուդյան
Բանակցային գործի մասնագետ Աշոտ Խուրշուդյանը «Մեդիա կենտրոնում» այսօր կազմակերպված քննարկմանը նշեց, որ բանակցային գործընթացում բովանդակությունն ու պրոցեսն իրարից պետք է տարանջատել.
«Այսօր Հայաստանում ամեն մարդ ունի իրականության իր ընկալումը, իր գիտելիքը, աշխարհայացքը, արժեքները, մասնագիտությունը, և, բնականաբար, այդ ամենը պրոյեկտում է տեղի ունեցածին: Դա է պատճառը, որ պրոֆեսիոնալ բանակցությունների ժամանակ բովանդակությունը դնում են մի կողմ, զուտ պրոցեսին են նայում. արդյո՞ք պրոցեսը գնում է այնպես, որ հանգուցալուծի խնդիրը: Բանակցային պրոցեսում առաջնային է խնդիրները հասկանալը: Ես մի քանի խնդիր եմ առանձնացրել՝ կար պատանդի խնդիր, հիմա չկա, զինյալ ապստամբների խնդիրը կա, ցուցարարների պահանջը կա, և այլն»:
Ըստ փորձագետի, բացի խնդիրներից, պետք է հասկանալ նաև, թե որոնք են կողմերը.
«Ճգնաժամային բանակցությունները մեծ տարբերություն ունեն. ոչ թե պետք է բոլոր խնդիրները լուծվեն, այլ կողմնակի բոլոր խնդիրները ջնջում են, տակը թողնում են ամենակարևորները: Այսինքն՝ այս պահին պետք է կարողանալ զտել՝ որ խնդիրն է ստեղծում այս ճգնաժամային վիճակը, և փորձել այդ խնդիրը լուծել ու միայն այդ խնդրի մեջ ընդգրկված կողմերի հետ բանակցել: Մեզ մոտ կողմերը շատացել են: Նույն տղաների մեջ նույնպես ներքին բանակցային գործընթաց է ընթանում»:
Նրա խոսքով՝ մեծ հուզական վիճակ է, որին գումարվել է վստահության ճգնաժամը և հանգեցրել բանակցային լուրջ խնդրի՝ ինչպիսի՞ հաղորդակցություն ունենք.
«Հաղորդակցության խնդիրը որոշվեց լուծել՝ Վիտալի Բալասանյանին ընդգրկելով՝ որպես միջնորդ: Միջնորդը բանակցող է, բայց բանակցող կողմ չէ, դա է կարևոր հասկանալ: Ամեն կողմ՝ տեսնելով, որ միջնորդն իր շահն առաջ չի տանում, ասում է՝ մյուս կողմից է, ու չի վստահում: Միջնորդն էլ պետք է լինի պրոֆեսիոնալ: Իմ կարծիքով՝ Վիտալի Բալասանյանը շատ վստահելի «խողովակ» էր, կարողացել էր վստահություն ստեղծել կողմերի միջև: Նա բանակցային փորձ ուներ, ղարաբաղյան պատերազմի ժամանակ ինքը շատ է բանակցել գերիների փոխանակման և այլ հարցերով. բայց արդյո՞ք այդ իրավիճակում նա կարող էր միայնակ կիրառել իր հմտությունը: Թիմ է պետք, ինքը այդ թիմն, ըստ էության, չուներ: Արդյունքում՝ բոլոր ընդգրկված մարդկանց շնորհիվ տապալվեց այդ միջնորդությունը: Ամեն մեկը մի ձևով նպաստեց այդ տապալմանը»:
Ըստ բանախոսի՝ հասել ենք մի վիճակի, որ երբ դուրս եկավ միջնորդը, դուրս եկան ավտոմատ պայմանավորվածությունները ու հիմա նորից նոր միջնորդ ենք փնտրում, որը պետք է նորից այդ հաղորդակցության խողովակը բացի.
«Միջնորդը յուրաքանչյուր կողմի հետ պետք է բանակցի, որովհետև մարդկանց կարող է թվալ՝ լավ բան են անում, բայց ավելի բարդացնեն իրավիճակը: Առանց համաձայնության ելքն էլ կարող է ելք լինել: Առայժմ բոլոր կողմերը ցույց են տալիս, որ դա ուզում են, բայց չեն նպաստում դրան»: