«Այսօր իշխանությունը կանգնել է շատ ավելի բարդ խնդրի առջև, քան ուներ երեք օր առաջ». Բորիս Նավասարդյան

«Եթե նրանք հայտարարեին, որ եկել են ընդամենը Սէֆիլյանին ազատագրեն, կհասկանայի, որ սա ընկերական կամ ռազմական պատվախնդրության հարց է, բայց քանի որ հրաժարականի և նոր ընտրությունների, ավելի ժողովրդավար համակարգի ստեղծման հարց են դնում, դա դասական խռովության նշան է: Տեռոր կարելի է համարել այնքանով, որ նրանք որպես թիրախ՝ վերցնում են ոչ թե՝ բուն մեղավոր կողմը, այլ՝ երկրորդական դեմքերի, որոնք առնչություն չունեն բուն խնդրի հետ: Տվյալ դեպքում Ոստիկանությունն էր: Այլ դեպքում կարող էր մի հիվանդանոց լինել կամ ծերանոց»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով «Սասնա ծռեր» խմբավորման գործողությունների մասին:

Նա նշեց, որ հայ ժողովուրդը հեղափոխական չէ. նրա խոսքով՝ իրենց անցկացրած վերջին հարցումների ընթացքում, հարցին՝ ձեր հիմնական իրավունքները ոտնահարված լինելու դեպքում ի՞նչ միջոցի կդիմեք, 17 տոկոսը պատասխանել է, որ փողոց դուրս կգա, ուժի միջոցով կփորձի պաշտպանել իր իրավունքները, մոտ 25 տոկոսը՝ հանրահավաք, ստորագրահավաք կանցկացնի. «Մնացածը թամաշա անողներ են: Ուրեմն՝ այս ժողովրդին հանել ոտքի՝ ընդդեմ իշխանության, անհնար է: Մնում է մի ճանապարհ՝ եթե դու նպատակ ունես, որը քեզ համար սուրբ է, և միջոց չկա, վերցնես, գնաս տեռորի ճանապարհով»: Նա նշեց, որ տեռորը միայն որպես բացասական երևույթ չի գնահատում:

«Տեռորը թույլի ուժն է ուժեղի դեմ: Եթե ուժեղն անբարոյական է, վատն է, տգետ է կամ մարդասեր չէ, և այլն, տեռորն արդարացված է: Հակառակ դեպքում տեռորը ոչ մի արդարացում չունի այն տեսակետից, որ զոհվում են մարդիկ, որոնք անմիջական կապ չունեն այն խնդրի հետ, որ իրենք փորձում են լուծել»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց, որ չի կարծում, որ կարելի է այդպես հստակ բնութագրել՝ որ ժողովուրդը հեղափոխական է, որը՝ ոչ. առանձին իրավիճակներում ցանկացած ժողովուրդ կարող է հեղափոխական դառնալ, և Հայաստանի պատմության մեջ բավական օրինակներ կան, երբ ժողովուրդը ոտքի է ելել իշխանության դեմ:

Կարդացեք նաև

«Մեր պարագայում շատ կարևոր է երկու հիմնական գործոն. զանգվածները պիտի հավատան, որ իրենք բավարար ուժեղ առաջնորդի կոչով են ելնում ոտքի: Եվ երկրորդը՝ պիտի վստահեն այդ առաջնորդին»,- ասաց նա՝ նշելով, որ վստահության պակասն ու հավատի բացակայությունը, որ լիդերը բավարար ուժեղ է, ինչ-որ տեղ ձեռնպահ էին պահում ժողովրդին խռովություններից և իշխանության դեմ զանգվածաբար հանդես գալուց:

Բորիս Նավասարդյանն ասաց, որ այս դեպքում թերահավատությունը բավական մեծ էր.
«Եթե նույնիսկ որոշ մասի մոտ կար համակրանք «Սասնա ծռերի» նկատմամբ (այդպիսի մարդիկ կան և եզակի չեն), բայց այդ համակրանքը պասիվ էր երեք օր առաջ: Կարծում եմ՝այդ պասիվ համակրանքն այդպես էլ կմնար, և ժողովուրդն իրոք թամաշա անողի դերում հանդես կգար, բայց ինձ թվում է՝ շատ կարևոր է վերլուծել, թե ինչ կատարեց իշխանությունը, ինչի հետևանք էր այն, ինչ սկսվեց կարծես թե երեկվանից: Դա հենց իշխանությունների գործողությունների հետևանքն էր: Եթե երեք օր առաջ մենք ունեինք մեկ թեմա՝ Սէֆիլյանին ազատել, և նրան բերել բանակցությունների իշխանափոխության վերաբերյալ, ապա երեկ միգուցե առաջին շարք դուրս եկավ մեկ այլ թեմա՝ մարդու իրավունքների զանգվածային խախտումների թեման Ոստիկանության կողմից, և այստեղ արդեն շահագրգռված և ակտիվ մասնակիցների քանակը կտրուկ մեծացավ»:

Նա նշեց, որ սրա հիմնական պատճառն իշխանությունների սխալ հաշվարկներն են, որոնց խորհուրդ տվողները գտնվում են մեկ այլ բարոյական համակարգում, քան ողջ հասարակությունը:

«Այսօր իշխանությունը կանգնել է շատ ավելի բարդ խնդրի առջև, քան ուներ երեք օր առաջ: Եթե երեք օր առաջ ուղղակի անհրաժեշտ էր բանակցութունների միջոցով ինչ-որ հանգուցալուծում գտնել այս ուժային գործողությունների դեմ, այսօր պետք է հասկանալ՝ ինչ կարելի է անել ակտիվացած հասարակության հետ, որը չի վստահում իշխանություններին, որը միգուցե պասիվ ձևով իշխանափոխություն է ցանկանում և, թեև չունի որևէ ծրագիր, չունի հստակ առաջնորդներ, բայց ամեն դեպքում տրամադրություններն իշխանությունների համար այսօր շատ ավելի վտանգավոր են դարձել, քան եղել են երեք օր առաջ»,- ասաց Բորիս Նավասարդյանը՝ նշելով, որ, հավանաբար, իշխանությունն այդպիսի ակտիվության դեմ կկիրառի իր ավանդական միջոցը՝ հոգնեցնել, ոչ թե բռնի ուժով մեկուսացնել մարդկանց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս