Բաժիններ՝

«Գյումրու քաղաքապետարանում ծանոթ պիտի ունենաս, որ փողոցդ ասֆալտեն, թե չէ` կկարկատեն»

asparez.am. Փողոցի հիմնանորոգում, թե՞ կարկատան. ի՞նչ սկզբունքներով է Գյումրու քաղաքապետարանն առաջնորդվում այս հարցում: Երկար ժամանակ է` Գյումրիում բնակչությունը խոսակցություններ է տարածում, որ հիմնանորոգվում եւ ամբողջովին ասֆալտապատվում են այն փողոցները, որոնց բնակիչները քավոր-խնամի-բարեկամ-ազգակից հարաբերություններ ունեն Գյումրու քաղաքապետի, քաղաքապետարանի պաշտոնյաների, նաեւ որոշ ավագանու անդամների հետ: Քաղաքացիները պնդում են` քաղաքապետարանը տարիներ շարունակ, այսպես ասած, տեր չի կանգնում մեծ փոսերով փողոցներին, չի ասֆալտում:

«Գյումրու քաղաքապետարանում ծանոթ պիտի ունենաս, որ փողոցդ ասֆալտեն, թե չէ` կկարկատեն»,-փոխանցում են բնակիչներն ու օրինակներ բերում:

Դժգոհող հերթական բնակչուհին ապրում է Գյումրու Մատնիշյան փողոցում. ասում է` թողել են մեծ ու խայտառակ փոսերը, գնացել հասել են փողոցի մեկ այլ հատված են ասֆալտում: Բնակչի պատմելով` կարկատվող փողոցն էլ մաս-մաս են վերանորոգում. կինն այս ամենն համեմատում է 43-րդ փողոցի հետ ու նշում` այնտեղ արագընթաց աշխատանք է:

Քաղաքապետարանն այս հարցին ունի պատասխան. հիմնավորում է` փոխանցելով. փողոցների հիմնանորոգման ու վերանորոգման` կարկատանի, ընտրությունը կատարվում է մի քանի սկզբունքով. հիմնանորոգվում են այն փողոցները, որոնց անհրաժեշտությունը կա` երբ դրանք վերանորոգել այլեւս անհնար է, կենտրոնական փողոցներին կից են, փոխարինում են մեծ փողոցներին, այդ փողոցներում են գտնվում հանրակրթական հաստատություններ: Իսկ վերանորոգվում են այն փողոցները, որոնցում դեռեւս պահպանվում է ասֆալտի շերտը:

Գյումրիում եղել են նաեւ դեպքեր, երբ ծանր տեխնիկայի պատճառով ասֆալտի շերտ էլ է վնասվել. կամ ավելի ճշգրիտ` շինկազմակերպությունն աչքը սարքելու փոխարեն ունքն էլ հետն է հանել:Նման թարմ պատմություն եւս կա: Քաղաքացին փոխանցում է. «Մեր դռան մոտի ասֆալտը բուլդուզերը վնասել է: Եթե մասնագետ գա, ես ինքս սա կպարզաբանեմ»

Գյումրիում, գրեթե ամեն տարի ամենախոշոր գումարը հատկացվում է փողոցներ կարկատելուն, քան հիմնանորոգման: Պատճառաբանությունն ավանդական է` բյուջեի միջոցները սուղ են:

23 ու կես մլն եվրո արժողությամբ ծրագրի շրջանակում իրականացվող քաղաքի փողոցաշինությունը, հավանաբար, եւս կուղեկցվի բնակչության տարաբնույթ քննարկումներով, քանի որ ասֆալտապատման նպատակով կրկին ընտրվելու են որոշ փողոցներ, իսկ թե փողոցների ընտրությունն ինչպե՞ս է կատարվելու` դեռեւս հստակ ու ամբողջական չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս