Անօդաչու սարքեր կառավարող մարդկանց հոգեբանությունը` «Սերտ շփում» ֆիլմում
«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի ներկայացված ֆիլմերի շարքում է նիդերլանդական «Սերտ շփում» ֆիլմը: Այն ռեժիսոր Դևիդ Վերբեքի վեցերորդ խաղարկային ֆիլմն է: «Ոսկե ծիրան» կինոփառատոնով ավարտվում է ֆիլմի փառատոնային արշավը:
«Սերտ շփում» ֆիլմի սյուժեն հաջողությամբ կարող էր դառնալ հոլիվուդյան բլոքբաստեր, սակայն ռեժիսորը նախընտրել է ստեղծել արտհաուզային կինո: Ֆիլմը պատմում է անօդաչու սարք կառավարող տղայի մասին, ով պայթեցնում էր դպրոցներ: Նա անընդհատ սպանում է երիտասարդների և հադիսատեսը շարունակ գործ է ունենում նրա ինքնագիտակցության հետ:
Նկարահանումները տեղի են ունեցել Խորվաթիայում, սակայն ֆիլմի իրադարձությունները կատարվում են ԱՄՆ-ում: Կինոնկարի բյուջեն շատ փոքր է եղել, իսկ Խորվաթիայում հնարավոր է եղել գտնել բոլոր համապատասխան վայրերը` այն նկարելու համար: Նկարահանումները տևել են վեց շաբաթ, սակայն մշակման վրա ծախսվել է մոտ կես տարի:
«Յուրաքանչյուր դերասանի հետ աշխատելիս պահանջվել է անհատական մոտեցում և ես, որպես ռեժիսոր, բոլորի կարծիքը հաշվի եմ առել»,- պատմեց Վերբեքը: Նրա խոսքով` ֆիլմը չունի հստակ հաղորդագրություն, այլ ցույց է տալիս, թե ինչ է կատարվում այն մարդկանց հետ, ովքեր սպանում են` գտնվելով էկրանի առաջ: Ռեժիսորը նշեց, որ ըստ վիճակագրության` այս մարդիկ ավելի ուժեղ հետտրավմատիկ սթրեսային խանգարում են ունենում` անկախ նրանից, որ զոհից հեռու են: Նրանք հոգեբանական խորհրդատվության կարիք են զգում: Վերբեքը իրական կյանքում շփվել է անօդաչու սարքերով աշխատող մարդկանց հետ, ովքեր իրենց զգացողություններն են պատմել:
Նախորդ աշխատանքներում Վերբեքն արդեն պատմել է վիրտուալ իրականության մասին, և նրա «Այնտե՞ղ ես» ֆիլմը ցուցադրվել է Կաննի փառատոնում: Նա հաճախ է այդ թեմաներին անդրադարձել իր ստեղծագործական կյանքում:
Նախկինում նա շատ է աշխատել չինական ֆիլմերի վրա և իր հաջորդ աշխատանքը ևս լինելու չինական: Այն լինելու է վամպիրների մասին, սակայն ինչպես նշեց ռեժիսորը, մոտեցումը տարբերվելու է: «Ֆիլմը պատմելու է հարուստ չինացիների մասին, ովքեր կապիտալիզմի օրոք են ապրել և իրենք էլ չեն հասկացել, թե ինչպես ճիշտ օգտագործեն այդ գումարը: Այս ժանրն ընտրվել է որպես փոխաբերական միջոց` նրանց զգացմունքներն արտահայտելու համար»,- մանրամասնեց Վերբեքը: