«Քանի դեռ աբխազաօսեթական խնդրի լուծում չկա, միշտ կգտնվի պատճառաբանություն, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չդառնա». Թևան Պողոսյան
«Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում լուծվեցին մի քանի կարևոր խնդիրներ. Առաջին՝ ՆԱՏՕ-ն մշտական հիմունքներով զինված ուժեր է տեղակայում Բալթյան երկրներում և Լեհաստանում, ինչը մինչև այդ չէր նախատեսվել: Լեհաստանն ու Բալթյան երկրները դառնում են լիարժեք ՆԱՏՕ-ի անդամ: Այն բանավոր վետոն, որ Ռուսաստանն ուներ այս հարցում, հանվեց: Երկրորդ՝ այն, որ ֆիքսվեց, որ Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ, և Ուկրաինայի հետ լուրջ համագործակցություն կգնա, այստեղ էլ հանվեց Ռուսաստանի վետոն՝ հետխորհրդային տարածքի պետությունների հետ կապված: ՆԱՏՕ գագաթաժողովի գլխավոր որոշումներն այդ դաշտում էին. որոշումներ կայացվեցին՝ չլսելով ՌԴ-ի դիրքորոշումը»,- նման կարծիք այսօրվա քննարկման ժամանակ հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` նկատելով, որ, եթե Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը լիներ մինչև Վարշավյան գագաթաժողովը, ապա գուցե ասեր, որ ՆԱՏՕ-ն հակված է լսել Ռուսաստանին. «Բայց քանի որ իրենք այն անցկացնելու են ամսի 13-ին՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո, ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն արեց քայլեր, ու հիմա ՌԴ-ի հետ կքննարկեն՝ ինչ հետևանքներ կլինեն»:
Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց՝ ՆԱՏՕ-ի այս գագաթաժողովը շատ նման է երկու տարի առաջ Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին. «Այնտեղ ևս խոսվում էր պատմական որոշումների մասին, բայց ոչ մի պատմական որոշում էլ չկայացվեց: Այն, ինչ կատարվեց Վարշավայում, արդեն վաղուց պարզ էր: Խոսվեց Վրաստանի և Ուկրաինայի մասին, բայց երբ Քերին գնաց Վրաստան, ասաց՝ ցանկացած երկիր կարող է մտնել ՆԱՏՕ, երբ համապատասխանի դրա պահանջներին: Սա նշանակում է՝ ոչ, ՆԱՏՕ-ի անդամ Վրաստանը դառնալ չի կարող գոնե առաջիկա տասը տարում: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ժամանակ երկու հարց կքննարկվի՝ Ուկրաինայի հարցը և Աֆղանստանի հարցը»:
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ Թևան Պողոսյանն էլ նկատեց՝ ՆԱՏՕ-ն այն կազմակերպությունը չէ, որը հակամարտություններ է ներմուծում իր մեջ, և, ըստ նրա՝ քանի դեռ աբխազաօսեթական խնդրի լուծում չկա, միշտ կգտնվի պատճառաբանություն, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չդառնա. «Վրաստանն ինքնուրույն պետք է ասի՝ էլ չունեմ այդ կոնֆլիկտը, եթե ցանկանալու է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Իրենք էլ են շատ լավ այդ խնդիրը պատկերացնում»:
Խոսելով Հայաստանի մասին, պատգամավորը նշեց, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի լավագույն գործընկերների կարգավիճակ ունեցող երկրներից է. «Լինելով Անդրկովկասի միակ երկիրը, որը մասնակցում է ՆԱՏՕ-ի երկու խաղաղապահ գործողություններին, դրա հետ միասին՝ ՀԱՊԿ-ի անդամ միակ երկիրն է: 2005թ. շարունակական իրականացնում է արդեն 5-րդ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, որի խորությունը, ծրագրերն ու շրջանակն ավելին են, քան այսօրվա դրությամբ ՆԱՏՕ-Ուկրաինա հարաբերությունները»:
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի