Ռուսաստանը կփոխհատուցի ապրիլյան պատերազմում Ադրբեջանի կորցրածը
Երեկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան: «Բաքվում նախատեսված հանդիպումների ընթացքում նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ մտքերի փոխանակություն տեղի կունենա` Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած համաժողովների ընթացքում ձեռք բերված համաձայնությունները զարգացնելու նպատակով,- նշված է Լավրովի այցի առթիվ ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ, որում նաև ասվում է,- Ադրբեջանը մեր կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպիական տարածաշրջանում: Մենք մեր հարաբերությունները Բաքվի հետ կառուցում ենք իրավահավասարության, բարիդրացիական կապերի և փոխադարձ շահերը հարգելու հիմքի վրա»:
ՌԴ արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են երկու երկրների նախագահների հովանու ներքո սեպտեմբերի 29-ին Բաքվում անցկացվելիք 5-րդ միջազգային հումանիտար ֆորումին: Իսկ մինչ Արտգործնախարարության մակարդակով Ռուսաստանը ռազմավարական գործընկերության մասին ներբողներ էր շռայլում Ադրբեջանի հասցեին, այդ երկրում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինն ավելի առարկայական հայտարարություն է արել՝ ասելով, որ Ռուսաստանը շարունակում է ռազմատեխնիկական համագործակցությունն Ադրբեջանի հետ՝ ստորագրված պայմանագրերի ու ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:
Դորոխինը շեշտել է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելու են զենքի մատակարարման նոր պայմանագրեր՝ չբացառելով, որ դա կարող է տեղի ունենալ Վլադիմիր Պուտինի՝ սեպտեմբերին Բաքու կատարելիք այցի շրջանակներում: Եթե նման օրակարգով Բաքու այցելելու մասին հաղորդագրություն տարածեր որևէ այլ երկրի արտգործնախարարություն, Բաքվում այդ որևէ այլ երկրի դեսպանն էլ ազդարարեր, որ դրա ղեկավարը մեկ ամիս հետո Ադրբեջանում պատրաստվում է պայմանագրեր կնքել զենքի մատակարարման վերաբերյալ, այդ երկիրն անմիջապես Հայաստանում կհռչակվեր՝ որպես դավաճան, գուցե ակցիաներ կազմակերպվեին այդ երկրի դեսպանատան դիմաց, հնարավոր է՝ կոչեր հնչեին այդ երկրի արտադրանքը բոյկոտելու մասին:
Մի խոսքով, Հայաստանում կծավալվեր «ստանդարտ» հայրենասիրական արշավ՝ ժանրի համապատասխան կանոնների համաձայն (Էդուարդ Շարմազանովի հոխորտալից հայտարարություններ, դրոշների այրում՝ դաշնակցականների կատարմամբ, համապատասխան վայրերում գրված տեքստերի ընթերցում բոլոր ասուլիսներում՝ սեփական մտքեր հայտնել չկարողացող ՀՀԿ-ականների կատարմամբ, և այլն): Սակայն, երբ խոսքը Ռուսաստանի մասին է, հայ ազգային-ազատագրական «միտքը» լռում է: Ոչ միայն լռում է, այլև շարունակում է իներցիայով կրկնել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության մասին՝ արդեն ծիծաղելի դարձած հեքիաթը:
Այն դեպքում, երբ Ռուսաստանը հետևողականորեն, շարունակաբար, առանց որևէ ձևականությունների, իր ամեն քայլով հողին է հավասարեցնում հայ-ռուսական դաշնակցությունը՝ ինչպես Պուտինը Սերժ Սարգսյանի հետ վերջին հանդիպման ժամանակ հայտարարեց, այն հասցնելով պտուղ-բանջարեղենի արտահանման մակարդակի: Ռուսաստանը շարունակում է հողին հավասարեցնել հայ-ռուսական հարաբերությունները, քանի որ հայ քաղաքական «միտքը» ոչ միայն լռում է, այլև գեղամյաններին գործուղում է զանազան կոնֆերանսների՝ հայանպաստ, բայց Ռուսաստանի հասցեին քննադատություն պարունակող բանաձևերին դեմ քվեարկելու ու դա որպես հայրենասիրության շողշողուն օրինակ ներկայացնելու համար:
Ռուսաստանն անում է այն, ինչ բխում է իր պետական շահից՝ հանգիստ լինելով, որ Հայաստանում իշխանության մեջ կան մարդիկ, որոնց մեծամասնության համար պետական շահ ասվածը նույնանում է ռուսական շահի հետ՝ անգամ այն դեպքերում, երբ դա ամբողջությամբ հակասում է Հայաստանի շահերին: Ռուսաստանում լավ գիտեն, որ այս օրերին հայ քաղաքական «միտքը» ոչ թե ուղղակի լռում է, այլ ելույթներ է պատրաստում՝ արդարացնելու համար սեպտեմբերին Պուտինի կողմից Բաքվում կնքվելիք զենքի մատակարարման հերթական գործարքը: Իսկ Հայաստանին մատակարարվելիք 200 միլիոն դոլարի ռուսական զենքի մասին դեռ որևէ տեղեկություն չկա:
«Ընթացքի մեջ է»,- այդ զենքի՝ Հայաստան հասնելու մասին հարցին ի պատասխան՝ կրկնում են հայ պաշտոնյաները, բնականաբար, չխորանալով այնպիսի «մանրուքների» մեջ, որ մինչ այդ «ընթացքի վերջն» Ադրբեջանը ստանալու է անգամներով ավելի շատ ռուսական զենք:
Չեն խորանում, մինչև Ռուսաստանը կհասցնի Ադրբեջանին փոխհատուցել ապրիլյան պատերազմում կորցրած սպառազինությունը: Չեն խորանում, որովհետև երևի հանձնարարված է՝ չխորանալ: