«Տեսե՞լ եք՝ ինչպես են թալանում «Զվարթնոց» օդանավակայանը». ահազանգում են ճարտարապետները
««Զվարթնոց» օդանավակայանը համարվում է սովետական պոստմոդեռնիզմի լավագույն օրինակներից: Այն արժեք է, որը պատկանում է ժողովրդին: Դրա պահպանման համար պայքարում են ճարտարապետները, այսինքն` պայքարում են ժողովրդի ունեցվածքը պահպանելու համար: Կարող ենք բողոքել, ասել-խոսել, բայց ժողովուրդը պետք է պահպանի իր ունեցվածքը: Էռնեկյանը երևի լավ չի պատկերացնում, թե ինչ է անում: Արդեն առաջ է գալիս ազգի և պետության արժանապատվության խնդիրը, որովհետև պահպանման համար խոսեց հանրությունը, Ճարտարապետների միությունը, քննարկեց Հանրային խորհուրդը, որի որոշումներով` պահպանել է պետք»,- այսօրվա քննարկման ժամանակ այս մասին նշեց ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Ճարտարապետների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Հրաչ Պողոսյանը: Նա նաև հավելեց, որ հարցը քննարկվել է նաև Քաղաքաշինության նախարարությունում, ու ըստ նրա՝ այդ ամենի վրա թքելն անբարոյականություն է. «Դա խոսում է այն մասին, որ ո՛չ ժողովրդի, ո՛չ պետության կարծիքը կարելի է հաշվի չառնել: Դա նշանակում է` հողին հավասարեցնել ազգի ու պետության արժանապատվությունը»:
Ճարտարապետն իր զարմանքն արտահայտեց առ այն, որ ՀՀ ղեկավարությունը լուռ հետևում է կատարվող իրադարձություններին: «Գուցե կարևոր խնդիրներ ունեն, բայց ճարտարապետությունը մեր ազգի հարստությունն է, չի կարելի օդանավակայանը քանդել: Էստակադան քանդելուց էքսկավատորի ծայրը պատահաբար «կպնում» է հիմնական շենքին, ու… տեխնոլոգիան հայտնի է: Էռնեկյանը, լինելով հոգսերով զբաղված մարդ, պահում է այստեղ գործող թիմ, որն արգենտինացիներ են և շատ ցածրորակ ճարտարապետներ են, չեն կարողանում գտնել լուծումներ, որոնք կբավարարեն բոլոր կողմերին»,- ասաց ճարտարապետը՝ նկատելով՝ միանգամից մի լուծում են տալիս` քանդել. «Չկա շենք, չկան խնդիրներ: Արգենտինացի ճարտարապետներն անգամ կոնտակտի դուրս չեն գալիս և արհամարհում են հայ մասնագետների կարծիքը, որը կիսում է նաև Քաղաքաշինության նախարարությունը, ինչը, սակայն, Էռնեկյանի կողմը բանի տեղ չի դնում: Սերժ Սարգսյանը՝ որպես երկրի ղեկավար, պետք է ժողովրդին ձեռնտու որոշում ընդուներ: Ինչո՞ւ չի ընդունում, չգիտեմ»:
«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի հեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը` ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, նշեց, որ հուլիսի 7-ին եղել են օդանավակայանում, և ըստ նրա՝ քանդումը կապ չունի ապամոնտաժման հետ. «Բարբարոսաբար քանդում ու ջարդում են շենքը: Հիմնական շենքի մասեր էլ են վնասվել: Ենթադրաբար, կամրջակներ են, որոնք էստակադան կապում են շենքի հետ: Շենքը ոչ թե՝ ապամոնտաժվում է, այլ՝ հարվածներով քանդվում-թափվում: Խնդրով մտահոգ ճարտարապետներն անգամ չգիտեն` քանդման աշխատանքներն իրականացնող շինարարական ընկերությունը համապատասխան արտոնագիր ունի՞: Անգամ օդանավակայան մուտք գործել հնարավոր չէ, խստիվ արգելված է մուտքը: Տպավորություն է, որ ապրում ենք մի թերակղզում, որտեղ չկա սահմանադրություն: Տեսե՞լ եք` ինչպես են թալանում օդանավակայանը»:
Ըստ նրա՝ առաջնահերթ խնդիրը հանձնաժողովի ստեղծումն է. «Այն կմիավորի մասնագետներին և պետական կառույցների ներկայացուցիչներին: Կպնդեի, որ Դատախազության ներկայացուցիչներ էլ լինեն: Ցանկացած պետությունում, եթե տեղի ունենար այս ամենի կեսի կեսը, Դատախազության համար լուրջ խնդիր կլիներ: Մեր դեպքում արդեն իսկ պետք է հետաքննություն սկսեին: Հրավիրում եմ Դատախազության ուշադրությունը` սկսված են քանդման աշխատանքներ, վնասվում է պետական գույքը, որը դրված է թալանի: Որևէ պետական մարմին չի արձագանքել: Չեմ հասկանում` մենք իրավակա՞ն պետությունում ենք ապրում, թե՞ ոչ»:
«Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանն էլ կարծիք հայտնեց, որ կարելի է ուժեղացնել շենքը` առանց մեծ գումարներ ծախսելու. «20-40 միլիոնի վերականգնողական աշխատանքի մասին է խոսքը: Ամեն ինչ պետք է շենքում փոխել, որովհետև քանի տարի է` չեն հետևել»:
Ըստ նրա՝ կամ Էռնեկյանի թիմը նրան չի տեղեկացնում կատարվածի մասին, կամ էլ կատարում է հստակ հրահանգ. «Սերժ Սարգսյանն ինչպես Մաշտոցի պուրակի դեպքում խառնվեց, այնպես այստեղ էլ պետք է խառնվի: Նա ասաց իր խոսքը, և պուրակը մնաց պուրակ: Նույնն էլ «Զվարթնոցի» դեպքում պետք է անի»:
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի