«Եթե այդ փողերը հոսեն դեպի Հայաստան, ՀՀ-ում ամեն մի քարը գետնին կարելի էր «Արիելով» լվանալ ու տեղը դնել»
Մեր զրուցակիցն է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը
– Պարոն Մեսրոբյան, կառավարությունը կոռուպցիայի դեմ ակտիվ պայքար է հայտարարել, կարո՞ղ եք այդ գործընթացում արդյունքներ արձանագրել:
– Ես կարճ ասեմ՝ կոռուպցիայի դեմ պայքար չի մղվում նորագույն Հայաստանում: Եվ, բնական է, արդյունքը 0 է:
– Ինչի՞ վրա է հիմնված Ձեր գնահատականը, վերջին հայտարարություններին գործողություններ չե՞ն հետևել:
– Գործնականում պայքար չի գնում, հայտարարություններով՝ ինչքան ուզեք: Բայց այդ կապակցությամբ ես կարող եմ մի ասացվածք ասել՝ եթե ամեն մի տառից երեխա ծնվեր, Հայաստանը վաղուց Չինաստան կդառնար:
– Ի՞նչ քայլեր են հարկավոր, որպեսզի արդյունքներ ունենանք:
– Ես բազմաթիվ անգամ դրա մասին խոսել եմ, բերել եմ բազմաթիվ օրինակներ՝ աշխարհում ինչպես են պայքարել կոռուպցիայի դեմ: Դա բազմակետանոց բան է: Բայց մեր խնդիրը ոչ թե՝ ինչ պետք է անել կամ չանել, այլ մեզ մոտ իրականության մեջ ցանկություն չկա պայքարելու կոռուպցիայի դեմ: Իսկ պայքարը սկսվում է ցանկությունից: Բնական է, որ կետերից խոսելն արդեն անիմաստ է, որովհետև, եթե ցանկություն չկա, ամենաարդյունավետ առաջարկներն էլ չեն ընդունվի:
– Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին մասնակցելուց հետո արդեն երկրորդ անգամ գոհունակություն է հայտնում անձամբ վարչապետի գործողություններից: Ինչո՞վ եք սա պայմանավորում:
– ԵՄ լինի թե ցանկացած այլ գերտերություն, նրանց ձեռնտու չի, որպեսզի Հայաստանը լինի իրոք հզոր, իրոք անկախ գործոն տարածաշրջանում: Բնական է, որ ցանկացած բացասական երևույթ գոնե մեկ գովաբանող դրսից կգտնի: Այսինքն՝ իրականության մեջ մենք պետք է մեր հարցերն ինքներս լուծենք, ո´չ ԵՄ-ն, ո´չ ԱՄՆ-ը, ո´չ Ռուսաստանը, ո´չ Մարս մոլորակը, միայն մենք: Եվ ընդհանրապես մենք պետք է սովորենք ուշադրություն չդարձնել աշխարհի մեծերի գնահատականներին կամ եզրակացություններին շատ պարզ պատճառով՝ ոչ մեկին մոլորակի վրա պետք չի հզոր, անկախ Հայաստան:
– Կոռուպցիայի դեմ պայքարի հայտարարված այս ֆոնին տարբեր խորհրդաժողովներ են լինում ներդրումների ներգրավման ուղղությամբ: Ձեր կարծիքով՝ նման պայմաններում Հայաստանը կարո՞ղ է գրավիչ լինել, հատկապես՝ օտարերկրյա ներդրողների համար:
– Մեզ մոտ հայաստանաբնակների և հայկական սփյուռքի քանակային հարաբերակցությունը 1:4 է: Չինաստանը 70-ականներին, երբ սկսում էր իր թռիչքը, ուներ մոտ 1 մլրդ բնակչություն և ամենաշատը 40 մլն սփյուռք: Եվ երբ Չինաստանի հրաշքի կնքահայրը՝ Դեն Սյաոպինը, սկսեց ապահովել Չինաստանի թռիչքը, նա կարևոր շեշտադրումներից մեկը դրեց չինական սփյուռքի վրա: Մեզ մոտ սփյուռքը 4 անգամ ավելի շատ է, քան Հայաստանի բնակչությունը: Եթե Չինաստանը հասկացել է սփյուռքի հզորությունը, երբ նրանց սփյուռքը մի քանի տոկոս էր, մենք, քառապատիկ սփյուռք ունենալով, խոսում ենք ինչ-որ արտասահմանյան ներդրումների մասին:
Մինչդեռ հայ ազգի ներկայացուցիչների ամբողջական կարողությունն աշխարհում մոտենում է 5 տրլն դոլարի: Դա նշանակում է, որ, եթե այդ փողերը հոսեն դեպի Հայաստան, Հայաստանում ամեն մի քարը գետնին կարելի էր «Արիելով» լվանալ ու տեղը դնել, էլ չեմ ասում՝ շինարարության զարգացում, գործարաններ, տնտեսություն և այլն:
Մենք էլի ընկել, աշխարհի դուռն ենք ծեծում, երբ մեր կարողությունները աշխարհում հասնում են 5 տրլն-ի: Իսկ իրենք ուզում են աշխարհով մեկ դռնեդուռ ընկնեն, փող հավաքեն: Դա չի ստացվի նախ՝ հենց այն պատճառով, որ մեզ մոտ ոչ մի պայքար չի գնում, և երկրորդ՝ մենք մեր գանձը՝ սփյուռքը, թողած՝ ընկել ենք չոլերը:
– Այդ դեպքում Սփյուռքի կողմից Հայաստանում ներդրումների խիստ սահմանափակ ծավալի պատճառը ո՞րն է, դա ՀՀ իշխանությունների՞ գործունեության կամ անգործության հետևանք է, թե՞ սփյուռքի հետաքրքրություններն են այլ:
– Եթե ես լինեի սփյուռքի ներկայացուցիչ, Հայաստանում մի ցենտ էլ ներդրում չէի անի, որովհետև Հայաստանը վանում է ցանկացած ներդրում որևէ ուղղությամբ: Պատճառներից մեկը կոռուպցիան է: Բայց կա շատ ավելի կարևոր պատճառ՝ մենք 1991 թ. սկսել ենք սխալ պետություն կառուցել՝ իր կառավարման համակարգով, ազգային ծրագրերի իմաստով, որոնք մեզանում ընդհանրապես չկան, և ընդհանրապես տպավորությունն այնպիսին է, որ 1991 թ. հավաքվել են մի խումբ մարդիկ և մտածել են՝ ինչպես տապալել Հայաստանը, ու հլու-հնազանդ շարժվում են այդ ծրագրով: Սա ողբերգություն է, որովհետև պարտությունը սկսվում է ուղեղի տկարությունից, հոգու տկարությունից, ազգայինին չծառայելու մոտեցմամբ: Այդտեղից է սկսվում պարտությունը, իսկ հետո պարտությունը ձևավորվում է տնտեսական արդյունքներով, կնքած ստրկացուցիչ պայմանագրերով, և այլն: Մենք պետք է հասկանանք, որ 1991-ին սխալ սկզբունքներով սկսեց կառուցվել Հայաստանը, և փոխենք այդ սկզբունքները: