«Դուռը բացում եմ, ու նա դուրս է թռչում… Երբ արդեն օդում է, էյֆորիան այնքա՜ն մեծ է, որ նա չի էլ հիշում իր ապրած վախի մասին…»
2002թ. պարաշյուտային սպորտի վետերանների ժողովի հիման վրա ստեղծվեց Հայաստանի պարաշյուտային սպորտի ֆեդերացիան, որի նախագահ ընտրվեց Թևոս Իլիկչյանը:
«Արզնի» օդանավակայանում էի: Այդ օրը մի քանի ժամով կտրվեցի աշխարհային բոլոր խնդիրներից, հոգսերից ու կարծես մի քիչ էլ իմաստնացա: Այդ օրը պատիվ ունեի ծանոթանալու մարդկանց, որոնց խոսքերը խնամքով պահելու եմ հիշողությանս մեջ՝ կյանքիս ինչ-որ դժվարին, կարևոր պահերի համար: Անմիջապես զգացվում էր, որ տարբեր տեղերից եկած ու պարաշյուտով ուսումնական թռիչք կատարելու պատրաստվող մարդիկ աչքի համար անտեսանելի թելերով ջերմորեն կապված են մեկմեկու:
ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության որոնողափրկարարական և պարաշյուտադեսանտային ծառայության պետ, գնդապետ Թևոս Իլիկչյանի սենյակում մտերմիկ զրույցները թռիչքի սպասման ժամանակը կարճելու միջոց են: Այստեղ են երկու երիտասարդ աղջիկներ, որ, պարզվում է, հրաշալի հրաձիգներ են, այստեղ են ՀՀ պարաշյուտային սպորտի ֆեդերացիայի անդամները, Իլիկչյանի կինը՝ զորամասի որոնողափրկարարական և պարաշյուտադեսանտային ծառայության պետ, պարաշյուտային թռիչքների հրահանգիչ, կապիտան Քրիստինան և ուրիշներ:
Հրամանատարական ձայնով բարետես այս կինը՝ Քրիստինան, ինձ անմիջապես գրավեց իր անմիջականությամբ ու հումորով: Սկսեց պատմել աերոակումբի հին օրերից. թե ինչպես էր որդու ծնվելուց հետո ստիպված նրան ամեն օր զորամաս բերում: «Մի անգամ զորամասի ծառայության պետը նկատեց մանկասայլակը: Ներսեսս, որ դեռ երկու տարեկան չկար, գլուխը դուրս հանեց ու թաթիկը թափահարելով՝ ասաց` բարև, պապի՛կ: Պատկառելի պետը մի պահ ապշած կանգնեց, հետո դեմքի խիստ արտահայտությունը փոխվեց, քնքշացավ: Բայց նույն րոպեին էլ կրկին ուղղվեց, վերականգնեց պետի իր լուրջ կերպարանքն ու շարունակեց ճանապարհը»:
Ուրախ ծիծաղում ենք, սպասում ենք թռիչքի հայտարարմանը: Իսկ շենքից դուրս քամին մոլեգնում է, մերթընդմերթ շռնդյունով անձրև է գալիս: Ակնհայտորեն թռիչքային եղանակ չէ:
-Եթե ուզում ես, որ եղանակը փչանա, պարաշյուտով թռիչքներ կազմակերպիր,- կատակում է գնդապետ Իլիկչյանը,- եղանակն այսօր չի պարզվի:
Գնդապետը գիտի՝ ինչ է ասում. շուտով դադար են հայտարարում, և թռչելու եկած զինծառայողներն սկսում են ցրվել: Բայց ես արդեն գտել եմ իմ հերոսներին՝ այր և կին Իլիկչյաններին: Արդեն որոշ բաներ գիտեմ Քրիստինայի մասին՝ ուղիղ 1949 պարաշյուտային թռիչք է կատարել, 14 տարեկանից աերոակումբի անդամ է, կարելի է ասել` հնաբնակներից: Ամուսնու «տեղակալն» է և «աջ ձեռքը»:
Քրիստինայի առաջին թռիչքը
Կապիտան Քրիստինա Իլիկչյան.
-Մինչև ԴՕՍԱԱՖ-ի աերոակումբում ընդգրկվելս՝ թեթև ատլետիկայով, մեծ թենիսով, լողով էի զբաղվում: Ամենից շատ ինձ գրավեց այստեղի դրական կենսադաշտը: Առաջին թռիչքս կատարել եմ 1986 թվականի մարտի 28-ին: Հուզմունքս, վախս դեռ ոչ մի որոշակիություն չունեին, միայն երկրորդ թռիչքի ժամանակ պետք է հասկանայի, թե ինչ բան է վախը: Խմբում աղջիկները շատ էին: Տղաները արդեն որոշակի թվով թռիչքներ կատարած «ծերուկներ» էին, աչքները չորս արած՝ նայում էին: Իսկ մեր մտքում միայն մի բան էր՝ հանկարծ չխայտառակվենք: Եվ ահա ինքնաթիռը բարձրացավ օդ: Թռչողների հերթում երկրորդն էի՝ փոքր-մոքր մի աղջիկ: Երբ թռիչքը հայտարարեցին, ինձնից առաջ կանգնած հաղթանդամ տղան վախից ձեռքերով ամուր կառչեց դռան երկու կողմերից ու ասաց` չեմ թռչի: Նրան «օգնեցին», և նա արդեն օդում էր, խցանի պես թռչում էր առաջ: «Պահո~ո, -մտածեցի,- եթե սա իր ծանր մարմնով այսպես դուրս թռավ, բա ե՞ս ինչ կլինեմ»:
– Չէ՛, շնորհակալություն, ես ինքս,- ասացի ու արագ դուրս նետվեցի:
Չգիտեի՝ ինչքան եմ մնացել օդում, բայց հիշում եմ, որ բոլոր զգայարաններս ամեն ինչ ավելի վառ էին ընկալում, ադրենալինի քանակը աներևակայելի էր… Երբ ոտքներս դիպան գետնին, արդեն մեզ հերոսներ էինք երևակայում:
Հետո մեր հրահանգիչը փոխվեց, եկավ ընկեր Իլիկչյանը: Նա որոշեց պարաշյուտային սպորտի Հայաստանի հավաքականը վերակազմավորել: Որոշեց՝ թիմում միայն հայաստանցիներ են լինելու… Եվ այդպես մենք ներգրավվեցինք Հայաստանի հավաքականի կազմում: Մեկնեցինք Ռուսաստան՝ հավաքների, և միջազգային առաջին իսկ մրցույթի ժամանակ մեր աղջիկների թիմը 3-րդ պատվավոր տեղը գրավեց:
Երկինքը մաքրում է հոգին…
Գնդապետ Թևոս Իլիկչյան.
-Աերոակումբում մարդկային մաքուր հարաբերություններ էին: Բացառվում էր որևէ սխալ քայլ` ծուռ հայացք կամ խոսք. կասեին՝ «Դիմումդ գրի՛ր, գնա՛»: Մեր սաներից մի աղջիկ չափից դուրս խիստ հայրիկ ուներ: Նա մի անգամ գիշերով եկավ աերոակումբ, որ ստուգի՝ աղջիկն ինչ պայմաններում է սովորում ու ապրում, ու տեսավ ինձ՝ աղջիկների սենյակի դռան մոտ նստած: Ծիծաղելով ասաց. «Դուք ձեր խստությամբ ինձ տվեցիք-անցաք»: Աերոակումբ գալիս էին 14 տարեկանից: Անցումային տարիք: Հենց որ զգում էի՝ աղջիկն սկսում է կոկետանալ, ասում էի. «Աղջի՛կ ջան, երևի քո հեռանալու ժամանակն է»: Հետաքրքիրն այն է, որ աերոակումբը երբ սկսեց լուծարվել, և երբ տղաների ու աղջիկների խմբերի միջև իմ իսկ դրած պատնեշը վերացավ, կարելի է ասել՝ տղաների թիմն ամուսնացավ աղջիկների թիմի հետ. բոլորը զույգեր էին:
Բոլոր այն տղաները, որոնք անցել են մեր դպրոցի զտիչով, անկախ նրանից, թե ինչ դիրքի կամ պաշտոնի են հասել, հոգով մաքուր են մնացել: Այստեղից նրանք իրենց հետ մարդասիրության, կարեկցության, քնքշության որոշակի ծրագիր են տանում: Հիմա էլ այստեղ եկող երեխաների մեջ հոգու մաքրությունն առաջին տեղում է: Երբ նրանք օդ են բարձրանում, վախը նրանց համար ընդհանուր է: Ինչպես է, որ պատերազմի ժամանակ բոլորը համախմբվում են: Բոլորի մեջ աննկատ մշակվում է փոխօգնության ոգին, հարգանքը միմյանց հանդեպ, հոգատարությունը: Այստեղ երեխաները առերեսվում են կյանքի ու մահվան հետ, լսում են այս երկուսի զրույցը: Երեխան այլ արժեքային համակարգով է սկսում առաջնորդվել, հասկանում է՝ ինչ է Հայրենիքը, ինչ է ընտանիքը, ընկերությունը:
Սերը սիրուց է ծնվում…
Թևոս Իլիկչյան.
-Սիրում էի երեխաներին, նրանց չարաճճիությունները, ավազակությունները և խմբում ունեի «ընտրյալներ»՝ սիրելիներ: Քրիստինայի մեջ զուգակցվում էին տղայական հանդգնությունը, համարձակությունը և մարդկային ազնիվ տեսակը: Ամենախիստը հենց իմ «սիրելիների» հանդեպ եմ եղել: Իմ սիրո փոխարեն պահանջում էի, որ ավելիին ձգտեն, մյուսներից տարբերվեն: Հիմա ես կասեմ մի բան, որ երբևէ Քրիստինայի ներկայությամբ չեմ ասել. նա իմ լավագույն աշակերտն էր, և ամենակարևորը՝ միշտ վստահում էր ինձ: Ցանկացած մարզիչ կարող է իր սանին չեմպիոն դարձնել, եթե վերջինս անվերապահ հավատում է նրան:
Քրիստինա.
-Երկար ժամանակ չէի հավատում, որ այն, ինչ զգում էի, սեր է: Նա բոլորիս նույն հոգատարությամբ էր մոտենում: Մեր պապան, մեր մաման էր, ինքնաեռի մեջ մեզ համար ճաշ էր եփում, սովորեցնում էր, որ կարողանանք ինքներս մեր մասին հոգ տանել: Թվում էր՝ պարզապես մի շատ լավ մարդու հանդեպ մեծ համակրանք եմ զգում:
…Միջազգային մրցումներից մեկի ժամանակ ուժեղ քամի էր, և քանի որ քաշով թեթև էի, շատ դանդաղ էի ցած իջնում…Մենք օդում ենք, իսկ ընկեր Իլիկչյանը մեզ ներքևից հետևում է: Ես տեսնում եմ, թե նա ինչպես է անհանգիստ այս ու այն կողմ գնում, նայում է վերև, տեղը չի գտնում: Ես պետք է վայրէջք կատարեմ մի փոքր կետի վրա, ու դրանից մեր թիմի արդյունքն է կախված: Ու երբ ես դեռ օդում էի՝ բարձրաձայն ասաց. «Բարձր ես մտել»: Տեսա, թե ինչպես ձեռքը թափ տվեց ու շրջվեց, որ հեռանա: Օդում կախված վիճակում ասացի. «Լա~վ էլ մոտեցել եմ»: Վայրէջք կատարեցի հարթակի կենտրոնում, և ազդանշանն սկսեց աշխատել՝ ցույց տալով, որ կենտրոնում եմ: Ընկեր Իլիկչյանը զարմացած շրջվեց, իսկ ես ինձնից գոհ ասացի. «Բա՞»:
Այժմ մեր կյանքում ամեն ինչ միահյուսված է: Հիմա մենք և՛ ամուսիններ ենք, և՛ լավ գործընկերներ: Սա օգնում է… ու ավելի հեշտ է ընտանիքը և ծառայությունը համատեղելը:
Թռչե՞լ, թե՞ չթռչել. իհարկե՝ թռչել
Քրիստինա.
-Առհասարակ, մարդու հոգեբանությունը զարմանալի շերտեր ունի, որոնց մասին առօրյայում գլխի չես ընկնի: Դեպքեր են եղել` թռիչքից անմիջապես առաջ, երբ արդեն դուռը պիտի բացեմ, թռիչքին պատրաստվողը ¥խուճապի մեջ) մի ինչ-որ անհեթեթ հարց է տալիս. «Ո՞ր կողմ եմ վարելու պարաշյուտը», կամ՝ «Կոշիկս ի՞նչ գույնի պետք է լինի»: Իհարկե, հասկանում եմ, որ հարցը անտրամաբանական է, բայց պետք է հստակ ու վստահ պատասխան տամ. «Ձախ պիտի գնաս», «Կոշիկդ սև պիտի լինի»: Արդեն վայրէջքից հետո, երբ հարցնում ես՝ ի՞նչ էր տվածդ հարցը, նա արդեն չի հիշում: Եղել են դեպքեր, երբ թվում է` թեթև թռիչք պետք է լինի, մեկ էլ մտնում եմ ուղղաթիռ ու տեսնում, որ բոլորը մի տեսակ լարված են: Նույնիսկ նրանք, ովքեր մինչև այդ շատ հանգիստ էին, հանկարծ տագնապի մեջ են հայտնվել: Ինքս ինձ ասել եմ. «Քրիստ, տես՝ ինչ ես անում»: Ուժի դիմել չես կարող, պետք է այնպես անես, որ թռչողն ինքը կարողանա որոշում կայացնել, քանի որ զինվոր է դառնալու: Ենթագիտակցորեն զգում եմ, թե տվյալ պահին ինչ պիտի անեմ. մոտենում՝ մեկի գլուխն եմ շոյում, մյուսի ճակատը համբուրում, ասում եմ. «Էրեխեք ջան, ձեզ մի հատ թափ տվեք: Ամեն ինչ շատ լավ է լինելու, պարաշյուտը անպայման բացվելու է, ոչ մի խնդիր չի լինի»: «Զսպանակը» թուլանում է… Այս ամենը վայրկյաններ է տևում, բայց որ պետք է ճիշտ օգտագործվեն:
Շատ է եղել` արդեն դռան մոտ հրաժարվել են թռչել: Դուռը փակում եմ, հարցնում՝ «Ի՞նչ է եղել»: Եվ եթե գիտեմ, որ թռիչքը պարտադիր է, ու ամենի պատասխանատվությունն ինձ վրա է, չեմ կարող ասել. «Լավ, չեմ թռցնի»: Օդաչուին ասում եմ. «Մի շրջա՛ն էլ կատարիր»: Մինչև պտտվում ենք, հանգիստ խոսում եմ հետը. «Հիմա պտտվում ենք, ես բացում եմ դուռը, մենք շատ լավ պատրաստված ենք, դու ամեն ինչ լավ գիտես: Նայի՛ր աչքերիս. ամեն ինչ լավ է ստացվելու»… Դուռը բացում եմ, ու նա դուրս է թռչում: Երբ արդեն օդում է, պարաշյուտը բացվել է, էյֆորիան այնքա՜ն մեծ է, որ նա չի էլ հիշում իր ապրած վախի մասին…
Խիզախություն, արիություն…
Թևոս Իլիկչյան.
-Հենց որ մարդը հավատաց իր ուժերին, նա ընդունակ է սարեր շրջելու: Թե ինչ է կատարվում նրանց մեջ հենց առաջին թռիչքից հետո… Հենց այս է կարևորը: Մենք, կարելի է ասել, հոգեմաքրությամբ ենք զբաղվում. սովորեցնում ենք խիզախություն, արիություն: Պարաշյուտով թռչելը դեռ խիզախություն չէ: Չէ՜, դա ընդամենը տեխնիկայի հարց է. այնքան կսովորեցնենք, մինչև վարժվի: Ի՞նչ բան է խիզախությունը: Խիզախությունը այն է, երբ դու կանգնում ես ամբոխի դեմ ու պաշտպանում ես ընկերոջդ:
Մենք թռչել սիրող ազգ ենք: Իսկ ինչո՞ւ ենք սիրում: Որովհետև մեր գլխին արկածներ փնտրող ազգ ենք… Ադրենալինը շատ է, տաքարյուն ենք: Ուժային բոլոր մարզաձևերում մերոնք դրա շնորհիվ են առջևում:
Զրույցի վերջում հարց եմ ուղղում Իլիկչյան ամուսիններին` հատկապես ինչի՞ համար են շնորհակալ իրարից:
Քրիստինա Իլիկչյան.
-Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ սովորել եմ՝ սկսած մասնագիտությունիցս, որը սիրելով սիրում եմ, վերջացրած կյանքի իմաստնություններով, որոնցով նա ինձ զինել է մեր ողջ համատեղ կյանքի ընթացքում: Նաև շնորհակալ եմ հրաշալի որդուս համար, որ այս պահին ծառայում է հատուկ նշանակության զորամասերից մեկում:
Թևոս Իլիկչյան.
-Ես Քրիստինայից շնորհակալ եմ նրա համար, որ նա կա, իմ կողքին է…
Քնար Թադևոսյան
hayzinvor.am