Բաժիններ՝

«Ավելանում է ծախսը, հոգսը». Լյովա Խաչատրյան

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համայնքների բնակիչները հիմնականում դեմ են նման ձևով համայնքների խոշորացմանը: Երկու շաբաթ առաջ մեր կուսակցության անդամներով շրջեցինք՝ 3 շրջան, 9 համայնք, ոչ մի համայնքի ոչ մի բնակիչ ու համայնքնապետ կողմ չէր համայնքների խոշորացմանը: Կարծում եմ՝ դա ժամանակավրեպ է, միգուցե գա դրա ժամանակը: Սա ռեֆորմ է, ռեֆորմ անելու համար նախ՝ պետք է հանրային վստահություն իշխանությունների հանդեպ, և երկրորդ՝ նախապատրաստական աշխատանքներ. Ի՞նչ լրացուցիչ հոգսերի առաջ է կանգնում համայնքի բնակիչը, և ինչո՛վ է այն կոմպենսացվում»,- նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում արտահայտեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ մարդկանց դնում են լրացուցիչ ծախսերի տակ, քանի որ համայնքի կենտրոնն այդ համայնքներից որոշակի հեռավորությայն վրա է լինելու. «Ես ոչ թե ընդհանրապես եմ դեմ համայնքների խոշորացմանը, այլ պարզապես ասում եմ՝ այսօր դրա ժամանակը չէ, այսօր դա լրացուցիչ հոգս է, ինչ նպատակ է հետապնդում՝ չգիտեմ: Համայնքները միացնելով՝ չենք ավելացնում նրանց ընդհանուր բյուջեն, իսկ խնդիրները լուծելու համար գումար է պետք»:

«Համախմբում» կուսակցության անդամ Ստեփան Մարգարյանն այսօրվա ասուլիսում ասել էր, թե համայնքների խոշորացմամբ տեղական ինքնակառավարման մարմինների լծակներն են ավելանալու: Այս առնչությամբ լրագրողի հարցին ի պատասխան՝ Լյովա Խաչատրյանն ասաց. «Լծակ ավելանալն ի՞նչ է, ի՞նչ են լծելու: Լծակներն ավելանալու համար պիտի ունենաս այն, ինչ լծես, ի՞նչն է ավելանալու: Այսօր էլ համայնքապետերն անկախ են մարզպետից, օրենքով: Այսօր կոնկրետ համայնքի համայնքապետն իր համայնքի բնակիչն է, իր համայնքի հետ ազգ ու բարեկամ, քավոր ու սանիկ են, իր պապերն էդ համայնքում ապրել են, ինքը ցավում է այդ ժողովրդի համար, ինքը գոնե պրոբլեմներով զբաղվում է՝ անկախ նրանից՝ մարզպետարանն ինչ կասի, ինչ չի ասի: Բայց երբ համայնքապետ է նշանակվելու մեկը, ով մյուս գյուղերի հետ բացարձակ կապ չունի, պարտավորություն չունի, մեծ հաշվով, էդ ի՞նչ խնդիրներ է լուծելու: Խնդիրները լուծելու համար պետք է գումարներն ավելանան: Այստեղ գումարը չի ավելանում, ավելանում է ծախսը, հոգսը: Ձյունը լցվում է՝ գյուղի ճանապարհը փակում, համայնքապետը մտածում է՝ մի հատ տրակտոր ունի, էդ տրակտորը որ տարան կենտրոն, ո՞նց են հետ բերելու»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս