«Բա տրակտորները, ցորենը, գարին, կարտոֆիլը… դրանք ընդհանրապես դեր չխաղացի՞ն». Լրագրողը՝ Ստեփան Մարգարյանին
«Համայնքների խոշորացման ծրագիրը համարում եմ Հայաստանի համար շատ կարևոր ռեֆորմների շարքից: Այն, ինչ հիմա արվում է, իհարկե, այն չէ, ինչը վերջնական պետք է լիներ, բայց սա արվում է՝ մի քայլ առաջ գնալու եղած իրավիճակից: Բազմաթիվ համայքներում տեղական ինքնակառավարում չունենք: Փոքր քանակով բնակչություն ունեցող գյուղերում պարզ է, որ այդ ինստիտուտը չի աշխատի: Մենք ունենք գյուղեր, որոնց տարեկան բյուջեն մի քանի հարյուր հազար դրամ է, և համահարթեցման գծով դոտացիա են ստանում 3.5 մլն դրամ, որը հազիվ բավարարում է միայն տեղական իշխանության աշխատավարձը, ծառայություն մատուցելու համար գումար չի մնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը՝ հավելելով, որ դոտացիաներին հատկացվող գումարների չափը պետք է ավելացնել:
Նրա խոսքով՝ խոշորացումը բերում է նրան, որ ամեն համայնքի ունեցածը միավորվում է, ու համատեղ ինչ-որ հարց գուցե լուծվի դրանով: «Հայաստանում տարածքներն ընդհանրապես չեն զարգանում և պարզ չէ՝ ինչ է լինելու այդ համայնքի կամ այդ տարածաշրջանի բնակչության հետ մի քանի տարի հետո: Դրա համար անհրաժեշտ է տարածքների զարգացման իրատեսական ծրագիր: Եթե այդ ծրագրերը լինեն ու համապատասխան գումարներն էլ լինեն, նոր խոշորացումը էֆեկտ կունենա, եթե դա չլինի, այս խոշորացումը առանձնապես մեծ բան չի փոխի: Երբ ասում են՝ համայնքների խոշորացումից գյուղերի վիճակը վատանում է, դրանք դատարկվում են, դա ճիշտ չէ»,- ասաց նա:
Նա ընդգծեց՝ համայքների խոշորացման հարցը կառավարության բացառիկ լիազորությունների մեջ է մտնում. «Ես կարծում եմ՝ սրանով այս պրոցեսը պետք է դադարեցվի, առնվազն մի քանի տարի չշարունակվի, մինչև հասկանանք՝ ինչ խնդիրներ են առաջանում: Այսինքն՝ այն, ինչ արել ենք, պիլոտային ծրագրեր են, բայց կարիք ունեն լուրջ ուսումնասիրության»:
Անդրադառնալով Հարկային օրենսգրքին՝ Ս. Մարգարյանն իր դժգոհությունն արտահայտեց՝ հույս հայտնելով, որ կառավարությունը կհրաժարվի դրանից. «Իսկ եթե չհրաժարվի, առաջիկայում ընտրություններ են, թող ժողովուրդը որոշի՝ ինչ է անելու»:
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք ժողովրդի որոշմամբ են լինում ընտրությունները, որ ինքը կամ ԲՀԿ-ն, երբ խորհրդարանում այդքան մանդատ ստացավ, ժողովրդի որոշա՞ծն էր, Ստեփան Մարգարյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ի ժամանակ իրենք շատ լավ նախընտրական քարոզարշավ են անցկացրել. «Ես անցել եմ, եթե չչափազանցնեմ, Արարատյան դաշտավայրի գյուղերի ճնշող մեծամասնությունը, Արագածոտնով, ամեն օր մի քանի հանդիպում եմ ունեցել, գյուղեգյուղ ենք անցել, զրուցել ենք մարդկանց հետ, ասել, թե ով եմ ես, ինչ թիմ է հավաքվել ԲՀԿ-ում, ինչ ենք ուզում մենք: Կարծում եմ՝ դա բավական լուրջ ազդեցություն ունեցավ: Ես վստահ եմ, որ որևէ Ընտրական օրենսգիրք չի որոշում ընտրությունների արդյունքը, անհրաժեշտ է ակտիվ վիճակ ժողովրդի մոտ: Եթե հաջողվի ակտիվությունն ապահովել՝ ընտրությունները կանցնեն նորմալ: Այդ հիմքերը կան, այս ընտրությունները տարբերվելու են բոլոր մյուս ընտրություններից»:
Լրագրողը շարունակեց՝ ասում եք՝ Արագածոտնով անցա, Արարատյան դաշտավայրով անցա, լավ քարոզարշավ արեցինք՝ մանդատներ ստացանք, բա տրակտորները, ցորենը, գարին, կարտոֆիլը… դրանք ընդհանրապես դեր չխաղացի՞ն. Ստեփան Մարգարյանը այս հարցին այսպես պատասխանեց. «Գիտեք, երբ երկրում կան այնպիսի խաղի կանոններ, որ համարվում է՝ տրակտորը, գարին ու ցորենն էլ են գործոն, հետագայում դու կռվից հետո բռունցքներ ես թափահարում, կամ փորձում ես անել ինչ-որ բան, որ գոնե նվազագույն չափով հաղթահարես դիմացինի արածները: Իսկ ես ասում եմ՝ բա վարչական ռեսուրսները, բա էդ վախի մթնոլորտը, բա հանցագործ աշխարհի ներգրավումը ընտրական պրոցեսում, բա փողերը, բա չգիտեմ ինչը…»:
Դիտարկմանը՝ ինքն էլ է չէ՞ այդ ամենն արել, նա այսպես արձագանքեց. «Գուցե ինչ-որ տեղ՝ ինչ-որ մարդիկ արել են, ես այդպիսի բան չեմ արել, սկսենք դրանից: Հաջորդը՝ այդ խաղի կանոնը փոխողը ես կլինեի այն ժամանակ, երբ ընտրությունների արդյունքն այլ լիներ: Հիմա ես կարծում եմ՝ շատ լուրջ աշխատելու դեպքում հնարավոր է դրանք բացառել: Ես ԲՀԿ կուսակցության անդամ չեմ եղել երբեք, ես ցուցակով եմ մտել, միացել եմ քաղաքական համագործակցության շրջանակներում»: